ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
1news.az-ը, որ վերահսկում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները, «հուշագիր» է հղել Իսրայելի խորհրդարանին: Այն «անհանգստություն է հայտնում կառավարող «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարց բարձրացնելու կապակցությամբ»: Խնդիրն այն չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցն «անհանգստացած է», այլ` որ նա փորձում է հայ ժողովրդին վերագրել հրեատյացություն եւ «ապացուցում, որ հրեաների հանդեպ հայերը ցեղասպանություն են իրականացրել»: Որպես «հիմք» բերվում են 1918 թ. գարնանը բոլշեւիկյան եւ մուսավաթական ուժերի միջեւ Բաքվի նահանգում տեղի ունեցած զինված բախումները:
Թե ինչ է իրականում կատարվել այդ ընթացքում, հայտնի է պատմագիտությանը. մուսավաթական զինված խմբավորումները Բաքվում խռովություն են բարձրացրել, որը եւ ճնշել են բոլշեւիկները: Դա քաղաքացիական կարճատեւ պատերազմ էր, որի ընթացքում զոհվել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Այն հանգամանքը, որ Բաքվում բոլշեւիկյան կառավարության ղեկավար է եղել Ստեփան Շահումյանը, թույլ չի տալիս ասել, թե կատարվածի պատասխանատուն հայ ժողովուրդն է: Մանավանդ, պատմագիտական որեւէ չեզոք աղբյուր չի մատնանշել, որ քաղաքացիական բախումների հետեւանքով զոհվել են նաեւ հրեաներ:
Այդուհանդերձ, Ադրբեջանի ազգային անվտանգությունից սնվող լրատվամիջոցը հայերին է վերագրում նաեւ Օսմանյան կայսրության հրեա բնակչության «զանգվածային ջարդերը»: Մասնավորապես խոսվում է Էրզրումի հրեաների հանդեպ «հայ ավազակների գործադրած բռնությունների» մասին:
Ոգեւորությունն այնքան մեծ է, որ 1news.az-ի «մեկնաբանը հայկական հետք է տեսնում» անգամ Եվրոպայում հրեաների դեմ նացիստների կազմակերպած ցեղասպանության մեջ եւ ակնարկում, թե «հայտնի է հայկական կազմակերպությունների կապը ֆաշիստների հետ»: Որտեղի՞ց է հայտնի, ո՞վ է այդ մասին «վկայել»: Այդ մասին ոչինչ չի ասվում: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ «դեռեւս 1938թ. ՍՍ-ի ապագա գրուպենֆյուրեր եւ ֆաշիստական Գերմանիայի գեստապոյի պետ Հենրիխ Մյուլլերը գաղտնի ժամանել է Բաքու` հայկական «Դաշնակցություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամներից եւ ակտիվիստներից գործակալական ցանց ստեղծելու նպատակով: «Ինժեներ Կրաուզե» անվան տակ նա 1938թ. նոյեմբերի 17-ին ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք` «Կրուպ եւ ԿՕ» կամպանիայի մասնագետների պատվիրակության կազմում... Տեղեկություններ են պահպանվել «ինժեներ Կրաուզեի» եւ մի շարք հայ ահաբեկիչների հանդիպումների մասին, որոնց հովանավորում էր տեղական ՆԳԺԿ-ն, որը ոչ միայն վերահսկվում էր «Դաշնակցությունից», այլեւ կադրային տեսակետից գործնականում բաղկացած էր այդ կազմակերպության անդամներից...»:
Ըստ անկախ Ադրբեջանի հատուկ ծառայությունների, այսպիսով, 1938թ. ՀՅԴ-ն ոչ միայն Բաքվում գործել է, այլեւ վերահսկել «տեղական ՆԳԺԿ-ն», եւ ֆաշիստական գեստապոյի պետ Մյուլլերն էլ «ինժեներ Կրաուզե» ծածկանվան տակ «գործակալական ցանց է հավաքագրել»: Ինչպես ասում են` «եփած հավն էլ կծիծաղի»: Գուցե իրոք Մյուլլերն այցելել է Բաքու եւ գործակալական ցանց հավաքագրել, բայց թերեւս այն շրջանակներից, որ շարունակում էին գաղտնի կապեր պահել Գերմանիայի դաշնակից Թուրքիայի հետ: Իսկ Թուրքիայում էր կենտրոնացած մուսավաթական այն ամբողջ խաժամուժը, որը, 1920թ. ապրիլի 28-ին «իշխանությունը հանձնելով տեղական մուսուլմաններին», բոլշեւիկյան ղեկավարության իմացությամբ եւ աջակցությամբ բարեհաջող արտագաղթել էր:
Փաստերը համառ են: Դեռեւս 1924 թ. Ստամբուլում հրապարակվել է «Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության հիմնադիր» Մամեդ Էմին Ռասուլզադեի` Իոսիֆ Ստալինին հղած նամակը: Ահա. «Հարգելի Ստալին, իմ բարեկամներն անչափ զարմացան, իմանալով, որ հատուկ բաժնի բանտից ինձ ազատ են արձակել: Եվ ես նրանց հասկանում եմ. չէ՞ որ շատ բանվորների գնդակահարել են միայն այն բանի համար, որ նրանք մուսավաթական կուսակցության անդամ էին: Իսկ ես այդ կուսակցության առաջնորդն էի: Բայց այդ հրաշքը հնարավոր եղավ շնորհիվ Ձեզ, հատկապես Դուք եք հիշել մեր վաղեմի բարեկամությունը եւ ինձ դուրս քաշել Բաքվի բանտից: Այդ բարեկամությունն օգնել է ինձ նաեւ Մոսկվայում..., ինչի համար ես Ձեզ շատ երախտապարտ եմ»:
Ի՞նչ բարեկամության մասին է ակնարկը` գաղտնիք է: Բայց փաստ է, որ մուսավաթական կուսակցության առաջնորդին Ստալինն անձամբ է ազատել Բաքվի բանտից, իր հետ տարել Մոսկվա եւ աշխատանքի նշանակել ազգությունների կոմիսարիատում, որտեղ Ռասուլզադեն «ծառայել է» երկու տարի: 1922 թ. նա Ֆինլանդիայով «գաղտնի» գաղթել է Թուրքիա: Նամակում Ռասուլզադեն հայտարարում է, որ Ռուսաստանից փախել է, որպեսզի շարունակի իր «կյանքի գործը` պայքարը Ադրբեջանի անկախության համար»:
Ռասուլզադեի` համացանցում տեղադրված կենսագրությունից իմանում ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսելուց ի վեր նա գտնվել է եվրոպական տարբեր երկրներում: 1941-42 թթ. «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հիմնադիրը» բանակցություններ է վարել ֆաշիստական իշխանությունների հետ` վերմախտի կազմում «Ադրբեջանական լեգեոն» կազմավորելու հարցի շուրջը: Ռասուլզադեն համակարգել է Եվրոպայով մեկ տարածված «ադրբեջանական էմիգրանտական կազմակերպությունների» գործունեությունը, որն ուղղված էր Խորհրդային Միության դեմ: Հիմնականում քննարկվել է գերմանական զորքերի կողմից Կովկասը գրավելու դեպքում «անկախ ադրբեջանական պետության վերականգնման» խնդիրը:
Որեւէ կապ ունի՞ հրեաների դահիճ Մյուլլերի Բաքու կատարած այցը Ռասուլզադեի ու ֆաշիստական կառավարության միջեւ բանակցությունների հետ: Հարցի պատասխանը թերեւս հնարավոր է գտնել ադրբեջանական հատուկ ծառայությունների պահոցներում: Ակնհայտ է, սակայն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ֆաշիստական Գերմանիան ԽՍՀՄ դեմ գործակալական հզոր ցանց էր ստեղծել հատկապես Թուրքիայում, որտեղ, ինչպես ասացինք, արմատավորվել էր «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության» ողջ վերնախավը` Ռասուլզադեի գլխավորությամբ: Եվ եթե ֆաշիստական Գերմանիայից բացի որեւէ մեկը պատասխանատու է հրեաների ողջակիզման համար, ապա դա կարող է լինել միայն Թուրքիան, եւ այն մարդիկ, որ այդ երկրի հովանու ներքո երազում էին իրականացնել «մեկ-երկու` մերն է ողջ Կովկասը» մուսավաթական երգով արտահայտված իրենց երազանքը: