«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2011-06-10 | #107, 2011-06-11 | #108, 2011-06-14


«ՖԱՅՏՈՆ ԱԼԵՔԸ» ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ

Նրան ճանաչում էին բոլորը: Մտրակը ձեռքին ու կեպին գլխին, փայլեցրած սապոգները ոտքերին ու մեջքինՙ գոտին, դոշից Սարկիսով ժամացույցը կախ տված, կոկիկ, արեւածագից մինչեւ ուշ գիշեր իր ֆայտոնն էր քշում Ալեքը, որի ֆայտոնի երկու ձիերից մեկի ճակատին սպիտակ նշան կար, ոնց դաշտի շուշան...: Ահա այսպես է Խաչիկ Դաշտենցը ներկայացնում Ալեքին, իր «Փայտոն Ալեքը» պոեմում: Հակոբ Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետ. թատրոնը (գեղղեկ` Երվանդ Ղազանչյան) թատրոնի խաղացանկում ընդգրկել է «Փայտոն Ալեքը» պոեմի հիման վրա Ռոբերտ Քոչարյանի հեղինակությամբ եւ բեմադրության ու նկարչական ձեւավորման հեղինակ Հակոբ Ղազանչյանի 1 գործողությամբ լիրիկական կատակերգությունը, որը նվիրվում է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100-ամյակին:

Կիրակի օրը Պարոնյան թատրոնի հարկի տակ էին հավաքվել բազմաթիվ թատերասերներ Երեւանից, Գյումրիից ու նաեւ սփյուռքից: «Փայտոն Ալեքը» ներկայացման առաջնախաղից առաջ ներկաներին ողջունեց թատրոնի գեղ. ղեկ., պրոֆ. Երվանդ Ղազանչյանը ու շեշտեց, որ թատրոնը հավատարիմ մնալով իր ավանդույթներին, բեմադրել է հայ հեղինակի գործ, քաջ գիտակցելով, որ առանց հայ ժամանակակից ու դասական դրամատուրգիայի, հայ թատրոն գոյություն ունենալ չի կարող: «Այս առաջնախաղը տարբերվում է մյուսներից, քանզի թատրոն է մտնում Շիրակի մթնոլորտը, մարդու մթնոլորտը: Այս հրաշալի ներկայացումը իրականացվեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի հովանավորության շնորհիվ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս հովանավորեց մեր թատրոնի հյուրախաղերը Լեհաստանում անցկացվող շեքսպիրյան փառատոնին»: Շնորհակալություն հայտնելով ղեկավար այրերին, որոնք մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահում հայ թատրոնն ու մշակույթը, պրն Ղազանչյանն ավելացրեց. «Այսօրվա թատրոնների վրա պետք է դողալ, դրանք հենց այնպես չեն ստեղծվել, դրանք պետք է պահել ու պահպանել եւ փոխանցել սերունդներին: Ավելի լավ է երկու կուսակցություն պակաս լինի, բայց այս գործող թատրոնները պահվեն»: (Հասկանալի չէՙ կուսակցություններն ինչով են խանգարում թատրոնին.- խմբ.):

Վարագույրը բացվեց ու բեմը դարձավ մի կտոր Գյումրի իր առօրյայով, 20-րդ դարասկիզբը ներկայացնող պատկերներով, ֆայտոն Ալեքով, օրիորդ Վարսենիկով, խելառ Սարգիսով, պոլոզ Մուկուչով եւ էլի գրոտեսկային այլ կերպարներով: Կոմեդիան հիացմունք պատճառեց ներկաներին կենդանի երաժշտությանՙ Գյումրիի թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանի երգերի կենդանի կատարումներով: Ֆայտոն Ալեքի դերակատարը` ֆայտոնին հավատարիմ Սամվել Գրիգորյանը (Գյումրիից) նույնպես փայլեց իր հումորով: Իսկ ֆայտոն Ալեքի մենախոսությունը, խրոխտ պարն ու մտրակի հաճախակի զարկերը լրացնում էին նրա կերպարը, որը մտահոգ ու շատ մտազբաղ մտորում էր «Գյումրին փոխվել է, գյուղն եկել, լցվել է քաղաք, ինչքան չլուդ կաՙ դարձել է աղա, ֆայտոնը թողել, ավտո են նստում...»: Հենց այդ մտահոգությամբ էլ թախծում էՙ «ֆայտոնը մեռավ, Գյումրին կմեռնի.... ֆայտոնը շուտով մատով ցույց կտան....»:

Հետաքրքրական լուծում էր տվել բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը դարասկզբի «ժաժքի» տեսարանը նրբորեն ներկայացնելով: Ներկայացման պարերը բեմադրել էր ՀՀ վաստ. արտիստ Գագիկ Կարապետյանը, իսկ երգերի մշակումը եւ գործիքավորումըՙ Արեգ Առուստամյանը: Գյումրվա համն ու հոտը, կոլորիտը, հումորն ու գրոտեսկը հրաշալի ներկայացնում էին գյումրեցի դերակատարներ` ՀՀ վաստ. արտիստներ Զավեն Աբրահամյանը, Սամվել Բաղինյանը եւ Վանիկ Մկրտչյանը: Չփլաղ Փիլոսինՙ Վարդան Կուղյանոսյանը, հավավաճառինՙ Մովսես Նիկողոսյանը, խելառ Սարգիսինՙ Արմեն Գասպարյանը, իսկ լազաթ ֆառֆուռի դերը յուրօրինակ ու հրաշալի մատուցեց ՀՀ վաստ. արտիստուհի Ջուլիետա Ստեփանյանը: Իսկ օրիորդ Վարսենիկըՙ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանն իր խենթ ու խելառ կերպարով հմայեց:

Ներկայացումից հետո «Ազգ» -ի հետ զրույցում նշում էին Հրանտ եւ Ժանետ Մարգարյանները (Նյու-Յորք). «Դաշտենցի գործն այնքան խորքային է, որ կերպարների միջոցով, հատկապես ֆայտոն Ալեքի, մեզ է փոխանցում այդ ժամանակի գույնը եւ կոլորիտը: Այդքան հավաստի ներկայացնել երկրաշարժը, ժողովրդի փախեփախը եւ կրկին վերադարձն ու ֆայտոն Ալեքի վախճանը: Պետք է շնորհավորենք բոլորին այս պատմական արժեք ունեցող գործը բեմադրելու համար»:

Շատ գոհ էր Սամվել Բալասանյանը : «Իմ հոգին լցվեց մի կտոր Գյումրիով: Ցանկանում եմ, որ այնտեղ ֆայտոնները կրկին աշխատեն, ու ֆայտոնչիները շարունակեն մեր ավանդույթները...»:

Շուրջ 34 տարի Գյումրիի շրջկոմի քարտուղար, հարգված ու սիրված գյումրեցի տիկին Դոնարա Հարությունյանի աչքերում արցունքի կաթիլներ երեւացին: Եվ ամեն տեսարան դիտելիս իր կողքին նստած Մուրադ Մուրադյանը հետ «խորաթա» էին անում ու հիշում անցյալը, ուրախանում, որ դերասանները ճշտորեն ներկայացնում էին ու յուրովի գույներով լցնում այն օրերի իրադարձությունները: «Շնորհակալ ենք, որ այս ներկայացման միջոցով վերապրեցինք այն դառն ու դաժան ժամանակները, ասաց տկն. Դոնարան:

Եվ ինչպես այն ժամանակ, հիմա էլ Գյումրին հաղթահարեց ու մնաց իր մշակույթով ու կոլորիտով անկրկնելի: Գյումրին ինչքան էլ որ «վիրավոր» լինի, կրկին կհառնի փյունիկ թռչունի պես, եւ ոչ ոք չի կարող գյումրեցու կամքը կոտրել»: Գոհ էր բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը . «Այն ինչ ուզում էիՙ ստացվեց, բայց դեռ 10 ներկայացումից հետո, հանդիսատեսի հետ շփումից, նրա անմիջական արձագանքից ներկայացումը կդառնա լիակատար, քանզի թատրոնը կենդանի արվեստ է եւ դրանում կարեւորը հանդիսատեսի արձագանքն է»:

Այս ներկայացումը Գյումրիի համար կարեւոր խնդիր է: Առանց ֆայտոնի Գյումրին Գյումրի չէ...:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4