Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Թոմաս Մելինան, երեկ ժամանեց նաեւ Գյումրի: Մինչ այդ Մելինան հանդիպումներ էր ունեցել Հայաստանի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Իսկ Գյումրիում, ինչպես տեղեկացնում է 7or.am լրատվական կայքը, պատասխանելով լրագրողների հարցերին, Մելինան, խոսելով իշխանություն-ՀԱԿ երկխոսության մասին, նշել է. «ԱՄՆ կառավարությունը միշտ քաջալերում է երկխոսությունը: Ճիշտ է` մենք ոչ մի երկխոսության մեջ առայժմ որպես միջնորդ հանդես չենք գալիս, սակայն մշտապես քաջալերում ենք իշխանություններին` երկխոսել տարբեր քաղաքական ուժերի հետ»: Այնուհետեւ, անդրադառնալով ժողովրդավարության ընդհանուր պատկերին մեր երկրում, ԱՄՆ փոխպետքարտուղարը նշել է. «Հայաստանը հնարավորություն ունի ավելի մոտ լինելու Եվրոպային եւ ԱՄՆ-ին: Այս հանգամանքը կախված է հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրական գործընթացներից: Հակառակ պարագայում (նկատի ունի ոչ թափանցիկ եւ ոչ ժողովրդավարական ընտրական գործընթացը-Հ. Ա.) ձեր երկիրը կընտրի սեփական մեկուսացումը եւ հեռու կկանգնի արեւմտյան արժեքներից: Կարծում եմ, որ այս առումով առաջիկա համապետական ընտրությունները բախտորոշ են լինելու Հայաստանի համար: Քանի որ ինչքան արժանահավատ լինեն այդ ընտրությունները, այդքան մարդիկ կցանկանան մնալ իրենց երկրում, իրենց ընտանիքների հետ: Բացի սրանից` արտաքին մեծ ներդրումներ կլինեն Հայաստանում, եւ մարդիկ ուղղակի չեն ցանկանա լքել Հայաստանը», եզրափակել է Մելինան` փոքր-ինչ «սպառնալի», փոքր-ինչ նախազգուշացնող ձեւակերպումներով:
Հ. Ա.