«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2011-06-10 | #107, 2011-06-11 | #108, 2011-06-14


ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Վորոնեժում մեկնարկել է շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարում հանդես են գալիս հայաստանցի 4 շախմատիստներ: Ընդ որում Զավեն Անդրեասյանը մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2640):

Մինչեւ հիմնական մրցաշարի մեկնարկը շախմատիստներն ուժերը չափեցին արագ շախմատի մրցախաղում: 11 տուրով անցկացված մրցաշարում հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Իգոր Լիսիյը, որը վաստակեց 7,5 միավոր: Նա պարգեւատրվեց 15 հազար ռուբլով: Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքի հասավ Զավեն Անդրեասյանը, որը Ալեքսեյ Ալեքսանդրովի եւ ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանի հետ վաստակեց 7 միավոր: Լրացուցիչ գործակիցներով Զավենը զբաղեցրեց 4-րդ տեղը ու ստացավ 8 հազար ռուբլի: 6,5 միավորով 5-րդ տեղը զբաղեցրեց եւ 7 հազար ռուբլի դրամական պարգեւի արժանացավ Գեւորգ Հայրապետյանը:

Լիլիթ Գալոյանը վաստակեց 6 միավոր, ինչը լավագույն արդյունքն էր կանանց շրջանում: 2-րդ ցուցանիշը ցույց տվեց Նելլի Աղինյանը, որը վաստակեց 5,5 միավոր: Մեր երկու շախմատիստուհիներն էլ արժանացան հատուկ մրցանակների:

Հայ շախմատիստները հաջող մեկնարկեցին հիմնական մրցաշարում, որտեղ հանդես են գալիս 84 շախմատիստներ: Զավեն Անդրեասյանը մրցաշարը սկսեց հաղթանակովՙ առավելության հասնելով Օլեգ Վաստրուխինի նկատմամբ: Հաղթեց նաեւ Գեւորգ Հարությունյանըՙ պարտության մատնելով Յուրի Խալիկովին: Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Միխայիլ Պանարինի եւ Գեորգի Սախվաձեի հետ:

Ռուսաստանը ներկայացնող հայազգի 3 շախմատիստներից հաղթեց միայն Արթուր Գաբրիելյանըՙ պարտության մատնելով Յուրի Գորշկովին: Էդուարդ Բարսամյանը հաշտություն կնքեց Վալերի Նեւերովի հետ, իսկ Գեւորգ Հայրապետյանը պարտվեց Ալեքսեյ Զենզերային:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4