Կազանում Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումից Հայ հեղափոխական դաշնակցությունը ակնկալում է միայն դրական եզրակացություն:
«Կողմերը կասեն, որ լավ է, բայց լուրջ առաջընթաց չի լինի», համոզված է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը :
«Հանդիպմանը դրական եզրակացությամբ հայտարարությունը 2 կողմի համար էլ հաջողություն կլինի: Եթե հայտարարեն, որ բանակցությունները տապալվել են, ապա ռազմական ընդհարումների վերսկսումը կողմերի համար վատ կլինի»:
Ներկայացնելով Արցախի հասարակական կարծիքը, որ հակադրվում է ներկայիս քաղաքական զարգացումներին, Մանոյանը քաղաքական գործիչներին ու դիվանագետներին հիշեցրեց, որ ընդունված որոշումները առաջին հերթին պետք է ընդունելի լինեն Արցախի համար: Ինչ վերաբերում է Արցախի «միջանկյալ կարգավիճակ» ստանալուն, ապա դա ավելի ցածր է, քան Արցախի ներկայիս կարգավիճակը:
Անդրադառնալով Թուրքիայում խորհրդարանական ընտրություններինՙ Մանոյանն ասաց, որ դրանք որեւէ փոփոխություն չեն մտցնի հայ-թուրքական հաշտեցման գործընթացում:
«Ընտրությունների ժամանակ շահող կուսակցությունն ասաց, որ ոչինչ չի փոխվի: Այսինքն` մինչեւ Ղարաբաղի հարցը, իրենց ասելով, չկարգավորվի, հայ-թուրքական հարաբերություններ չեն ստեղծվի»:
Դաշնակցական գործիչը ուշադրություն հրավիրեց Թուրքիայում ընտրությունների ընթացքին եւ հատկապես այն փաստին, որ քվեարկությանը մասնակցել է 50 միլիոն մարդ:
«6-7 ժամ անց արդյունքները հրապարակվել էին եւ չէին վիճարկվում քաղաքական ուժերի կողմից: Սա իրենց համար դրական կետ է, մեզ համար` ուսանելի»:
Հ. Հ.