«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2011-06-11 | #108, 2011-06-14 | #109, 2011-06-15


ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

Վերջին օրերին մամուլում շրջանառվում են լուրեր, թե մշակույթի նախարարի կողմից ուղարկվել են ծանուցագրեր, որ Ազգային եւ Երաժշտագիտական գրադարանների տնօրենների պաշտոնավարման ժամկետը լրանում է եւ նրանց հետ նոր աշխատանքային պայմանագրեր չեն կնքվելու:

«Ազգը» փորձեց որոշ ճշտումներ ստանալ նախարար Հասմիկ Պողոսյանից, սակայն վերջինիս խիստ զբաղված գրաֆիկն այդ հնարավորությունը չտվեց: Փոխարենը որոշ պարզաբանումներ «Ազգին» տրամադրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Դուրգարյանն ու տարբեր վարչությունների աշխատակիցները: Ինչ վերաբերում է նախարարության համակարգից օտարված տարածքներին, ինչի մասին մամուլում նույնպես պնդումներ կային, տկն. Դուրգարյանը հստակեցրեց. «Վերջին 7-8 տարիների ընթացքում մշակույթի նախարարության հաշվեկշռում եղած որեւէ տարածք չի օտարվել: Դեռ ավելին, այժմ դատական կարգով նախարարությունը փորձում է հետ վերցնել ոմանց թեթեւ ձեռքով ստորագրված, վարձակալության տրված (Ազգային գրադարանի մասին է խոսքը.- Մ.Մ.) տարածքները: Այս տարիներին հետ է վերցվել նախարարությանը պատկանող ֆիլհարմոնիկի փոքր դահլիճը, եւ կրկին դատական ընթացքում է գտնվում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հարող սեփականաշնորհված տարածքը մշակույթի նախարարությանը վերադարձնելու հարցը»:

Ինչ վերաբերում է Երաժշտագիտական գրադարանին, այն գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում, եւ նախարարությունը օտարելու մասին որեւէ որոշում իրավասու չէ կայացնել, դեռ ավելինՙ նման բան գոյություն չունի»: Իսկ տնօրենների հետ նոր պայմանագրեր չկնքելը, նախարարությունից պարզեցինք, կապված է նրանց աշխատանքային պայմանագրերի ժամկետի ավարտվելու հետ, եւ նախարարությունը որպես լիազոր մարմինՙ ունի իրավունք որոշումներ կայացնելու նպատակահարմարության վերաբերյալ: Այն տնօրենները, ովքեր չեն իրականացրել նախարարության կողմից առաջադրված խնդիրները, նրանց հետ նոր աշխատանքային պայմանագրեր չեն կնքվում:

«Ազգին» տրամադրված մի փաստաթղթում, որում նշված էր, թե Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը 2007-ին, 2008-ին (խիստ), 2009-ին եւ 2010-ին նկատողություններ է ստացել «Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ծառայողական լիազորությունները գերազանցելու համար...»:

Մի քանի տարի առաջ, եթե հետահայաց նայենք, թե երաժշտական, թե պարային եւ թե թատերական բնագավառներում ու թանգարաններում եղան փոփոխություններ, սերնդափոխություն, եւ այդ բնագավառները սկսեցին նորովի ներկայանալ: Դրանցից միայն Սունդուկյան թատրոնի գեղղեկի հարցը չի լուծվել, սակայն պատճառը հարմար թեկնածուի բացակայությունն է: Հուսանք, որ շուտով այդ հարցն էլ կլուծվի: Իսկ թանգարանների պահոցներում գտնվող արժեքավոր փաստաթղթերից միայն 3 տոկոսն է այժմ ցուցադրվում, այն էլՙ խղճուկ ու հնաոճ ձեւի: Արդեն պետական միջոցներով վերանորոգվում են 10 մարզային եւ Երեւանի 2 գրադարանները, որոնք տարիներ շարունակ մատնվել էին անուշադրության:

Հաշվի առնելով, որ հաջորդ տարի տոնելու ենք հայ գրատպության 500-ամյակը, եւ նաեւ Երեւանը հայտարարվել է գրքի համաշխարհային տարվա քաղաք, այսօր մշակույթի նախարարության առջեւ դրված են նոր մարտահրավերներ, եւ պետք է կարողանան կատարել բոլոր այն առաջադրանքները, որոնք ուղղված են այդ հոբելյաններին, ինչի համար թարմացումներն ու սերնդափոխությունն անհրաժեշտ ու կարեւոր դեր կխաղան, որոնք ուղղված են ընդհանուր նպատակներին: Այս օրերին էլ ճշտվում ու թարմացվում է նախարարության ենթակայության բոլոր տարածքների անձնագրային ցանկը, որն անհասկանալի պատճառով դուրս էր մնացել թանգարանների ցանկից եւ չի վերանորոգվել:

Մի խոսքովՙ այն տնօրենները, ովքեր ուզում են մնալ պաշտոնին ու աշխատել, պետք է փոխեն աշխատաոճը եւ նոր ծրագրերով ներկայանան, պնդում են նախարարության աշխատակիցները...

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4