Վեց ամիս առաջ Հայաստանում ներմուծվեց ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրությունը` ԱՊՊԱ-ն: Շուկա մտան մի շարք ընկերություններ` որոնցից «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն կարճ ժամանակահատվածում սկսեց առաջատար դիրքեր զբաղեցնել քաղաքացիներին վճարվող ապահովագրական հատուցումների գծով: Այսօր Հայաստանի ԱՊՊԱ-ի շուկայում «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության չափաբաժինը կազմում է ընդհանուրի շուրջ 36 տոկոսը: Ընկերության հաճախորդները մոտ 140 հազար են: Միայն ԱՊՊԱ-ի մասով ընկերության կենտրոնում աշխատում են 100-ից ավելի աշխատողներ, մոտ 730 գործակալներ` միջինը 200 հազար դրամ ամսական աշխատավարձով:
Հունիսի 11-12-ը «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար, որտեղ ներկայացվեցին անցած վեց ամիսների ընթացքում ԱՊՊԱ-ի շուկայում ընկերության իրականացրած գործողությունները: Մասնավորապես, համաձայն հայտերի կարգավորման կենտրոնի տրամադրած տվյալների, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի գործողության սկզբից ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած քաղաքացիներին «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունն արդեն վճարել է ավելի քան 1 միլիարդ դրամ: Անցած 5 ամիսների ընթացքում ընկերության շուրջօրյա կոնտակտ կենտրոնը (31-10-10 հեռախոսահամարով) սպասարկել է 21200 զանգ, որոնց միջին ամսական քանակը կազմել է 4240, եւ այս ցուցանիշը ցուցադրում է կայուն աճ: Հիշյալ ժամանակահատվածում ԱՊՊԱ-ի գծով հայտային դիմումների ընդհանուր քանակը կազմել է 3040: Ընկերության գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը զանգերի եւ դիմումների այս զգալի տարբերությունը հիմնավորում է հանգամանքով, որ մեկ դիմումատուն` կոնկրետ իր պատահարի հետ կապված կարող է իրականացնել մի քանի զանգեր, եւ ամեն զանգ չէ, որ հետագայում դիմումի հիմք է դառնում: «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության հաճախորդների մասնակցությամբ անցած հինգ ամիսների ընթացքում գրանցվել է 5000 ապահովագրական պատահար, Երեւանում տեղի ունեցած պատահարների թիվը 2,6 անգամ գերազանցում է մարզերի համանման գումարային ցուցանիշին: Սա չի կարող նշանակել, որ մարզերի վարորդները շատ ավելի քիչ են ՃՏՊ-ի մասնակից, օրինակ, չկան հստակ թվեր, թե Երեւանում տեղի ունեցած պատահարներից քանի տոկոսի մասնակիցներն են մարզերի վարորդները: Օրական տեղի ունեցող ՃՏՊ-ների առավելագույն միջին ցուցանիշն արձանագրվել է փետրվար ամսին` 37 (թերեւս պայմանավորված առատ ձյունով): Սակայն գարնանային ամիսներին այս ցուցանիշը նվազել է խիստ աննշան (32-ից 33), իսկ հունիսի առաջին կեսին նույնիսկ գրանցվել է աճ` 36:
Ինչպես վերը նշեցինք, անցած հինգ ամիսների ընթացքում «Ռոսգոսստրախ Արմենիան»-ն ՃՏՊ-ների մասնակից իր հաճախորդներից ստացել է 3040 դիմում: Սրանցից 2670-ը արդեն կարգավորված է, 351-ը գտնվում է դիտարկման փուլում, իսկ մերժվել է 19, որը ներկայացված հայտային դիմումների ընդհանուր թվի 0,7 տոկոսից պակաս է: Մերժման հիմնական պատճառներն են` միեւնույն սեփականատիրոջը պատկանող մեքենաների բախումը, միեւնույն ընտանիքի անդամներին պատկանող ավտոմեքենաների բախումը, օբյեկտին բախումը, այսինքն` երրորդ անձի բացակայությունը: Միջին վճարման հատուցումը կազմել է 200 հազար դրամ, գույքային վնասի գծով վճարված առավելագույն ապահովագրական հատուցման գումարը կազմել է 1,5 միլիոն դրամ: 58 դեպքերում հատուցումը գերազանցել է 1 միլիոն դրամը:
Այս տվյալները ներկայացնելով` «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը ընդգծեց, որ իրենք ընդհանուր առմամբ գոհ են արդյունքներից. «Շատ կարճ ժամանակահատվածում մենք Հայաստանում հասանք նման թվերի, ինչը, մեր կարծիքով, վատ չէ», ասաց Գրիգորյանը` շեշտելով, որ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների համեմատությամբ հայաստանյան ԱՊՊԱ շուկայի ցուցանիշներն ու ձեռք բերված արդյունքները բավական հատկանշական են:
Ապահովագրման վճարները չտրամադրելու, պատահարի վայր ապահովագրական ընկերության աշխատակցի ուշ տեղ հասնելու հետ կապված, ինչը հաճախ ճանապարհներին երկար խցանումների պատճառ է դառնում, Գրիգորյանը, ընդգծելով, որ «իրենք եւս բացթողումներ եւ թերացումներ ունեն», նշեց. «Հաճախորդների դժգոհությունները հիմնականում պայմանավորված են նրանով, որ դիմումատուն չի իմացել, որ իր ապահովագրությունը չի ծածկում տվյալ պատահարը»: Աշխատակիցների` դեպքի վայր ուշացած հասնելու կապակցությամբ, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի գործադիր տնօրենը նկատեց, որ դա ունի, «նաեւ սուբյեկտիվ պատճառներ», որոնք իրենք ամեն կերպ փորձում են հաղթահարել, ինչպես նաեւ օբյեկտիվ պատճառներ. «Երբեմն պատահարների վայր հասնելը դառնում է անհնարին: Եղել են դեպքեր, երբ մեր աշխատակիցը իր մեքենան կանգնեցրել է դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռու, քանի որ անհնար է եղել հասնել պատահարի վայրը: Առատ ձյան ժամանակ, երբ պատահարները բազմաթիվ են, մենք ֆիզիկապես էլ, հաշվի առնելով աշխատակիցների քանակը, ի վիճակի չենք ժամանակին հասնելու բոլոր ՃՏՊ-ների վայրերը»: Այդուհանդերձ, Գրիգորյանի խոսքերով, իրենց աշխատողները դեպքի վայր են հասնում 15-20 րոպեում:
Վերջում «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի գործադիր տնօրենը, ընդգծելով, որ «իրենք մրցակից են համարում շուկայի բոլոր մասնակիցներին», տեղեկացրեց, որ շուտով իրենց ընկերությունը կներկայացվի նաեւ Հայաստանի սահմանային մաքսակետերում:
Հ. Ա., Ծաղկաձոր-Երեւան
Հ. Գ.- Ի դեպ, Գրիգորյանի խոսքերով, նոր հաճախորդներ գրավելու համար իրենք որեւէ վարչական ռեսուրս չեն բանեցնում. «Եթե մենք վատ ապահովագրական ընկերություն լինեինք, այսքան հաճախորդներ չէինք ունենա», նկատեց Գրիգորյանը: Իսկ հայաստանյան պետական կառույցներից միայն արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաներն են, որ ապահովագրված են «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում: