Բահրեյնի բռնակալների վերաբերյալ համաշխարհային հռչակ վայելող լրագրող Ռոբերտ Ֆիսքի ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը տպագրվել է անգլիական «Ինդիփենդենտ» թերթի մայիսի 14-ի համարում: Բայց նախ մի հակիրճ տեղեկանք: Բահրեյնը պետություն է Ասիայում, Պարսից ծոցի հարավ-արեւմուտքում, բահրեյնյան կղզիների վրա: Տարածությունը 588.3 քառ. կմ է, բնակչությունըՙ հիմնականում բահրեյնցիներ, ասիացիներ եւ արաբներ: Մայրաքաղաքըՙ Մանամա: Կառավարությունըՙ ավանդական միապետություն: Երկար ժամանակ արաբական խալիֆայության իշխանության, 1861-ից բրիտանական խնամակալության ներքո գտնվելուց հետո 1971-ին հռչակվում է ինքնուրույն եւ անկախ պետություն: Արաբական երկրների լիգայի եւ ՄԱԿ-ի անդամ է:
Հ. Ծ.
Նախկինում Մ. Նահանգների պետքարտուղարության աշխատակից (Արեւելյան Ասիայի հարցերով) եւ Իրաքում Ամերիկայի դեսպան Քրիստոֆեր Հիլը, որը շատ հնազանդ եւ ոչ պերճախոս ամերիկացի դիվանագետ է ընդհանուր առմամբ, գրել էր անցյալ օրը, որ «այլեւս անընդունելի է դառնում այն հասկացությունը, որ որեւէ բռնակալ իրեն իրավունք վերապահի ճնշելու իր ժողովրդին»:
Սա ճիշտ է անշուշտ, եթե խոսքը Բահրեյնի մասին չէ: Պրն Հիլը չի նշում այդ մասին, բայց այս փոքրիկ կղզում, որտեղ Խալիֆաների ընտանիքի սուննի փոքրամասնական միապետությունը իշխում է մեծ մասամբ շիա դավանանքի բնակչության վրա, ժողովրդավարական բողոքներն ավարտվում են սովորաբար մահվան դատապարտվելու, զանգվածային ձերբակալությունների, բժիշկների բանտարկության եւ սաուդյան զորքերին երկիր մուտք գործելու «հրավերի» տեսքով: Այդ մարդիկ նաեւ քանդել են շիաներին պատկանող տասնյակ մզկիթներՙ 9/11-ի իրադարձություններին մասնակից օդաչուների հաստատակամությամբ: Չմոռանանք, որ 9/11-ի այդ ոճրագործների մեծամասնությունը սաուդցիներ էին:
Իսկ ի՞նչ ենք փոխարենը ստանում մենք: Լռություն: Բացարձակ լռություն Մ. Նահանգների եւ եվրոպական զանգվածային լրատվության կողմից: Լռություն նաեւ մեր սիրելի Քամեր Քլեգի (Camer Clegg) եւ իհարկե Սպիտակ տան կողմից: Եվ, ամոթ իրենց, արաբների կողմից, որոնք շատ լավ գիտեն իրենց շահերը պաշտպանել: Խոսքը նաեւ «Ալ Ջազիրայի» լռության մասին է անշուշտ: Ես հաճախ եմ հանդես գալիս նրանց այլապես հրաշալի հաղորդումներում, արաբերենով լինեն դրանք թե անգլերենով, բայց Բահրեյնի մասին նրանց լուռ մնալը ամոթալի երեւույթ է եւ ոչ վայել այն արժանավոր դիրքին, որ նրանք զբաղեցնում են Մերձավոր Արեւելքի իրադարձությունները մեկնաբանելու ոլորտում: Քաթարի (պետության) Էմիրը, որին շատ լավ եմ ճանաչում, բոլորովին կարիք չունի այս ձեւով նսեմացնելու իր հեռուստատեսային կայսրության համբավը:
Քամեր Քլեգը լուռ է, որովհետեւ Բահրեյնը Պարսից ծոցի մեր «բարեկամներից» է, զենքի լավ գնորդ եւ հազարավոր բրիտանացի վտարանդիների «հայրենիքը»: Այդ վտարանդիները Բահրեյնի շիաների մինի հեղափոխության ժամանակ խալիֆայամետ լրատվամիջոցներին հղում էին թունդ նամակներ, որոնցում պախարակում էին արեւմտյան լրագրողներին: Ինչ վերաբերում է ցուցարարներին, հիշում եմ շիա մի կնոջ ասածն այն մասին, որ եթե արքայազնը բարեհաճեր գալ եւ խոսել նրանց հետ, ապա նրանք «իրենց ուսերի վրա կպահեին նրան»: Բայց նա այդպես էլ չեկավ բանակցելու: Փոխարենըՙ քանդեց նրանց բոլոր մզկիթները եւ հայտարարեց, որ ցույցը իրանյան դավադրության մի մասն էր, որը բոլորովին չէր համապատասխանում իրականությանը:
Օբաման, ինչ խոսք, իր պատճառներն ունի լռելու: Բահրեյնում է գտնվում Մ. Նահանգների 5-րդ նավատորմը, եւ ամերիկացիները չէին ցանկանա դուրս քշվել այդ փոքրիկ վայրից (չնայած շատ հանգիստ նրանք կարող են տեղափոխվել Արաբական Միացյալ Էմիրություններ կամ Քաթար) պաշտպանելու համար Բահրեյնը իրանական առասպելական նախահարձակումներից: Այնպես որ տիկին Քլինթոնին չեք տեսնի Ասադի ընտանիքին նախատելիս կամ Խալիֆաներին վատաբանելիս:
Բայց ինչո՞ւ: Մի՞թե մենք բոլորս պարտական ենք Պարսից ծոցի արաբներին: Նրանք հարգարժան մարդիկ են եւ կհասկանան, եթե քննադատությունը կառուցողական է եւ բարեխղճորեն կատարված: Բայց ոչ, մենք լռում ենք, նույնիսկ երբ Մեծ Բրիտանիայում Բահրեյնից ժամանած ուսանողներին զրկում են թոշակներից Լոնդոնի իրենց դեսպանատան առաջ բողոքի ցույց կազմակերպելու համար, (ամո՛թ ձեզ, Քամերուն եւ Քլեգ):
Բահրեյնը երբեք Արեւմուտքի «բարեկամ» լինելու համբավը չի վայելել: Բայց որպես այդպիսին է ներկայացվում կամ ցանկանում է, որ ներկայացվի: Ավելի քան քսան տարի առաջ որեւէ մեկը եթե բողոքեր արքայական ընտանիքի իշխանության դեմ, կդատապարտվեր կտտանքների անվտանգության մարմինների տեղամասերում, որոնց պետը նախկին բրիտանացի, «հատուկ բաժնի» ոստիկան էր: Այս վերջինիս գլխավոր «տանջողը» հորդանանյան բանակում ծառայող վատահամբավ մայոր էր: Երբ ես նրանց անունը հրապարակեցի, կառավարական «Էլ Խալիջ» թերթում հայտնվեց մի ծաղրանկար, որտեղ ինձ կատաղած շան տեսքով էին ներկայացրել: Դա անշուշտ սպառնալիք էր, քանի որ բոլորս գիտենք, որ կատաղած շներին ոչնչացնում են:
Ալ Խալիֆաների գերդաստանը խնդիրներ չունի ընդդիմադիր «Ալ Ուասատ» թերթի հետ: Ապրիլի 5-ին նրանք ձերբակալեցին դրա հիմնադիրներից մեկինՙ Քերիմ Ֆախրաուիին, որը մեկ շաբաթ անց մահացավ ոստիկանական տեղամասում: Տասը օր անց նրանք ձերբակալեցին թերթի սյունակագիրներից մեկինՙ Հեյդար Մոհամմեդ էլ Նաիմիին, որին դրանից հետո ոչ ոք չի տեսել այլեւս: Այս մասին էլ լռություն է տիրում ինչպես Քամեր Քլեգի, Օբամայի, տիկին Քլինթոնի, այնպես էլ մյուս բոլորի կողմից: Շիա մահմեդական բժիշկների ձերբակալումը եւ նրանց հանդեպ դատական գործ հարուցելըՙ իբր իրենց հիվանդների մահվան պատճառ դառնալու մեղադրանքով (իրականում «անվտանգության մարմինները» նրանց սպանել էին) առավել նողկալի է: Ես հիվանդանոցում էի, երբ այդ «հիվանդներին» բերեցին: Բժիշկների հակազդեցության մեջ նկատելի էր ե՛ւ սարսափը, ե՛ւ վախը: Նրանք երբեք չէին տեսել վերքեր, որոնք այդքան մոտիկից կատարված կրակոցներից էին առաջացել: Այժմ նրանք էլ են ձերբակալված: Եթե նման բան պատահեր Դամասկոսում, Հոմսում, Համայում կամ Հալեպում, Քամեր Քլեգի, Օբամայի եւ տիկին Քլինթոնի ձայները անընդհատ հնչած կլինեին մեր ականջներում: Բայց ոչ, հարկավոր է լռությունը պահպանել: Չորս մարդ մահվան է դատապարտված այժմ բահրեյնցի երկու ոստիկանների սպանության մեղադրանքով: Դատավարությունը փակ էր, «խոստովանությունները» եթեր արձակվեցին հեռուստատեսությամբ, խորհրդային ոճով: Ոչ մի խոսք չլսվեց Քամեր Քլեգի, Օբամայի կամ տիկին Քլինթոնի կողմից:
Թե ի՞նչ է թաքնված այս անհեթեթության հետեւում, ասեմ: Դա բոլորովին կապ չունի Բահրեյնի կամ Խալիֆաների գերդաստանի հետ: Խնդիրը Սաուդյան Արաբիան է: Մեր վախը Սաուդյան Արաբիայից, որը նշանակում է մեր կախվածությունը այդ երկրի նավթից: Մենք պետք է մոռանանք, որ 9/11-ի դեպքերը կատարվեցին հիմնականում սաուդցիների կողմից, պետք է մոռանանք, որ Սաուդյան Արաբիան պաշտպանում է թալիբներին, որ բեն Լադենն ինքը սաուդցի էր, որ իսլամի ամենավայրագ տարբերակի հայրենիքը Սաուդյան Արաբիան է, որտեղ գլուխներ եւ ձեռքեր են կտրում «հանցագործությունների» համար:
Վերջերս բահրեյնցի պաշտոնական մի անձի (շատ քաղաքավարի ու պարկեշտ մի մարդ) զրույցի ժամանակ հարցրեցի, թե ինչու բնակչության շիա մեծամասնության կողմից ընտրված մեկը չի կարող վարչապետ դառնալ: «Սաուդցիները նման բան երբեք թույլ չեն տա», ասաց նա:
Այո՛, մեր մյուս բարեկամները սաուդցիներն են:
Թարգմ. Հ.Ծ.