«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2011-06-11 | #108, 2011-06-14 | #109, 2011-06-15


ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ, ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ, ՈՐՈՇ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ

Վերջերս Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ հանձնարարվեց լուրջ փոփոխություններ իրականացնել Վերնիսաժի տարածքում: Այդ որոշման հիմքը հանդիսացան քաղաքապետի շրջայցը եւ տեղում տրված հանձնարարականները: Անցել է մեկ ամիս եւ արդեն նկատելի են որոշ փոփոխություններ: «Ազգ» -ը երեկ անդրադարձել էր խնդրին եւ հաստատել, որ բարեփոխումներն անբավարար են դեռեւս:

Մեր թերթը երեկ զրուցեց «Վերնիսաժ» ՍՊԸ տոնավաճառի հիմնադիր Հարություն Նավասարդյանի հետ եւ փորձեց ճշտել, թե ինչ աշխատանքներ են կատարվել քաղաքապետի հանձնարարականից հետո: Պրն Նավասարդյանը տեղեկացրեց, որ առաջնահերթության կարգով փոխվել է 5840 քմ տարածքի հատակը, որոշ տեղերում ասֆալտապատվել է, մի մասում էլՙ բետոնապատվել: Վերացվել են նախկին մոմլաթե կապույտ ծածկերը եւ փոխարենը տեղադրվել միատեսակ, գեղեցիկ ծածկեր ու 120 անձրեւանոցներ, որոնք անձրեւից ու արեւից պաշտպանում են Վերնիսաժի առեւտրային տարածքը 90 տոկոսով:

«Այդ բոլոր աշխատանքները կատարել է «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-ն, պատվիրելով «MT Meincom»-ին, աշխատանքների դիմաց վճարելով 18 մլն դրամ: Տեղադրվել են նաեւ երկու ժամանակակից սանհանգույց, ընթացքի մեջ է նաեւ 8 նոր սանհանգույցների կառուցման համար թույլտվության որոշման հարցը, որն այժմ գտնվում է քաղաքապետարանի ճարտարապետական վարչությունում»:

Ինչպես տեղեկացրեց պրն Նավասարդյանը, «Հանրապետություն» մետրոյի կայարանը սնուցող ջրագծից մինչեւ Վերնիսաժ անցկացվել են ոռոգման խողովակներ, սակայն այդքանով հնարավոր չէ ոռոգել ամբողջ տարածքը, ուստի դիմել են քաղաքապետարանՙ մեկ այլ ջրագծից օգտվելու խնդրանքով հատուկ թույլտվություն ստանալու համար:

Առավոտյան ընկերության 10 աշխատակիցները խնամքով ջրում են 200 «տուաները», վարդի թփերը, կանաչ տարածքն ու ծառերը: Մինչ այդ, գարնան սկզբին քաղաքապետարանի դենդերոլոգների խորհրդով ու մասնակցությամբ էտվել են տարածքի 120 դեկորատիվ ծառերը: Այդ բոլորից զատ, պրն Նավասարդյանը տեղեկացրեց, որ հաճախ իրեն են դիմում 150-200 քաղաքացիներ ու խնդրում հնարավորություն ստեղծել Վերնիսաժում ամենօրյա առեւտուր իրականացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է տարածքի 4 շատրվաններին, տնօրենը տեղեկացրեց, որ արդեն փոփոխություններ են մտցվել դրանց նախագծերում եւ շատրվանների շահագործումը մտցվել է 2012-ի ծրագրում:

Ինչ վերաբերում է «Ազգում» նախորդ օրը, հունիսի 14-ին տպագրված «Վերնիսաժը չի բարեկարգվել, մի քիչ կանաչապատվել է» հոդվածին, պրն Նավասարդյանն ասաց. «Հոդվածում նշված որոշ փաստեր չեն համապատասխանում իրականությանը, եւ անգամ այն երկու լուսանկարները, որ զետեղվել են, չեն մտնում Վերնիսաժի տարածքի մեջ, այլ գտնվում են Կառավարության թիվ 3 շենքի դիմաց: Նշեմ նաեւ, որ Վերնիսաժի ե՛ւ աղբահանությունը, ե՛ւ լուսավորությունը իրականացնում են համայնքի համապատասխան կառույցները, այլ ոչ թե ընկերությունը: Իսկ վարձավճարները դեռ տարիներ առաջ սահմանվել են 500-1000 դրամՙ ընկերության կողմից»:

«Ազգը» խոստանում է տեսադաշտում պահել Վերնիսաժի տարածքը ոչ միայն զբոսաշրջիկների համար նրա ունեցած նշանակության, այլեւ այնտեղ իրենց ձեռքի շնորհն ու տաղանդը ցուցադրող վարպետների շահերից ելնելով:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4