Կազանին կարող է հաջորդել մի փուլ, երբ ԼՂՀ-ն կդառնա բանակցությունների մասնակից
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առաջին փուլը մենք կարող ենք համարել եզրափակված, երբ հնարավորություն կլինի անցնելու երկրորդ փուլին, «երբ ոչ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, այլեւ Լեռնային Ղարաբաղը իր համաձայնությունը տա հիմնարար սկզբունքներին»: Կազանում առաջին փուլի ավարտ ակնկալելու եւ հաջորդ փուլն արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ մեկնարկելու առնչությամբ հարցին երեկ այսպես է պատասխանել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տարածաշրջանային այցի շրջանակներում պաշտոնական այցելությամբ Երեւանում գտնվող Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ համատեղ ասուլիսում:
Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերին, ապա Նալբանդյանն ընդգծել է, որ նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի Լ՛Ակվիլայում եւ Մուսկոկայում հրապարակած վեց դրույթների շարքում կար նաեւ Ղարաբաղի շուրջը խաղաղապահ գործողության պահանջը: «Բայց այս հարցի վերաբերյալ մանրամասներ վերջին երեք տարիների ընթացքում չեն քննարկվել: Եթե չի քննարկվել, ապա որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:
Նալբանդյանն իր համաձայնությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի` համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարությանը, որ առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական ներգրավման բանակցային գործընթացում անհնարին է հիմնախնդրի լուծումը: «Անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ», նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Իսկ թե որ փուլում է նախատեսվում Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում, Նալբանդյանն ընդգծել է, որ երկրորդ փուլում նախատեսվում է մշակել, պատրաստել կարգավորման պայմանագիրը, ինչին միանշանակ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակից լինի: «Մեզ համար խաղաղ կարգավորման հիմնաքարը այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է իր ճակատագրի տերը»:
Ինչ վերաբերում է գալիք Կազանի հանդիպմանը, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է ԱԳՆ հաղորդագրությունը Մոսկվայում կայացած նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո, որտեղ ասվում էր, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջը, եւ եթե այդ դրական միտումը պահպանվի նաեւ Կազանում, ապա հնարավոր կլինի դրական առաջընթաց արձանագրել:
Շվեդիայի արտգործնախարարն արձագանքել է Դովիլից հետո էլ հնչող ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ հարցին, ընդգծելով այն, ինչ արդեն ամեն մի պաշտոնյա ասում է իր խոսքի սկզբում ու վերջում. «Հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Կարգավորումը փոխզիջում է պահանջում, որին պետք է հասնել խաղաղ բանակցություններով», ասել է Բիլդտը, ավելացնելով, որ պետք է իջեցնել հակամարտության գոտում տիրող լարվածությունը բոլոր հնարավոր միջոցներով:
Նալբանդյանը նույն հարցի կապակցությամբ հավելել է, որ տարբեր ադրբեջանական պաշտոնյաների կողմից խաղաղ կարգավորման վերջին շանսի մասին խոսակցությունները հարց են առաջացնում. «Ո՞վ է խանգարում ադրբեջանցիներին օգտագործել այս շանսը: Իսկ ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ կարող եմ հիշեցնել, որ դովիլյան հայտարարության մեջ հստակ կոչ է արվում պատրաստել ժողովուրդներին խաղաղությանը, հակառակը կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Սա ասվում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ»:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը , իր հերթին, հունիսի 13-ին Բաքվում ընդունելով իր շվեդ գործընկեր Կարլ Բիլդտին, համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Մոսկվայի վերջին հանդիպմանը բանակցություններում «առաջընթաց է գրանցվել որոշ չհամաձայնեցված հարցերի առնչությամբ»:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ, Մամեդյարովի ներկայացմամբ, Մոսկվայում խոր քննարկում է տեղի ունեցել: «Առավել քան երեք ժամ տեւած հանդիպմանը արծարծվել են չհամաձայնեցված հարցերը: Դրանցից որոշների առումով հաջողվեց առաջխաղացման հասնել, իսկ որոշները բաց են մնում», ասել է Մամեդյարովը:
Հունիսի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկման ընթացքում, ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերում հաջողվել է «մոտեցնել դիրքորոշումները»: Հիշյալ փաստաթղթի նախագիծը, ըստ պաշտոնական հայտարարության, կքննարկվի հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ գագաթաժողովի ժամանակ:
Ամեն դեպքում, դեռեւս առանց համաձայնության մնացած կետերի առնչությամբ, Մամեդյարովի ներկայացմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկելու դրանք Կազանում կայանալիք նախագահական հանդիպմանը: Մամեդյարովը դրական է թողել Մոսկվայի հանդիպման ավարտի մասին իր պատկերացումը. «Սպասենք Կազանում նախագահների հանդիպման արդյունքներին: Հավանական է, որ այդ հանդիպումը, ինչպես եւ նախորդը Սոչիում, մեծապես կաջակցի, որ կայունություն գա տարածաշրջան»:
Այս ամենի ֆոնին Ադրբեջանի նախագահի նստավայրից էլ հասցնում են հանրությանը, որ, իրենց սազական` Հայաստանի «ապակառուցողական կեցվածքի» կողքին, Ադրբեջանն, ամեն դեպքում, գտնում է, որ ղարաբաղյան հարցում «լուրջ առաջընթացի» ժամանակը եկել է:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Կազանում տեղի ունենալիք նախագահական մակարդակով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հանդիպումից ակնկալիքների առումով ընդհանրական է կարծես ինչ-որ փաստաթղթի ստորագրման հեռանկարը, թեեւ փաստաթղթի որպիսությունն ավելի շատ բնորոշումների, քան բնութագրումների դաշտից է:
Այդուհանդերձ, Կազանի հանդիպմանն ընդառաջ գնալով առավել ինտենսիվ ու հետաքրքրական են դառնում հայտարարություններն ու դրանց ենթատեքստերը, իսկ առավելապեսՙ այն հանգստությունը կամ առերեւույթ հանգստությունը, որով փորձում են բանակցային կողմերն ու համանախագահող երկրների բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացնել տեղի ունենալիքը: