Հունիսի 12-ին լրացավ Հայաստանի կառավարության ամենաերկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 60-ամյակը: Մեծ էր այցելուների թիվը Կոմիտասի անվան պանթեոն: Սիրված ընկերոջ, կուսակցի, վարչապետի շիրմին էին այցելել մեր երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատգամավորներ եւ այլք: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանը հոգեւոր դասի հետ հոգեգալստյան կարգ մատուցեց ու խնկարկեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակը:
Կեսօրին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տոնեցին ազգային, պետական գործիչ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 60-ամյակը:
Բեմի կենտրոնում էկրանից հանդիսականներին էր նայում Անդրանիկ Մարգարյանի նկարը: Իսկ հաղորդավարը ժամանակ առ ժամանակ ընթերցում էր նրա պատգամները: Ցուցադրվում էին Մարգարյանի կյանքին ու գործունեությանը նվիրված կադրեր, որոնք ընդմիջվում էին հայ երգիչների հայրենասիրական երգերի կատարումներով: Մշեցու թոռ, հայրենասեր ու ընկերասեր Անդրանիկ Մարգարյանն իր կյանքի ընթացքում մշտապես փորձել է իր նախնիների պատգամներով շարժվել ու իր երիտասարդ տարիները նվիրել է հանուն ազատ, անկախ Հայաստանի գոյության պայքարին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ