ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի` որպես Եվրոմիության արեւելյան գործընկեր երկրի եւ ԵՄ-ի հարաբերությունների ներկա իրավիճակը եւ հետագա զարգացման հեռանկարները:
Պարոն Լայչակը դրական է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը, Ասոցացման համաձայնագրի եւ ԽՀԱԱՏ-ի շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաեւ վիզաների դյուրացմանն ուղղված ջանքերը` վերջինիս փոքր-ինչ դանդաղ ընթացքը բացատրելով ԵՄ-ի կողմից միգրացիոն քաղաքականության հորիզոնական վերանայմամբ: Նա նաեւ նշել է, որ Եվրոպական միությունն այժմ իր գործընկերներից ակնկալում է ոչ միայն կայունություն, այլեւ առաջընթաց եւ բարեփոխումներ:
Ա րթուր Բաղդասարյանը ողջունել է արեւելյան գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացման համատեքստում Եվրոմիության որդեգրած նոր` անհատական մոտեցումը, ըստ որի մշակվում եւ իրականացվում են այնպիսի ծրագրեր եւ գործողություններ, որոնք բխում են տվյալ երկրի քաղաքական, իրավական, տնտեսական իրավիճակից, ինչպես նաեւ տվյալ երկրում այդ ծրագրերի կենսագործման քաղաքական պատրաստակամությունից:
ԱԱԽ քարտուղարը ներկայացրել է ընթացիկ բարեփոխումների չորս ուղղվածությունները` քաղաքական ոլորտ, տնտեսական ոլորտ` ԵՄ-ի խոր եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքի ստեղծում, արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտ, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի բարեփոխումներ: Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ իրականացվում է նաեւ հանրային իրազեկման լայն քարոզարշավ` բարեփոխումային գործընթացների լուսաբանման եւ տարաբնույթ ոլորտներին առնչվող քննարկումների կազմակերպման նպատակով անցկացվող սեմինարների եւ աշխատաժողովների միջոցով:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ առկա են բոլոր պայմանները, եւ ստեղծված է հետեւողական եւ հուսալի մեխանիզմՙ բարեփոխումների հետագա առաջխաղացման համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է շարունակելու եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման դժվարին, բայց միեւնույն ժամանակ հեռանկարային ուղին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի հարեւան երկրներին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր:
ԱԱԽ մամուլի ծառայություն