«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2011-06-21 | #114, 2011-06-22 | #115, 2011-06-23


ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը, ավանդույթի համաձայն, մայիսի 13-21-ը կազմակերպել էր ամենամյա երաժշտական մրցույթ-փառատոն, որին մասնակցել են Երեւանի 25 երաժշտական եւ արվեստի դպրոցների մոտ 2000 երեխաներ: Փառատոնի նպատակն էՙ մայրաքաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների այս տարվա աշխատանքների գնահատում եւ խրախուսում, երաժշտական արվեստի զարգացման գործունեության օժանդակում եւ տարածում: Մեկ փուլով անցկացվող մրցույթ-փառատոնին հիմնականում ներկայացվել են դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, ժողովրդական, փողային եւ հարվածային գործիքներ, մեներգեցողություն (դասական, ժողովրդական), երգչախումբ, համույթներ, սոլֆեջիոՙ թելադրություն, երաժշտական գրականություն (վիկտորինա): Մասնագիտական ժյուրիի նախագահն է եղել ՀՀ մշակույթի վաստ. գործիչ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը: Մրցույթում առավելագույն միավորներ հավաքած 10 լավագույնները ընդգրկվել են «Լավագույն տասնյակ» սահմանված անվանակարգում:

Առաջին պատվավոր տեղըՙ բացարձակ միավորներով զբաղեցրել է Երեւանի քաղաքապետարանի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցը, որն արժանացել է դիպլոմի, մրցույթի խորհրդանիշ արձանիկի եւ 1 միլիոն դրամի:

Երկրորդ տեղում է Ղազարոս Սարյանի անվ. արվեստի դպրոցը: Մրցույթ-փառատոնի երկու մասնակից ճանաչվել են տարվա հայտնությունՙ Անուշավան Տեր-Ղեւոնդյանի անվ. երաժշտ. դպրոցի ջութակի 1-ին դասարանի սան Վրույր Ասատրյանը (դասատուՙ Հրաչյա Հակոբյան) եւ Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտ. մասնագիտական դպրոցի շվիի 1-ին դասարանցի Անի Ռուբենյանը (դասատուՙ Խորեն Ումրիկյան):

Հունիսի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է մրցույթ-փառատոնի գալա համերգը եւ մրցանակաբաշխությունը:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4