Ով չալարեցՙ երեկ ու նախորդ գիշեր քննադատեց կամ գովաբանեց նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ստրասբուրգում: Հասկացողները խառնվեցին չհասկացողներին, գիտակներըՙ տգետներին, ու «բռնելով» նախագահի այս կամ այն միտքըՙ ոմանք գովաբանեցին, ուրիշներ խորհուրդ տվեցին, այլքՙ զգուշացրին եւ անգամ սպառնացին, իսկ ոմանքՙ հերթական անգամ պահանջեցին նրա ... հրաժարականը: Այո, ստրասբուրգյան ելույթը, դրան հետեւած հարց-պատասխանը սքանչելի առիթ էր շատերի համար դրսեւորվելու, եւ ինքնադրսեւորվեցի՛ն:
Անշուշտ, արտառոց ոչինչ չկա այս բոլորի մեջ. համաեվրոպական կարեւոր ֆորում, կարեւորագույն հարցեր եւ հասարակության բաց, ուշադիր ականջներ, ուստի մարդիկ կարող են ու պետք է արտահայտվեն:
Սակայն դեռեւս չկան այն առարկայական, խորքային գնահատականները, որոնք կարող էին նախագահի ելույթում մեկնաբանել հայկական պետության այսօրվա ու վաղվա արտաքին ու ներքին քաղաքականության միտումները, հնարավորությունները, պատկերացումներն ու հեռանկարները, քանզի, իրոք, նախագահ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթն ու դրան հետեւած պատասխանները այդ լայնընդգրկուն տարողությունն ունեին: Արտաքին ճակատի վրա արդար ու տեւական խաղաղություն, ներքին ճակատի վրաՙ համաեվրոպական արժեքների վերահաստատում եւ ինտեգրում միջազգային առաջադիմական գործընթացներին: Կարճ խոսքովՙ սա էր Ս. Սարգսյանի ելույթի ու պատասխանների էությունը: Եվ արտասանված եվրոպական լսարանի առաջՙ միտված էր դրական իմեյջ ապահովելու հայկական պետության համար, քիչ չափազանցված աղավնակերպությամբ: Չափազանցվածՙ բայց պատճառաբանված. գնում ենք Կազան, հանդիպելու ենք ռազմատենչությամբ զինավառ հակառակորդի հետ (դեռ երեկ Ալիեւ կրտսերը Euronews-ի եթերից հոխորտում էր, որ իր երկրի ռազմական բյուջեն ավելի է, քան Հայաստանի ողջ բյուջեն), հետեւաբար պետք էր ճիշտ ներկայացնել իրավիճակը, ընդգծել հակահայկականության ու ռազմատենչության վտանգները, մատուցել արդար խաղաղության հասնելու մեր պատրաստակամությունը, եւս մեկ անգամ ընդգծել Կազան գնալու մեր գլխավոր նպատակըՙ Բաքուն ընդունելո՞ւ է միջազգայնորեն հայտնի 3 սկզբունքները: Ստրասբուրգը աքլորանալու տեղը չէ, մանավանդ որ դա հատուկ չէ մեզ:
Եվ այս ֆոնինՙ նույնիսկ դրական պետք է ընդունել Զարուհի Փոստանջյանի հնչեցրած դիսոնանսը, մանավանդ ադրբեջանցի ներկայացուցիչների ամբողջական լռության պայմաններում, ինչն, անշուշտ, Ալիեւի գրասենյակից իջեցված հրահանգ էրՙ դեռեւս մեզ անհայտ մղումներով:
Հետեւաբարՙ կարեւոր ու ճիշտ պատգամներ կազանյան հանդիպումից առաջ: Կընկալվե՞ն դրանք: Զինվենք համբերությամբ:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ