«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2011-06-08 | #105, 2011-06-09 | #106, 2011-06-10


ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԵՐԻ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ ԻՏԱԼԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ

Իտալական ֆուտբոլում նոր սկանդալ է հասունանում: Պայմանավորված խաղերի կազմակերպման մեղադրանքով արդեն կալանավորվել են 16 հոգի, որոնց թվում է Իտալիայի հավաքականի եւ «Լացիոյի» նախկին հարձակվող Ջուզեպե Սինիորին: Վերջինս արդեն ցուցմունք է տվել:

Ներկայումս կասկածելի են համարվում Իտալիայի A սերիայի 4 եւ ցածր լիգաների 17 հանդիպումների արդյունքները: A սերիայի կասկածելի խաղերի թվում են «Ինտեր»-«Լեչե» (1-0), «Ֆիորենտինա»-«Ռոմա» (2-2), «Լեչե»-«Կալյարի» (3-3) եւ «Ջենոա»-«Լեչե» (4-2) հանդիպումները: Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ պայմանավորված խաղերի կազմակերպման գործում խառնված են նաեւ այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Քրիստիան Վիերին եւ Ֆրանչեսկո Տոտին, ինչպես նաեւ «Լեչեի» խաղացող Դանիել Կորվիան: Վերջիններս դեռեւս պաշտոնապես կասկածյալներ չեն համարվում, սակայն նրանց փաստաբաններն արդեն հայտարարել են, որ հարկ եղած դեպքում դատարանում կպաշտպանեն ֆուտբոլիստների արժանապատվությունը:

Ինչ վերաբերում է Սինիորիին, ապա նա հարցաքննության ժամանակ ամբողջովին ժխտել է իր մասնակցությունը պայմանավորված խաղերի կազմակերպման գործում: Խուզարկության ժամանակ Սինիորիի տանը գտել են տոտալիզատորի խաղի կանոնների վերաբերյալ մի գրքույկ: Ոստիկանությունը գաղտնալսել է բուքմեյքերներ Մասիմո Էրոդյանիի եւ Մարկո Պիրանիի հեռախոսազրույցները, որոնցից պարզվել է, որ «Ֆիորենտինա»-«Ռոմա» (2-2) խաղի հաջորդ օրը նրանք պատրաստվել են մեկնել Բոլոնիա կիսելու փողերը: Հենց Բոլոնիայում է բնակվում պայմանավորված խաղերի գործով մեղադրվողների մեծամասնությունը, մասնավորապես Սինիորին: Վերջինս մեղադրվում է այն բանում, որ իրեն ծանոթ ֆուտբոլիստներին առաջադրանք է տվել, թե ինչպիսի արդյունք պետք է ապահովել տվյալ խաղում: «Ֆիորենտինա»-«Ռոմա» հանդիպման պայմանավորված լինելու օգտին է խոսում նաեւ այն փաստը, որ Ֆրանչեսկո Տոտին իբր Կորվիային ասել է, որ այդ խաղում շատ գոլեր են խփվելու, ուստի խորհուրդ է տվել խաղադրույք կատարել:

Պայմանավորված խաղերի վերաբերյալ սկանդալային իրադարձություններն Իտալիայում եզակի չեն: Դեռեւս 1980-ին բացահայտվել էին մի շարք պայմանավորված խաղերի կազմակերպման դեպքեր, խաղադրույքներ կատարած մի քանի անձինք ձերբակալվել էին, իսկ որոշ թիմեր ու ֆուտբոլիստներ որակազրկվել էին: Իսկ 2006-ին «Ֆիորենտինան», «Միլանը», «Լացիոն» եւ «Ռեջինան» պատժվել էին մրցավարների միջոցով խաղերի արդյունքների վրա ազդելու համար: Իսկ ամենամեծ պատիժը կրել էր երկրի չեմպիոն «Յուվենտուսը», որը ոչ միայն զրկվեց չեմպիոնական տիտղոսից, այլեւ տեղափոխվեց B սերիա: Իսկ ակումբի նախկին գլխավոր տնօրեն Լուչանո Մոջիին այժմ էլ 6 տարվա բանտարկություն է սպառնում 2006-ին կատարածի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4