Նպատակըՙ քաղաքը դարձնել տարվա բոլոր եղանակների զբոսաշրջային կենտրոն
Հայաստանի կառավարությունը մի քանի օր առաջ որոշեց զբոսաշրջային կենտրոն հայտարարել Գորիս քաղաքը: Սա տրամաբանական պետք է համարելՙ նկատի ունենալով Հայաստանի հարավային ուղղությամբ զբոսաշրջությունը զարգացնելու կառավարության մտադրությունը: Գորիսին առնչվող որոշումից հետո շատերի եւ հատկապես այդ տարածաշրջանի բնակիչների մեջ հետաքրքրություն առաջացավ, թե ինչի՞ հիման վրա է որոշվել այս քաղաքը դարձնել զբոսաշրջային կենտրոն, ի՞նչ է դա նշանակում, ինչպե՞ս է դա տեղի ունենալու եւ ի՞նչ ժամկետներում:
Գորիսըՙ իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային, ազգագրական առանձնահատկությունների ու ավանդույթների, զարգացող ենթակառուցվածքների շնորհիվ կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն: Ընդ որում, այստեղ կարող են զարգանալ զբոսաշրջության մի քանի տեսակներ:
Աշխարհագրական դիրքն ու առանձնահատուկ բնությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում էկոլոգիական եւ արկածային զբոսաշրջության զարգացման համար: Հուշարձանների մշակութային բնույթը, գեղարվեստական արժեքը, առանձին հուշարձանների եւ հուշարձանախմբերի` ժամանակակից պահանջների համար օգտագործելու հնարավորությունները, հնարավոր են դարձնում Գորիսում զարգացնել մշակութային զբոսաշրջությունը: Այս առումով նախատեսվում է քաղաքի պատմական կենտրոնում ստեղծել «Հին Գորիս» պատմամշակութային արգելոցը: Բավական է նշել միայն Գորիսի արժեքավոր հուշարձաններից հին Գորիսըՙ իր վաղ շրջանի ամրոցով, ժայռափոր բնակելի եւ հասարակական համալիրներով, «քերծերով», «Քրատակներով», եկեղեցին, դպրոցը, տպարանը, «Պասսաժի» խանութները, հյուրանոցը, լիմոնադի գործարանը, բաղնիքը, Միրումյանների, Յոլյանների ու Բադիրյանների առանձնատները:
Գորիսը, գտնվելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն ու Իրանը միմյանց կապող միջպետական ճանապարհների վրա, հնարավորություններ ունի վերածվելու նաեւ տարանցիկ եւ լեռնային զբոսաշրջային գոտու` իր բնական հանգստի գոտիներով:
Կառավարությունը ցանկանում է մինչեւ 2016 թվականը Գորիսը դարձնել տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն: Մասնավորապես քաղաքը դարձնել մշակութային զբոսաշրջության կենտրոն, համահայկական, ինչպես նաեւ միջազգային մանկապատանեկան եւ երիտասարդական ճամբարատեղի, էկոլոգիական զբոսաշրջության կենտրոն, այլընտրանքային եւ արկածային զբոսաշրջության կենտրոն:
Մշակութային զբոսաշրջության համար նախատեսվում է ընդգրկել Գորիսի մոտ գտնվող գյուղերը` Տաթեւը, Խնձորեսկը, Հալիձորը, Քարահունջը, որտեղ ավելի լավ են պահպանված Գորիսի շրջանին բնորոշ ավանդույթները, կենցաղը, բարբառը, խոհանոցը եւ այլն: Այդ գյուղերի բնակիչները կներկայացնեն այդ ամենը, կսովորեն սպասարկման, զբոսաշրջիկներին իրենց օջախներում հյուրընկալելու որոշակի մոտեցումներ, կզբաղվեն տարածքի ինքնատիպությունը ցույց տվող հուշանվերային առեւտրով:
Վերոնշյալ նպատակների իրագործման համար կառավարությունը սահմանել է Գորիս քաղաքի զարգացման գերակա խնդիրները: Առաջիկա 5 տարվա ընթացքում նախատեսվում է ձեւավորել եւ զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները տեղի առանձնահատկություններին, ավանդույթներին, պատմամշակութային ժառանգությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխան, ստեղծել հուշարձանների արգելոց, Ժայռափոր Գորիսի տարածքում տուրիստական հանգրվան, բարելավել քաղաքի տրանսպորտային համակարգն ու ճանապարհները, վերագործարկել Գորիսի օդանավակայանը, ձեւավորել մասնագիտացված թաղամասեր, փողոցներ, անցկացնել երաժշտական, գորգագործական եւ այլ մշակութային մրցութային փառատոներ, բարձրացնելով քաղաքի վարկանիշը եւ խթանելով մասնավոր ներդրումները այստեղ:
Այս ամենի արդյունքում ակնկալվում է, որ կավելանա Գորիս այցելող զբոսաշրջիկների թիվը, այստեղ կստեղծվեն նոր աշխատատեղեր, կաճեն զբոսաշրջությունից ստացվող եկամուտները:
Նպատակներն, անշուշտ, վատը չեն, իրականացման ուղիներն էլ իրատեսական են թվում: Մնում է ամենագլխավորըՙ դրանք իրականացնել, դարձնելով Գորիսը զբոսաշրջիկների համար հյուրընկալ տարվա բոլոր եղանակներին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ