Ինչպես խոստացել էր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, թիմի առաջատար երկու ֆուտբոլիստներՙ Գեւորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին փորձաշրջանի են մեկնել Դոնեցկի «Մետալուրգ», որն այս օրերին Ուկրաինայի նոր առաջնությանը նախապատրաստվում է Ավստրիայում: «Մետալուրգն» ուսումնամարզական հավաքի ընթացքում ստուգողական մի քանի հանդիպում է անցկացնելու, որոնց մասնակցությունն էլ թույլ կտա ակումբի ղեկավարներին կողմնորոշվելու «Փյունիկի» ֆուտբոլիստների հարցում: Երեկ ուշ երեկոյան «Մետալուրգը» պետք է մրցեր «Նեոսիդլի» հետ:
Վերջին տարիներին գործնական լավ հարաբերություններ են ստեղծվել Դոնեցկի «Մետալուրգի» եւ հայկական ակումբներից «Բանանցի» ու «Փյունիկի» միջեւ: Դրանում իր ներդրումն ունի «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանի կրտսեր եղբայրըՙ Վարդան Իսրայելյանը, որը ժամանակին հանդես է եկել «Բանանցում», իսկ ներկայումս «Մետալուրգի» մարզական տնօրենն է: «Մետալուրգի» հովանավորը փաստորեն հովանավորում է նաեւ «Բանանցը», ուստի պատահական չեն երկու ակումբների միջեւ ֆուտբոլիստների փոխանակման դեպքերը:
Հիշեցնենք, որ տարբեր տարիներին «Մետալուրգում» հանդես են եկել Արա եւ Արամ Հակոբյանները, Եղիշե Մելիքյանը, Սամվել Մելքոնյանը, Արարատ Առաքելյանը, Արտակ Դաշյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Այս տարի էլ «Փյունիկից» «Մետալուրգ» տեղափոխվեց Կառլեն Մկրտչյանը: