Կարճատեւ այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի կառավարության ձիերի հարցերով զբաղվող կազմակերպության ղեկավար Ժան Լենը, որին ուղեկցում է Եվրոպայում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչ Քրիստիան Զատիկյանը: Ժան Լենը հանդիպել է ձիասպորտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանին, ծանոթացել մեր հանրապետությունում մարզաձեւի դրվածքին ու զարգացման հեռանկարներին:
«Արարատ» հյուրանոցում կազմակերպված ասուլիսում Հայրապետ Հայրապետյանը տեղեկացրեց, որ ֆրանսիացի մասնագետների հետ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ֆրանսիացիները կօգնեն ավելի զարգացնելու ձիասպորտը Հայաստանում, համապատասխան կադրեր կպատրաստեն:
Քրիստիան Զատիկյանը նշեց, որ լավ ճանաչելով Ժան Լենին, ծանոթ լինելով նրա մասնագիտական կարողություններին ու հմտություններին, առաջարկել էր այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ ստեղծված պայմաններին ու հնարավորին չափով օգնել հայկական ձիասպորտին: Եվ Ժան Լենը սիրով ընդունեց առաջարկը:
Ժան Լենը նշեց, որ ցանկանում են ձիասպորտում ունեցած իրենց հսկայական փորձը փոխանցել հայերին, օգտակար լինել մարզաձեւը հանրապետությունում զարգացնելու ու նոր մակարդակի վրա դնելու հարցում: Նա զարմացած էր մնացել մեր ձիարշավարանում ստեղծված բարենպաստ պայմաններից: Միեւնույն ժամանակ ֆրանսիացին գտնում է, որ միջազգային չափանիշներին հասնելու համար հարկավոր է ավելացնել վազքուղիների թիվը, նաեւ բարելավել ձիերի խնամքի պայմանները: Ըստ Ժան Լենի, Ֆրանսիայում ձիասպորտը 70 հազար աշխատատեղ է ապահովում: Այն ե՛ւ սպորտ է, ե՛ւ ժամանցի հիանալի միջոց: Ֆրանսիան ձիասպորտի ասպարեզում համագործակցում է մի շարք երկրների հետ եւ այդ շարքում այսուհետ կլինի նաեւ Հայաստանը:
Ժան Լենը նշեց, որ համագործակցությունը ներառելու է 3 կարեւոր ուղղություններ: Առաջին հերթին պետք է բարելավել ձիերի գենետիկան, այսինքն ավելի շատ ազնվական ցեղերի ձիեր բերել Հայաստանՙ տեղում ցեղատեսակն ազնվացնելու նպատակով: Երկրորդը տեխնիկական օգնությունն էՙ մարզագույքի ձեռքբերում: Ոչ պակաս կարեւոր է նաեւ համագործակցության 3-րդ կետը, որը ենթադրում է մասնագետների վերապատրաստում եւ նոր կադրերի պատրաստում:
Ինչպես նշեց Հայրապետ Հայրապետյանը, շուտով Երեւանում կհիմնվի ձիասպորտի հատուկ դպրոց, որտեղ ֆրանսիացի մասնագետների օգնությամբ դասընթացներ կանցկացվեն, կպատրաստվեն որակյալ մասնագետներ: Ժան Լենն ու Հայրապետ Հայրապետյանը հույս հայտնեցին, որ ձիասպորտում հայ-ֆրանսիական համագործակցությունն օգտակար կլինի երկու կողմերի համար էլ ու իր դրական ազդեցությունը կունենա հանրապետությունում մարզաձեւի զարգացման գործում: