Ժամանակակից հայ դիվանագիտության պատմությունից
...Մինսկում ընթանում էր բարձր մակարդակի նիստ, որը պետք է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին հասցներ նախապատրաստել Համագործակցության բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների վերջնական տարբերակը:
Օրակարգի գրեթե յուրաքանչյուր կետի շուրջը (իսկ դրանք մի քանի տասնյակ էին) Ուկրաինայի պատվիրակությունը մասնակիցներին ներքաշում էր հյուծիչ բանավեճի մեջ: Նիստերի եզրափակիչ օրն էր, զգացնել էր տալիս համընդհանուր հոգնածությունը: Վերջապես, հասան օրակարգի վերջինՙ ռուսերենիՙ իբրեւ ԱՊՀ աշխատանքային լեզվի հարցին: Թվում էր, գոնե այդ կետի շուրջը տարաձայնություններ չեն լինի, եւ փաստաթղթի վերջնական տարբերակը, վերջապես, կընդունվի: Սակայն, ո՞ւր էր այդպես լիներ:
Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, այդ երկրի արտգործնախարարի տեղակալ Վլադիմիր Օգրիզկոն պահանջեց, ռուսերենի հետ մեկտեղ նշել ուկրաիներենը: Եվ հարցը նորից սկսեց քննարկվել:
Սակայն երբ պատվիրակությունների ղեկավարների ելույթների շարքում ձայն վերցրեց Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը (այժմ նա վարում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը), ԱՊՀ պալատի կամարների ներքո հնչեց... հայերեն խոսքը: Դահլիճում գտնվողները զարմացած, հայացքը սեւեռեցին հայ դիվանագետի վրա, չհասկանալով ինչ է կատարվում...
- Պետք էր տեսնել ներկաների դեմքերը,- պատմում է Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, որն այն ժամանակ գլխավորում էր հանրապետության ԱԳՆ ԱՊՀ վարչությունը: -Պատվիրակությունների ղեկավարները սկսեցին տարակուսած նայել միմյանց: ԱՊՀ գործկոմի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն նյարդայնացած միացնում-անջատում էր խոսափողի կոճակը, իսկ ուկրաինացի պատվիրակը շշմած աչքերը հառել էր Ղարիբջանյանին: Ճիշտ է, թվում էՙ հենց Օգրիզկոն առաջինը գլխի ընկավ, թե իր դեմարշով ինչ էր ուզում ասել հայ դիվանագետը
Երբ վերջիվերջո բոլորը հասկացան Հայաստանի ներկայացուցչի ծանրակշիռ փաստարկը, դահլիճում համերաշխ ծափահարություններ թնդացին: Հարցը միահամուռ ընդունվեց:
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Սանկտ Պետերբուրգ-Երեւան