«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2011-06-21 | #114, 2011-06-22 | #115, 2011-06-23


ՆԱՄԱԿ-ԲՈՂՈՔ ԸՆԴԴԵՄ «ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍԻ» ԿՈՂՄՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ

Ի նշան բողոքի «Նյու Յորք թայմս» թերթի մայիսի 31-ի համարում տպագրված լրագրող Էլեն Բարրիի «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սառեցված հակամարտությունը սկսում է եռալ» հոդվածի (տե՛ս «Ազգ»-ի հունիսի 8-ի համարը), «Նյու Յորք թայմսի» խմբագրին են հասցեագրվել նամակներ, որոնցից մեկըՙ գրված ճանաչված մտավորական եւ Ամերիկայի Հայ իրավունքների խորհրդի նախագահ Երվանդ Ազատյանի կողմից, թարգմանաբար («Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից) ներկայացնում ենք ստորեւ:

«Նյու Յորք թայմսը» հավաստի լրագրության ասպարեզում սովորաբար օրինակելի պարբերական է, եւ այդ հատկությունը նախատեսում է, որ թերթը պահպանի մշտապես իր հեղինակության եւ անաչառ լրագրության չափանիշները:

Ձեր մայիսի 31-ի համարում տպագրված Էլեն Բարրիի հոդվածը արջի ծառայություն է մատուցում ինչպես ձեր ընթերցողներին, այնպես էլ ընդհանրապես մարդկանց:

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սառեցված հակամարտությունը սկսում է եռալ» խորագրի ներքո հոդվածագիրը ներկայացնում է Ադրբեջանում տիրող ռազմատենչ տրամադրությունները, ամբողջովին համաձայնելով ազերիների տեսակետներին եւ արտահայտություններին:

Մեզ չենք վերապահում պարտականությունը որեւէ լրագրողի հիշեցնելու, թե ինչ ձեւով պետք է արծարծի այս կամ այն թեման: Էլեն Բարրին, սակայն, իրեն թույլ է տվել քողարկելու ճշմարտությունն առանց խորամուխ լինելու պատմության մեջ: Նա գրում է. «1990-ականների սկզբներից Ադրբեջանը փորձում է ձեռք բերել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղիՙ իր սահմաններում գտնվող հայկական մի անկլավի նկատմամբ, որի բնակչության գերակշռող մասը հայեր են, եւ ապահովել վերադարձը այն ազերիների, որոնք պատերազմի պատճառով ստիպված էին հեռանալ իրենց տներից»:

Այս նախադասության մեջ մեկից ավելի կեղծարարություն կա: Ինչո՞ւ պետք է «Նյու Յորք թայմսի» հոդվածագիրը հոժարակամ հաստատի ազերի կառավարության այն հանգերգը, որ Ղարաբաղը Ադրբեջանի սահմաններում է գտնվում, երբ նույնիսկ ստալինյան ամենադաժան ժամանակաշրջանում ուներ հատուկ կարգավիճակ որպես ինքնավար մարզ, նման Նախիջեւանի անկլավի, որն ինքնավար հանրապետություն էր: Երկուսն էլ ազերի իշխանությանն էր հանձնվել Ստալինի խորամանկ քայլի հետեւանքով: Խորհրդային ժամանակաշրջանում Նախիջեւանի բնակչության 60 տոկոսը հայեր էին, բայց տարածքը զրկվեց իր բնակչությունից ՊԱԿ-ի գնդապետ եւ քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիեւի «եղբայրական» թողտվությամբ: Նա հետագայում դարձավ Ադրբեջանի առաջնորդը, եւ նրան էլ այդ «ժողովրդավարական» երկրում փոխարինելու եկավ որդինՙ Իլհամը:

Ձեր թղթակիցը մանրամասն ներկայացնում է Ադրբեջանի փախստականների խնդիրը, նշելով բավականին սրտաճմլիկ պարագաներ, որոնք պատմական կոնտեքստից դուրս չափազանց հուզիչ երանգ են ձեռք բերում:

Նախ նշեմ, որ փախստականների խնդիրը հետեւանքն էր այն պատերազմի, որ Ադրբեջանի կառավարությունը ինքը սանձազերծեց հայերի դեմ Ղարաբաղում: Երկրորդ, մինչ ալիեւյան դինաստիան եւ իր մանկլավիկները քաղում են երկրի նավթային պաշարների հարստությունը, իրենց թույլ տալով ապրել լկտի ճոխության պայմաններում (Դուբայում եւ Փարիզում առանձնատներ եւ այլն), նրանք փախստականներին օգտագործում են որպես քաղաքական «հաղթաթուղթ»ՙ ցույց տալու միջազգային հանրությանը, թե ինչքան դաժան է Հայաստանը: Այնպես է թվում, կարծես ձեր լրագրողի սիրտն արյուն էր լալիս ազերի փախստականների մասին գրելիս:

Հետեւյալ տողերը սոսկ միակողմանի են ներկայացնում փախստականների խնդիրը. «Բաքվի դժգոհություններին զարկ տվողը փախստականներն են, որոնք մոտ 20 տարի անորոշ վիճակում են: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, նրանց թիվը 586.013 է, այսինքնՙ բնակչության 7 տոկոսը, որը տեղահանվածների ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում, ըստ «Տեղահանվածների միջազգային մոնիտորինգ կենտրոնի» տվյալների:

Ձեր հոդվածագրին պետք է ողջունել, որ հուսալի աղբյուրների է դիմում իրազեկ դառնալու համար, բայց ինչո՞ւ նա չի վարվում նույն ձեւովՙ ներկայացնելու համար այն, ինչ պատահեց հայ փախստականների հետ Սումգայիթում եւ Բաքվում 1988 եւ 1990 թվերին, երբ ազերի կառավարությունը կոտորածներ սանձազերծեց նրանց դեմ:

Խորհրդային իշխանության օրոք հայերի 450 հազարի հասնող մի հոծ համայնք էր ապրում Ադրբեջանում: Նրանց կամ սպանեցին, կամ էլ տեղահանեցին: Իսկ նրանք, ովքեր հավատացած էին, որ Հայաստանում ապահով մի անկյուն են գտել, զոհվեցին 1988-ի երկրաշարժի ժամանակ: Ձեզ եմ թողնում հաշվարկելը, թե 450 հազար հայ փախստականները երեք միլիոն բնակչության քանի տոկոսն են կազմում:

Եվ վերջապես ոչ պակաս կարեւոր է նաեւ հետեւյալը: Տիկին Բարրին գրում է. «Ադրբեջանը, որ շատ ավելի հարուստ է, 2003 թվականից ի վեր 20 անգամ մեծացրել է իր պաշտպանական ծախսերը, ըստ Միջազգային ճգնաժամային խմբի տվյալների»:

Փոխանակ նավթային դոլարները նոր պատերազմ սանձազերծելու նպատակին ծառայեցնելուՙ ազերի կառավարությունը կարող է դրանցով լուծել իր փախստականների խնդիրը, որն իր պատճառով է առաջացել: Նաեւ կարող է փոխհատուցել հայ փախստականներին, որոնք իրենց ունեցվածքները թողեցին Ադրբեջանում:

Մարդկության խղճին ու զգացմունքներին դիպչելով, ձեր հոդվածագիրը կրակին յուղ է ավելացնումՙ խրախուսելով նոր պատերազմ սանձազերծելու ազերիների նկրտումները:

Մինչդեռ հավասարակշռված եւ ամբողջական պատկերը ներկայացնող մի հոդված կարող էր նպաստել կարգավորելու այս կնճռոտ թնջուկը եւ միաժամանակ հավատարիմ մնալ արդարացի ու անաչառ լրագրության սկզբունքներին»:

Երկրորդ նամակը «Նյու Յորք թայմսի» խմբագրին է ուղղել Կալիֆոռնիայից Ռոուզ Նեմետ Դեյվիսը, որն «աղաղակող անճշտություններով լի» է որակել երկու անգամ Պուլիցերյան մրցանակի արժանացած լրագրողուհու հոդվածը:

«Զրպարտչական հոդվածը ամբողջովին ոչ պրոֆեսիոնալիստական կողմնապահության տիպիկ օրինակ է, կոռումպացված լրագրության նմուշ: Եթե տպագրված լիներ աննշան մի թերթում, գուցե անտեսեի, բայց «Նյու Յորք թայմսում» տպագրվելու պարագայում մենքՙ որպես հասարակության անդամներ, չենք կարող անտեսել: Նման հոդվածները վտանգավոր են եւ դեպի պատերազմ են առաջնորդում: «Նյու Յորք թայմսը» պետք է հերքում տպագրի եւ Էլեն Բարրիին էլ բացատրի, որ նման գրելաոճը հարիր չէ Պուլիցերյան մրցանակի արժանացած հոդվածագրին»:

Թարգմ. Հ.Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4