«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2011-06-22 | #115, 2011-06-23 | #116, 2011-06-24


«ՀԵՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԱՐ ՁԵՌՔ ՍԵՂՄԵՆ, ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ԿԲԱՑՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ»

Հայտարարում է պետնախարար եւ գլխավոր բանակցող Բաղըշը

Թեեւ խորհրդարանական ընտրություններում հաղթած վարչապետ Էրդողանը դեռեւս նոր կառավարություն չի կազմել, այլ ընդամենը կազմելու հանձնարարական է ստացել նախագահ Աբդուլլահ Գյուլից, սակայն դա չի խանգարում, որ Թուրքիան սկսի ակտիվորեն վերարծարծել Հայաստանի հետ հարաբերությունների հարցը:

Վերարծարծման պարագայում խոսքը պետնախարար եւ Եվրոմիության հետ հարաբերություններում գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշի մասին է: Հունիսի 22-ին վարչապետարանի շենքում նա ընդունել է Անկարայում գործող Միջին Արեւելքի ճարտարագիտական համալսարանի եւ աշխարհի ավելի քան 170 երկրներում գործունեություն ծավալող Լրագրողների միջազգային կենտրոնիՙ ICFJ-ի համագործակցությամբ կազմակերպված սեմինարին մասնակից հայ, թուրք եւ ամերիկացի լրագրողների պատվիրակությանը:

Ընդունելությանը Բաղըշը, Պոլսո «Հայթերթի» վկայությամբ, նախ անդրադարձել է Եվրոմիություն-Թուրքիա բանակցային գործընթացին, ասելով. «ԵՄ-ը սոսկ տնտեսական եւ քաղաքական նախագիծ չէ, դա միաժամանակ համաշխարհային պատմության մեջ խաղաղության ամենախոշոր նախագիծն է նաեւ»: Այնուհետեւ արծարծելով հայոց ցեղասպանության հարցը, նշել է, որ ինքը ստույգ չի կարող բնութագրել 1915-ի իրադարձությունները, որովհետեւ այդ թվերին դեռեւս լույս աշխարհ չէր եկել, բայցեւայնպես ակնհայտ են երկու կողմերի հավասարապես կրած զրկանքները:

Բաղըշը մատնանշել է պատմությունը փոփոխելու անհնարինության մասին եւ շարունակել. «Որպեսզի ապագայում ոչ ոք, ոչ մի ազգ, ոչ մի երկիր ավելի մեծ վիշտ չապրի, պետք է միասին աշխատել: Կարծում եմ, մենք ունենք դրա հնարավորությունը: Սա այն անհրաժեշտ մոտեցումն է, որի կարիքը բոլորս ենք զգում»:

Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալիս Բաղըշը նշել է «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հանդուգն քայլերի» մասին եւ կարծիք է հայտնել, որ այս գործընթացը պետք է շարունակել: Նա չի մոռացել նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, թե սա թուրք հասարակության համար զգայուն խնդիր է, «եթե ցանկություն լինի, կհաղթահարվի»: Նա համոզմունք է հայտնել, որ չի կարելի անտեսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները, Թուրքիան Ադրբեջանի հետ ունի արյունակցական կապեր, ինչպես նաեւ բազմակողմանի հարաբերություններ, հետեւաբար կարեւոր երկիր է իրենց համար: Վերջում նա եզրակացրել է. «Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հարցում մենք ընթանում ենք իրատեսական ճանապարհով: Բավարար չափով բանակցելու դեպքում միշտ էլ կարելի է կարգավորման տարբերակներ գտնել: Հենց որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար ձեռք սեղմեն, հաջորդ օրն իսկույն կբացվի Թուրքիայի հայկական սահմանը»:

Որքան էլ Բաղըշի այս խոսքերը լինեն Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներիՙ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Եվրոմիության շահագրգռությունների արձագանքը եւ նա այս խոսքերով նախապես փորձի վարչապետ Էրդողանի ձեւավորվող կառավարությանը ձերբազատել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձախողելու համար Անկարայի վրա գործադրվող միջազգային ուժերի ճնշումներից, այնուամենայնիվ, դրանք ցույց են տալիս, որ հայկական կողմին առաջադրվող թուրքական նախապայմանները դեռեւս ուժի մեջ են:

Խնդիրն, իհարկե, ոչ Էրդողանի նոր կառավարությունն է, ոչ էլ պետնախարար եւ գլխավոր բանակցող Բաղըշը, այլ Թուրքիայում հայկական հարցի որպես ազգային խնդիր ընկալումը: Դա ենթադրում է պետական քաղաքականություն, իսկ այս քաղաքականությունը անկախ կառավարությունների փոփոխությունից, որպես կանոն, հեշտությամբ չի փոխվում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4