Կազանի հանդիպման ելքը կարող է լինել սրանցից մեկը
«Այս հանդիպումը կոչված է կատարելու եզրագծային դեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», երեկ այսպիսի հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը այսօր Կազանում կայանալիք Մինսկի խմբի գագթաժողովին ընդառաջ` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման համատեքստում:
Այս հանդիպման նախաձեռնող Ռուսաստանը, ի դեմս արտգործնախարարության, ակնկալում է, որ «Բաքուն եւ Երեւանը կառուցողական կարձագանքեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների Դովիլում մայիսի 26-ին կատարված հայտարարությանը, որը Ադրբեջանի եւ Հայաստանի լիդերներին կոչ է արվում քաղաքական կամք դրսեւորել եւ կազանյան գագաթաժողովի ընթացքում ավարտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը»:
Կազանում քննարկվելիք փաստաթուղթն, ըստ հայտարարության, կողմերի եւ համանախագահող երկրների համատեղ աշխատանքի կարեւոր շրջանի արդյունք է, «իրական հիմք է հետագա առաջընթացի եւ գալիք Խաղաղ համընդգրկուն համաձայնագրի նախապատրաստման համար»: Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս հիմքով կողմերը կհասնեն պայմանավորվածության` «ելնելով ողջ տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման ու զարգացման շահերից»:
Ասվածի ֆոնին դատելով ադրբեջանական կողմի վերջրին արձագանքներից, որ աշխարհին ու նաեւ համանախագահողներին մատուցվեց բրյուսելյան սոուսով, լավատեսություն Կազանում ինչ-որ «կառուցողական մոտեցման» դրսեւորման Ադրբեջանի կողմից առանձնակի չի մնում: Հունիսի 22-ին Բրյուսելում Եվրոխորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերը. հիշեցնելով ստատուս քվոյիփոփոխության կարեւորությունը, հայտարարել է զուտ ադրբեջանական տրամաբանությամբ, թե այդ փոփոխությունը նշանակում է տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չդնելու մոտեցում, «օկուպացիայի վերացում» եւ այլն:
Երիտասարդ սուլթանիկի կեցվածքով ալիեւյան մեկնաբանությունները ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի առնչությամբ, թե Ադրբեջանում չկա հայատյացոեւթյուն, եւս որեւէ կապ չունեն կառուցողականության հետ, քանի որ ընդամենը փորձ են ժխտելու ակնհայտ ատելության մթնոլորտ ձեւավորելուն ուղղված նույն ալիեւյան վարչակազմի ջանքերի արդյունքները: Առավել կարեւոր է այն, որ Ալիեւ կրտսերը եզակի անգամ չի գնացել ամեն ինչ ժխտելու ճանապարհով, այլ հայտարարել է, թե «մադրիդյան սկզբունքները ապահովում են մի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը», միեւնույն ժամանակ, «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ, ԵԽԽՎ-ում ելույթ ունենալիս, հայտարարեց, որ թեեւ Կազանում ներկայացվող փաստաթուղթը «հայկական կողմի երազածը չէ», բայց հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինելու մեծ, հիմնական պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին: «Դժվար է Կազանում եռակողմ հանդիպման առնչությամբ միայն դրական արդյունքի վստահություն ունենալ… Փաստաթղթի վրա, որ քննարկվելու է Կազանում, բավականին աշխատանք է տարվել, արդեն մեկ տարուց ավելի է, որ սկզբունքների այդ տարբերակը սեղանին է, բազմաթիվ հանդիպումներ են եղել: Եթե հանդիպենք կառուցողական մոտեցման, ադրբեջանական կողմը լրացուցիչ նոր առաջարկություններով հանդես չգա, կարծում եմ, որ կարող ենք ակնկալել դրական արդյունքներ»:
Ինչեւէ, Հայաստանը Կազան է գնում առաջընթացի ակնկալիքով, միեւնույն ժամանակ, ըստ նախագահի խոսքերի, «Չի կարող հարցականի տակ դրվել Ղարաբաղի ժողովրդի` ազատ եւ անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ի վերուստ տրված իրավունքը»:
Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի ծրագրի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի հունիսի 23-ին «Նյու Յորք թայմս-ում «Խաղաղության պահը Հարավային Կովկասում» հոդվածի, 2007-ից քննարկվող մադրիդյան սկզբունքների առնչությամբ Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ 9-րդ հանդիպումը, սեղանին եղած փաստաթղթով, «ամենից հետո, կարող է միայն նոր գործընթացի սկզբի նշան լինել, բայց ոչ եզրափակում»: «Բայց եթե Մեդվեդեւը նրանց հասցնի թղթին ստորագրություն դնելուն, դա հազվադեպ ու նշանակալի քայլ կլինի այս առճակատման մեջ ու կլինի ի հաստատումն Ռուսաստանի առաջնորդի հաստատակամության»:
Ֆրեյզերը նաեւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ թեեւ ստորագրումը հնարավոր է, բայց ժամանակ էլ շատ չկա, քանի որ 2012-ին եւ 2013-ին սպասվում են ընտրություններ: իսկ եթե նախագահները չստորագրեն, ըստ ՄՃԽ-ի եվրոպական տնօրենի, «միջազգային մասնակիցները ստիպված կլինեն պատրաստվել ռազմական գործողությունների նոր պայթյունի», եւ տարածաշրջանում զգալի բռնությունների հետ, ըստ Ֆրեյզերի, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը, Եվրոմիությունն ու Ռուսաստանը սա չեն կարողանա հաղթահարել:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ