ԵԱՀԿ նախագահող Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ հունիսի վերջին Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպմանը հնարավոր կլինի ԼՂ հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների շուրջը հասնել համաձայնության: «Նախորդ հանդիպմանը որոշ հարցերում առաջընթաց է արձանագրվել: Հիմա հույս կա, որ առաջընթաց կգրանցվի հիմնարար սկզբունքների հավանության շուրջը»:
Դիվանագետի գնահատմամբ` ամենակարեւորը Ղարաբաղում ռազմական գործողություններից խուսափելն է: Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր` Լիտվայի ուշադրությունն ուղղված է սառեցված հակամարտությունների լուծմանը: «Սակայն խնդրի կարգավորման վերջնական լուծումը կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբից եւ հակամարտության կողմերից»:
Ապուոկասի գնահատմամբ` մեծ ուշադրություն պետք է դարձվի հատկապես հակամարտող կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը: Դեսպանն այդ ուղղությամբ զարգացումներ նկատում է, սակայն դրանք բավարար մակարդակի վրա չեն:
Հ. Հ.