«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2011-06-11 | #108, 2011-06-14 | #109, 2011-06-15


ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ 2 ՈՐՄՆԱՆԿԱՐ ԲԵՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆ

Անցյալ շաբաթ նշանավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի 2 որմնանկար Գյումրիից տեղափոխվել է Երեւան, որտեղ վերականգնումից հետո «Թել են մանում» ու «Երկանք» որմնանկարները տեղադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանում:

Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնման ու տեղափոխման աշխատանքներից երեկ խոսեցին «Հենարան» ակումբի բանախոսները: Անդրադառնալով գյումրեցիների դժգոհություններին, թե ինչու են նկարները դուրս հանվում Գյումրիից` մշակույթի նախարարության ներկայացուցիչը` Սոնա Հարությունյանը նշեց. «Դժգոհողները ոչ թե գյումրեցիներն են, այլ մի խումբ մարդիկ, որոնք կառավարության որոշումը կատարելուն ուզում են խանգարել»: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն էլ ասաց, որ իրենց հիմնադրամի ու կառավարության միջեւ կա պայմանագիր, որի համաձայն` վերականգման աշխատանքները պետք է կատարվեն կոնկրետ ժամանակում. «Իսկ եթե գյումրեցիներն ուզում էին պահել դրանք Գյումրիում, ապա ավելի վաղ պետք է հետամուտ լինեին»:

Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ որմնանկարների տեղափոխման առնչությամբ դժգոհություն հայտնողների հետ մշակույթի նախարարը 2 անգամ հանդիպել ու խոսել է. «Եթե նրանց կողմից մենք ստանայինք որեւէ կառուցողական առաջարկ, կընդառաջեինք: 2 օր սպասելուց հետո նախարարությունը նման առաջարկ չստացավ»: Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի ու ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը հավելեց, որ գյումրեցիների առաջարկին ավելի երկար սպասել չէին կարող, քանի որ վերականգման աշխատանքներով զբաղվող իտալացի մասնագետը պետք է գար Հայաստան. «Իսկ վերջինս գալիս է այստեղ ոչ թե ժամանակ անցկացնելու, այլ ժամանակացույցով աշխատելու համար»: Ինչեւէ, ամսի 10-ին որմնանկարներն արդեն բերվել են մայրաքաղաք: «Թել են մանում» ու «Երկանք» որմնանկարների վերականգման ծախսերը հոգում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Թեեւ որմնանկարները տեղադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն չեն լինելու գործարարի սեփականությունը: Սոնա Հարությունյանը հավաստիացնում է, որ Էդուարդո Էռնեկյանը, վճարելով որմնանկարների վերականգնման համար, որեւէ շահույթ չի հետապնդում. «Նա պարզապես բարեգործություն է անում, որմնանկարները որեւէ մեկի սեփականությունը չեն: Էռնեկյանը որմնանկարները գնել չի կարող, քանի որ դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են»:

Կրկին անդրադառնալով որմնանկարները Գյումրիից մայրաքաղաք տեղափոխելու հետ կապված դժգոհություններին` Արման Ավետիսյանն ի պատասխան դժգոհողների նշեց. «Գյումրիում որմնանկարների մոտ կարելի՞ էր պահակ կանգնեցնել, կարելի՞ էր տանիքով ծածկել ու խուլիգանական բաներ չփորել նկարների վրա: Ինչու՞ են քացով խփել, ջարդել որմնանկարը»:

Ինչպես նշեց ներկա լրագրողներից մեկը, բանախոսները Գյումրիի մասին այնպես էին խոսում, կարծես ուրիշ հանրապետությունից լինեին: Ու տպավորությունն այնպիսին էր, թե այնտեղ բնակվողները հայեր չեն կամ եթե որմնանկարները տեղակայված լինեին Երեւանի որեւէ բացօթյա տեղում, ապա տեղի բնակիչներն ավելի հոգատար կլինեին: Հուշարձանների վրա գրելն ու փորելը ողջ հանրապետության տարածքում` այդ թվում եւ մայրաքաղաքում սովորական «երեւույթ» է: Երեւանի բացօթյա տարածքում տեղադրված որմնանկարները, միեւնույնն է կարժանանային նույն վերաբերմունքին, ինչին այսօր արժանանում են մայրաքաղաքի արձանները, խճանկարներն ու պարզապես բնակելի շենքերը, որոնց վրա խզբզելու ու փորելու հարմար առիթը մեր չափահաս քաղաքացիներից շատերը բաց չեն թողնում: Ամեն շենքի ու արձանի մոտ, անշուշտ, նախարարությունը պահակ կանգնեցնել չի կարող: Մնում է հուսալ, որ մեր քաղաքացիներն, ի վերջո, կփոխեն իրենց վերաբերմունքն ու ավելի շնորհքով կդառնան: Իսկ լրագրողներից մեկի դիտարկմանը` արդյոք հնարավոր չէ՞ր հենց Գյումրիում վերականգնել ու պահպանել Մինաս Ավետիսյանի որմնանկարները, մանավանդ որ այսօր անընդհատ խոսվում է մարզերի համաչափ զարգացումից եւ ամեն ինչ մայրաքաղաքում չկենտրոնացնելուց, Սոնա Հարությունյանը պատասխանեց, որ Գյումրիում հիմա էլ որմնանկարներ կան, որոնք ոչ միայն Մինաս Ավետիսյանի, այլեւ ուրիշ նկարիչների վրձնած գործերն են. «Գյումրին դրա՛նք կարող է վերականգնել»: Հետաքրքրական է, իսկ Գյումրին ինչպե՞ս է վերականգնելու դրանք, թե՞ Գյումրին առանձին մշակույթի նախարարություն ունի, որը զբաղվում է քաղաքի մշակութային կյանքով: Անդրադառնալով այս հարցին` նախարարության ներկայացուցիչը նախ նշեց, որ նախարարը մի քանի անգամ հանդիպել է Շիրակի մարզի նախկին մարզպետ Նանյանի հետ ու խոսել որմնանկարների վատթար վիճակից, ապա Ս. Հարությունյանը տեղեկացրեց, որ «Կիլիկիա» գարեջրի գործարանի ղեկավարությունը ցանկություն է հայտնել վերականգնելու Մինաս Ավետիսյանի «Գորգ են գործում» որմնանկարը, որը վերականգնումից հետո մնալու է Գյումրիում: Իսկ «Երկանք» ու «Թել են մանում» որմնանկարները վերականգնման բոլոր փուլերի ավարտից հետո, հավանաբար, մինչեւ օգոստոս ամսվա սկիզբը կտեղադրվեն «Զվարթնոց» օդանավակայանում: Չնայած իրարամերժ կարծիքներին ու խոսակցություններին, այնուամենայնիվ կարեւորը վերջնական արդյունքն ու նպատակն են` այն, որ ի վերջո կվերականգնվեն ու հանրությանը կցուցադրվեն մշակութային արժեքները: Օդանավակայանն հանրային այնպիսի վայր է, որտեղ մշտապես մարդկային հոսք կա, բացի դրանից` արտասահմանցիները եւս կհաղորդակցվեն մեր ազգային մշակույթին հենց օդանավակայանից: Սոնա Հարությունյանի փոխանցմամբ` «Զվարթնոցը» տարածաշրջանում կլինի միակ օդանավակայանը, որը կունենա բնական որմնանկարներ:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4