«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2011-06-10 | #107, 2011-06-11 | #108, 2011-06-14


ՎԵՐՆԻՍԱԺԸ ՉԻ՛ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ, ՄԻ ՔԻՉ ԿԱՆԱՉԱՊԱՏՎԵԼ Է

Տարածքի տեսքը շարունակում է զզվանք հարուցել

Երբ երկու ամիս առաջ Երեւանի քաղաքապետն այցելեց Վերնիսաժ` ծանոթանալու տեղի խնդիրներին` սանիտարահիգիենիկ վիճակն ու այգու անմխիթար տեսքն արժանացավ նրա դժգոհությանը: Ավելին, Կարեն Կարապետյանը չթաքցրեց, որ Վերնիսաժ այցելելով զզվանքը եկել է: Որպեսզի մնացած քաղաքացիներն էլ զզվանք չզգային, քաղաքապետը հատուկ հանձնարարական տվեց եւ ժամկետ նշանակվեց, որ տարածքի վարձակալը` Հարություն Նավասարդյանը Վերնիսաժը բարեկարգի:

Կարապետյանի խոսքերով` Վերնիսաժում չպետք է լինեին «կապույտ նավեսներ», կանաչ տարածքում չպետք է առեւտուր իրականացվեր:

Հանձնարարականից մեկ շաբաթ անց, երբ քաղաքապետն այցելեց Վերնիսաժ, Հարություն Նավասարդյանը հայտարարեց, որ տարածքի բարեկարգումից տեղի վարձը` «200-300 դրամ, չի ավելանա»:

Մինչդեռ կիրակի օրըՙ մեր այցելության ժամանակ, Վերնիսաժի աշխատողներն ասացին, որ մեկ սեղանը վարձակալելու համար իրենցից այժմ պահանջում են 500 դրամ: Եթե տարածքը մեծ է, համապատասխանաբար գումարն էլ է մեծ:

Քաղաքապետի հանձնարարականը` հետեւել սանիտարահիգիենիկ վիճակին, զուգարան կառուցել եւ այլն, այդպես էլ մնացել է հանձնարարական: Տիկին Սեդան, որ հնաբնակներից է, պատմում է, որ սանիտարահիգիենիկ ոչ մի պայման ապահովված չէ:

«Գնում ենք դիմացի ֆիլհարմոնիկի շենքը կամ Ֆիրդուսի տոնավաճառն ու 50 դրամ վճարելով օգտվում զուգարանից: Դե խոստացել են, որ պետք է զուգարան կառուցեն, բայց մինչեւ հիմա ոչինչ չկա», ասում է նա:

Հանձնարարականներ տալու ժամանակ քաղաքապետը պահանջել էր, որ քաղաքի դեմքը համարվող, զբոսաշրջիկների սիրելի վայրը բարեկարգվեր եւ կանաչապատվեր: Իրականում, Վերնիսաժում էական փոփոխություններ չեն կատարվել:

Կանաչ տարածքներում առեւտուրն արգելված է, սակայն կանաչ գոտիները չեն խնամվում: Տնկվել են եղեւնիներ, որոնք չեն խնամվում: Այգու տեսքը նախկինի պես անխնամ է, միայն նստարաններ են ավելացել: Աշխատողներն էլ փաստում են, որ գարնանը ծառերը չեն էտվել, ավելին, այգին այն տեսքն ուներ, որ դժվար էր ասել, թե վերջին անգամ երբ է ոռոգվել:

Աշխատակիցները փաստում են, որ հովանոցները տեղադրվել են իրենց հաշվին: Միջին չափսերի հովանոցներն արժեն 30.000 դրամ. տարածքի վարձակալը հրաժարվել է դրանք տեղադրել իր գրպանից:

«Բա ի՞նչ արեցինք, դիմեցինք: Վարձակալն ասաց, չեք ուզում` մի եկեք: Շատերը կան, որ երազում են ձեր տեղը գան նստեն: Մենք չգիտենք, մեզ չեն ասել, էդ զոնտիկները պետք է մե՞նք դնենք, թե՞ վարձակալը», ասում է աշխատակից Կարենը:

«Սա կուլտուրական ցեղասպանություն է», կյանքից է դժգոհում մեկ այլ աշխատակից Էդգարը` հավելելով, որ առեւտուրը շատ վատ է, հաճախ պատահում է, որ գալիս ենք ու աշխատած գումարը տալիս տրանսպորտին կամ վարձակալությանը:

Արծաթագործ Տիգրանն էլ իր դժգոհությունն ունի քաղաքապետին:

«Առաջ Վերնիսաժի աշխատակիցներին իրավունք էր տրվում աշխատանքային օրերին Վերնիսաժի սկզբում` Խանջյան փողոցի մոտ, առեւտուր անել: Դե մենք էլ գալիս էինք, մի օր ստացվում էր, մի օր չէր ստացվում: Նոր քաղաքապետը եկավ ու իր օրենքները հաստատեց: Հիմա Վերնիսաժում կարելի է առեւտուր անել միայն շաբաթ-կիրակի օրերին: Ամբողջ աշխարհում ամեն ինչ անում են, որ աշխատատեղեր բացեն, մենք, պարզվում է, էնքան լավ ենք ապրում, որ աշխատատեղերը կրճատվում են», ասում է Տիգրանը:

Երբ քաղաքապետն ասաց, որ Վերնիսաժը պետք է բարեկարգվի եւ կանաչապատվի, երեւանցիները կարծեցին, որ բարեկարգում ասելով քաղաքապետարանում նկատի ունեն առաջին հերթին սալիկապատել տարածքի քարուքանդ եղած անցումներն ու ճեմուղիները եւ լուծում գտնել շատրվաններն աշխատեցնելու համար: Ցավոք, բարեկարգման մասին քաղաքացիների ու քաղաքապետարանի, մանավանդ վարձակալի պատկերացումները չեն համընկնում, որովհետեւ Վերնիսաժի տեսքն այսօր առանձնապես փոփոխություն չի կրել:

Կիսաքանդ շատրվանը, որը չի գործում եւ երեկոյան ժամերին բոմժերի ու թափառական շների ապաստարան է, հատկապես ամռան տոթ ամիսներին չափազանց կարեւոր է տարածքին զովություն պարգեւելու համար:

Եթե շատրվանները հնարավոր չէ աշխատեցնել, ապա ամենագրագետ լուծումը կլինի` քանդել եւ տարածքը կանաչապատել:

Մի՞թե քաղաքապետարանում չեն նկատել, որ Վերնիսաժի տարածքն այնքան խորդուբորդ է, որ հաճախ քաղաքացիները նախընտրում են փողոցով կամ դիմացի մայթով քայլել:

Վերնիսաժը քաղաքի հենց սրտում է` Հանրապետության հրապարակի, Ազգային պատկերասրահի եւ կառավարության շենքի հարեւանությամբ, հետեւաբար դա պետք է առավել զգաստացնի տարածքի վարձակալին բարեխղճորեն կատարելու իր աշխատանքը, իսկ քաղաքապետարանին` հետեւողական լինելու, որ տարածքը բարեկարգվի:

Առավել սարսափելի է տարածքի տեսքը երեկոյան ժամերին: Վերնիսաժը վերածվում է մութ ու ամայի մի վայրի, որը չի լուսավորվում, իսկ տարածքի հարեւանությամբ տեղակայված աղբանոցում գոյության կռիվ են տալիս տեղի բոմժերն ու թափառական շները:

Եթե այսօր էլ քաղաքապետն այցելեր Վերնիսաժ, կրկին զզվանք կզգար, ինչպես զգում են հարյուրավոր քաղաքացիներ ամեն օր:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4