(Անահիտ ԹՈՓՉՅԱՆ, «Անհետացում», վեպ, Երեւան, «Գասպրինտ» հրատ. 2010թ. 264 էջ)
Ժամանակակից գրական աշխարհի միապաղաղ ընթացքը հազվադեպ են ալեկոծում գրական բարձրարժեք երկերը, իսկ օրեր առաջ լույս տեսած Անահիտ Թոփչյանի «Անհետացում» վեպը ոչ միայն թարմ հոսանքով ներխուժեց գրական աշխարհ, այլեւ փաստեց, որ բոլոր իրավունքներն ունի կրելու արդի հայ գրականության լավագույն վեպի դափնին:
Ընթերցելուց հետո ցանկություն առաջացավ գրելու վեպի մասին, սակայն ոչ որպես գրականագիտական վերլուծություն (քանզի գրականագիտորեն մանրակրկիտ վերլուծությունները, շեշտը դնելով լեզվի, կառուցվածքի, ոճի վրա, հաճախ համարժեք կերպով չեն ներկայացնում գրական երկն այնպես, ինչպես հեղինակն է զգացել եւ ապրել):
Վեպի էջերը մի ավելորդ անգամ վկայեցին, որ հեղինակն իր գրիչը թաթախել է բոլոր ժամանակների չչորացող, չցամաքող ազնվության մելանի մեջ, եւ քանի որ ազնիվ սրտով, ազնիվ մտքով եւ ազնիվ գրչով ստեղծված երկերն են կրում հավերժի կնիքը, ապա «Անհետացում» վեպը, գրողի ստեղծագործական տաղանդին զուգահեռ, կրում է նաեւ ավելի հազվագյուտՙ բարոյական տաղանդի դրոշմը, այդ պատճառով իսկ կարծում ենք երբեք չի անհետանա հայ գրականության նվաճումների ցանկից:
Ո՞վ է հայտնի դերասանուհի Ա. Թ.-նՙ նույնացած շվեյցարացի իրավապաշտպան Դոմինիկ Տեսիեի հետ - երկու արտաքին, սակայն մի ներքին ունեցող, «ինքն իր մեջ անհետացած, ինքն իր միջից վերածնված» մի կին, իր տաղանդը ժողովրդին ծառայեցրած մի անհատականություն, որի ապրած ողբերգությունը նաեւ քո՛նն է, նրան բեմից զրկելով առաջին հերթին քե՛զ են զրկել հոգեւոր սննդից, քե՛զ են կողոպտել, արհամարհելՙ փոխարենն ամենուր հրամցնելով բեմի թերմացքը:
Վեպն ընթերցելիս ցավ ապրեցի, ափսոսանք, զայրույթ, զարմանք եւ... անափ հիացմունք. վեպի հերոսուհին բեմում, կյանքում, մարդկային փոխհարաբերությունների մեջ նույնպես հերոսուհի է. դիմակայել նախանձի, չարակամության, ժխտումի, վերջապես, ջնջումի տարերային հորձանքին. սա իսկապես Հերոսություն է մեծատառով:
Եվ հայրենիքից հեռացած դերասանուհին, որը չէր կարող «այստեղ անկոչ հյուր լինել, այն էլ նրանց խղճուկ սեղաններին...», որպես Դոմինիկ Տեսիե, «խենթ, վտանգավոր եւ արկածախնդիր» այց է կատարում հայրենիք եւ այնտեղ ցավով պարզում, որ իր ֆիզիկական անհետացումից առաջ իրեն փորձել են անհետացնել բարոյապեսՙ «նախանձի չարության եւ լկտի խաբեության» խառնուրդով:
Նա եկել էր իր հետքերը որոնելու, իր անցյալը փրկելու, սակայն գտնում է դատարկություն, անհետացում... «Ջնջել էին վաստակը, խեղաթյուրել»:
Հեղինակը նաեւ նրբին խաղ է արելՙ զուգորդելով անցյալն ու ներկան, ինչպես բեմումՙ վարագույրը վարագույրի ետեւից է բացումՙ տեսանելի դարձնելով ե՛ւ անցյալի այլանդակությունները, ե՛ւ ներկայի քաղաքական խաղերը:
Վեպի ամեն մի տողը ապրված հույզի, վիրավորանքի, ցավի խտացում է: Հեղինակն անկեղծ է իր բոլոր հոգեվիճակներում. սա ստեղծագործության ամենազորավոր հաղթաթուղթն է, եւ թերեւս սա է պատճառը, որ հերոսուհու տառապանքները ոչ թե խղճահարություն են առաջացնում, այլ հարգանք: Քանզի նա միշտ մնում է իր պատվանդանին: Վիրավորված, հիասթափված պահին էլ նա դարձյալ վեհ է, հպարտ, նա կի՛ն է բառի բոլոր իմաստներով, ինչո՞ւ ոչ, նաեւ մի փոքր կոկետ:
Դերասանուհին ինչո՞ւ հեռացավ հայրենիքից. որովհետեւ «կյանքը դարձել էր աքսոր սեփական տանը», որովհետեւ դժվար է ապրել մի քաղաքում, ուր նախանձն անբաժան ստվերի պես հետեւում է արժեքավոր մարդուն եւ ամեն վայրկյան պատրաստ է հարվածել թիկունքից, որովհետեւ. «Ոչինչ չի կարող մեղմել արվեստագետի տագնապը, երբ զրկված է ստեղծագործելու հնարավորությունից, մանավանդ երբ առաքելություն ունիՙ կոչված է Աստծո կողմից: Առավել ծանր է, երբ տեսնում ես, որ դա արվում է կանխամտածված, չարամիտ մի ծրագրով...», որովհետեւ ամենուր իշխում է «խուժանի տրամաբանությունը, որը չի կարող հանդուրժել վսեմը, գեղեցիկը: Դեռ ոչինչ, որ խուժանը հատակում է, սոսկալի էՙ երբ «բարձրանում» է եւ հնարավորություն ստանում իրենից լավի ճակատագիրը որոշել»:
Հեռացավ, որովհետեւ լինելով ազնիվ անձնավորություն, «բարձրաձայնելով համընդհանուր կարծիքը, ասես ընդգծում էր, որ ինքն է միակ համարձակը, իսկ մյուս բոլորը վախկոտ են ու երկերեսանի...», որովհետեւ անվերջանալի էին մանր ու մեծ ինտրիգներն ու ստորությունները, որոնք հաղթահարում էր իր արվեստով. «Ես նրանց հանդեպ ոչ մի քեն չունեմ եւ վաղուց ներել եմ, նրանք ավելի շատ իրենց են վնասել. նախանձն ու չարությունը խանգարել են որեւէ լուրջ բան անելու արվեստում, այնինչՙ կարող էին... Նույնիսկ շնորհակալ եմ իմ թշնամիներին, քանզի ստիպեցին ինձ անել ավելին, քան պատրաստվում էի»:
Եվ ո՞վ հասկացավ հայրենիքից հեռացող դերասանուհու այս տագնապները, ո՞վ իսկապես ընկալեց այդ ողբերգությունն իր ամբողջ խորությամբ:
«Գնացի մեղավորության մի ծանր զգացումով, ասես բժիշկ լինեի, որ անհույս հիվանդին լքում հեռանում է, մարտիկ, որ վճռական պահին լքում է դիրքերը, նավապետ, որ ալեկոծության մեջ ընկած նավը թողնում է անղեկ... Միաժամանակ փորձում էի արդարացում գտնել, որ եթե բժիշկ էի, ապա առանց դեղամիջոցների, եթե զինվորՙ ապա անզեն, եթե նավապետՙ ապա առանց նավի եւ առանց ծովի...»:
Իսկ վերադարձավ, քանի որ «Հայացքս շարունակ հայրենիքին էր, զգում էի, որ վերադարձի ժամը վաղուց է հնչել, որ չափից ավելի մնացի դրսում...»: Օդի պակասից խեղդվելով գնաց, կարոտին չդիմանալով վերադարձավ. «Հացի համար չէի գնացել: Եվ հացի համար չեմ եկել»: Վերադարձավ, քանի որ ուզում էր ճշտել իր եւ ամուսնու հարաբերությունները. «Ամեն ինչ խառնվել է, եւ՛ քեն, եւ՛ ատելություն, եւ՛ սեր, եւ՛ խղճի խայթ, եւ՛ մեղավորության զգացում... Պետք է գնալ եւ տեղում պարզել»:
Վերջապես վերադարձավ, քանի որ մայր ուներ հայրենիքում, մի ազնիվ էակ: Անհնար է առանց խորին հուզմունքի կարդալ մոր եւ Դոմինիկ-դերասանուհու հանդիպումը, որը հերոսուհուն արգելել էին, զգուշանալով, որ մոր սրտին խաբելը դժվար է, եթե չասենքՙ անհնարին:
Գրքի ամենահաջողված դրվագներից է մոր եւ կերպարանափոխված դստեր հանդիպումը, որտեղ հերոսուհին, որպես օտար կին, իր մասին մոր բերանից լսում է բաներ, հիացական խոսքեր, որոնք երբեք, խստապահանջ եւ զուսպ ծնողը չէր ասել իր աղջկան, քանզի գտնում էր, որ «տանը գովածը կորած է»:
Առհասարակ, մոր, եղբոր եւ ամուսնու հետ հերոսուհու հանդիպումներն ու զրույցները վեպի ամենախոր, ամենահուզիչ եւ դրամատիկ դրվագներն են:
Գիրքը փակեցի մեղքի գիտակցությամբ, սեփական անզորության դեմ կռիվ տալով. ինչո՞ւ եմ լռում, ինչո՞ւ է կողքինս լռում, ինչո՞ւ են բոլորը լռում չէ՞ որ սա սպանություն է, անարյուն, սառնասիրտ սպանություն, տաղանդ են սպանում, անուն են սպանում, հոգի՜ են սպանում, հույս, երջանկություն են սպանում: Լռում ենք. ոմանք չհասկանալով, ոմանք անզորությունից, ոմանք վախից, շատերն էլՙ նախանձից եւ չարակամությունից:
Գրքի շապիկին հեղինակը շնորհակալություն է հայտնում իր բարեկամներին եւ «հատկապես չարակամներին, որ ստիպեցին գրել այս վեպը»: Ես էլ եմ շնորհակալ, հատկապես չարակամներին. բեմից զրկեցին Անահիտ Թոփչյան դերասանուհուն, փոխարենը մեզ պարգեւեցին Անահիտ Թոփչյան արձակագրին: Տեղին է հիշել մեծն Վահրամ Փափազյանին. «Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում: Ես համոզված եմ, որոշՙ «սեփական թույնով սնվողներ», եթե գրելուց էլ զրկեն նրան (քավ լիցի, այս անգամ թույլ չենք տա, չասածՙ որ դա գործնականորեն անհնար է), տաղանդավոր արձակագիր-դերասանուհին ինքնարտահայտվելու մեկ այլ ելք կգտնի - բնությունն ինքն է տաղանդի պատվանդանը դրել նրա ոտքերի տա, իսկ դափնինՙ ճակատին:
«Անհետացում» վեպն Անահիտ Թոփչյանի փայլուն հաղթանակն է, արդարությա՛ն հաղթանակը:
ԳԱՅԱՆԵ ԱԹԱՆՅԱՆ