«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2011-06-11 | #108, 2011-06-14 | #109, 2011-06-15


ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ՄԻԿԱՆ»

ՀՀ գավաթի եւ եվրոգավաթի ուղեգրի նվաճումն էլ Շահգելդյանին չփրկեց պաշտոնանկությունից

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերում մարզչական 2-րդ պաշտոնանկությունը գրանցվեց: Ստեւիցա Կուզմանոսկուց հետո, որը հեռացել էր «Բանանցից», իր պաշտոնից զրկվեց նաեւ «Միկայի» երիտասարդ գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը: Վերջին 3 հանդիպումներում թիմի ցույց տված ցածր արդյունքի (ընդամենը 1 միավոր) համար «Միկայի» ղեկավարությունը թիմի հովանավոր Միքայել Բաղդասարովի գլխավորությամբ որոշեց հրաժարվել Արմեն Շահգելդյանի ծառայություններից: Մինչեւ մրցաշրջանի ավարտը «Միկան» կգլխավորի հայկական ֆուտբոլի անվանի վետերան Էդուարդ Մարգարովը, որն աշխատում էր ակումբում որպես մարզական տնօրեն: Քանի որ Մարգարովը ՈՒԵՖԱ-ի գործող կարգով մարզչական արտոնագիր չունի, ապա պաշտոնապես գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Մամիկոն Ղարիբջանյանը, որին կօգնեն Հակոբ Մկրյանն ու Տիգրան Ասլանյանը: Նշենք, որ Ղարիբջանյանը «Միկայի» մանկապատանեկան ֆուտբոլի ծրագրի ղեկավարն ու մարզադպրոցի փոխտնօրենն է:

Եվ այսպես, հերթական անգամ առաջնության ընթացքում «Միկայի» գլխավոր մարզիչը պաշտոնանկ արվեց: Ակումբի ղեկավարությունը շատ խիստ է մարզիչների հանդեպ ու չի ներում սխալները: Շահգելդյանի հարցում նույնիսկ հաշվի չառնվեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ նրա գլխավորությամբ «Միկան» 6-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթն ու եվրոգավաթների մասնակցության իրավունք ստացավ:

Փաստորեն 37-ամյա Շահգելդյանը մեկ տարի էլ չաշխատեց «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նա թիմի ղեկը ստանձնել էր նախորդ առաջնության 15-րդ տուրից հետոՙ փոխարինելով Արմեն Ադամյանին, նորամուտը նշելով օգոստոսի 5-ին «Փյունիկի» հետ խաղում (0-2): Շահգելդյանի գլխավորությամբ «Միկան» ՀՀ առաջնություններում անցկացրած 25 հանդիպումներից 12-ում հաղթել է, 3-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 10 պարտություն: «Միկայի» ֆուտբոլիստները խփել են 38 գնդակ, բաց են թողել 28-ը:

Ինչ վերաբերում է Էդուարդ Մարգարովին, ապա վերջինս արդեն 3-րդ անգամ է ստանձնում «Միկայի» ղեկը: 2000-ին, երբ հիմնադրվեց «Միկան», հենց Մարգարովին վստահվեց թիմի ղեկը: Եվ փորձառու մարզիչը 2 տարի շարունակ «Միկայի» հետ Հայաստանի գավաթով պատվո շրջան կատարեց: Ճիշտ է, 2001-ի առաջնության 7-ից տուրից հետո նա իր տեղը զիջեց Սամվել Պետրոսյանինՙ ստանձնելով ակումբի փոխնախագահի պաշտոնը: Երկրորդ անգամ Մարգարովը թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2002-ին, սակայն ընդամենը 2 խաղում: Այդ տարի «Միկայում» 5 անգամ փոխվեց գլխավոր մարզիչը: Մրցաշրջանը սկսեց Ռուսաստանից հրավիրված Վալերի Գլադիլինը, որը փոխարինել էր Սամվել Պետրոսյանին: Սակայն արդեն մայիսին նա պաշտոնանկ արվեցՙ տեղը զիջելով Էդուարդ Մարգարովին: Այնուհետեւ թիմի ղեկը հաջորդաբար ստանձնեցին Արամայիս Տոնոյանը, Վաղարշակ Ասլանյանն ու Սուրեն Բարսեղյանը:

Հետագա տարիներին էլ «Միկայում» մարզչական փոփոխությունները շարունակվեցին: Թիմում աշխատեցին Արմեն Ադամյանը, Արկադի Անդրեասյանը, Իշտվան Սեկեչը, Իվո Շուշակը, Սամվել Դարբինյանը, Բաբկեն Մելիքյանն ու Արմեն Շահգելդյանը: Նշենք, որ այդ ընթացքում 2-րդ անգամ «Միկայում» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրին Սուրեն Բարսեղյանն ու Արմեն Ադամյանը:

Այսպիսով, ընդհանուր առմամբ բարձրագույն խմբում հանդես գալու 12 տարվա ընթացքում «Միկայում» 16 անգամ մարզչական փոփոխություն է տեղի ունեցել, թիմը գլխավորել են 13 մարզիչներ: Բացառված չէ, որ մինչեւ առաջնության ավարտը «Միկայում» հայտնվի 14-րդ մարզիչը կամ թիմի ղեկը կրկին վստահվի նախկինում ակումբում աշխատած որեւէ մասնագետի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4