«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2011-06-09 | #106, 2011-06-10 | #107, 2011-06-11


ԿԱՅԱՑԱՎ ՆԿԱՐԻՉ ՎԻԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Երեկ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում մարդաշատ ու հաճելի մթնոլորտ էր: Առիթը նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումն ու բանաստեղծ, դրամատուրգ Գուրգեն Միքայելյանի հետ հանդիպումն էր: Երկու փոքրիկ ու համեստ արտաքինի տակ թաքնված անձինք, որոնց իրական մեծությունը տեսանելի է իրենց թողած արվեստի ու գրականության ժառանգության մեջ` գրավիչ ու խորը:

Արմատներով կարնեցի Վիկտոր Հովհաննիսյանը Երեւան է եկել Ջավախքից. «1966-ին տեսա Երեւանը եւ ամուր կապվեցի Հայաստանին ու Արարատին»: Խ. Աբովյանի անվան պետական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո տասնամյակներ շարունակ նա աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում` որպես նկարիչ-ձեւավորող: Ինչպես ինքն է խոստովանում, իր գործերը ստեղծելիս ներշնչվել է համաշխարհային եւ հայ մեծանուն նկարիչներով. «Իմ կտավների մեջ առաջին շերտը Սարյանն է, երկրորդը` ես»:

Միջոցառման հաղորդավարի բնորոշմամբ` խոսքի, երաժշտության եւ գույների մարդ է Վիկտոր Հովհաննիսյանը, ով ստեղծագործում է երաժշտության ներքո. «Իմ նկարներում երաժշտություն կա, որն արհեստական չէ: Երաժշտությունը, որի ուղեկցությամբ ստեղծագործում եմ, եթե որակյալ է, ինձ պահում է որակյալ մակարդակի վրա, թույլ չի տալիս կեղծ գույներ գործածել, եւ արդյունքում աշխատանքը կատարյալ է ստացվում»: Արվեստագետի գործերի մեծամասնության մեջ ներկա են կապույտ եւ կանաչ գույները, որոնք, ինչպես պարզաբանեց նկարիչը, իր համար խորհրդանշում են թարմություն, թեթեւություն եւ օդ, առանց որոնց շնչել հնարավոր չէ: Հովհաննիսյանը կտավներից ու գրաֆիկական աշխատանքներից զատ նկարել-ձեւավորել է նաեւ հայ եւ համաշխարհային հեղինակների գրքեր, որոնք տպագրվել են կամ սպասում են լույս ընծայմանը:

Ցերեկույթը «համեմված էր» Գուրգեն Միքայելյանի բանաստեղծությունների ասմունքով, Աբովյան քաղաքի էստրադային, ջազային արվեստի ստուդիայի սաների փոքրիկ երգացանկով: Բարեմաղթանքներով ու կարծիքներով հանդիսատեսի հետ կիսվեցին վաստակաշատ մտավորականներ` հեռուստալրագրող Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Հովհաննես Սարոյանը, դերասան, դրամատուրգ Դերենիկ Մարտիրոսյանը, նկարիչ Ստեփան Անդրանիկյանը, հրավիրված այլ հյուրեր:

ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4