«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2011-06-22 | #115, 2011-06-23 | #116, 2011-06-24


ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Երեկ լրացավ Սիրիայում ծավալվող հակակառավարական ցույցերի 100-րդ օրը: Իշխանություն-ընդդիմություն պայքարի սրմանը զուգընթաց երկրում աճում է ներքաղաքական կյանքի լարվածությունը: Սակայն խնդիրը սոսկ ներքաղաքական կյանքը չէ, այլ սահմանագծում առաջացած Սիրիա-Թուրքիա լարվածությունը:

Ինչպես հայտնի է, իշխանություն-ընդդիմություն բախումների հետեւանքով բազմաթիվ սիրիացիներ ապաստան էին գտնում Թուրքիայի սահմանամերձ Հաթայ (Ալեքսանդրետ) նահանգում տեղակայված վրանային ավանում: Փախստականների թիվն արդեն հասել է ավելի քան 10.000-ի: Թուրքական կողմը այդ ավանի տեղակայումը վերագրում է Անկարայի մարդասիրական նկատառումներին, իսկ սիրիականըՙ Թուրքիային մեղադրում է խռովարարներին աջակցելու եւ երկրում ծայր առած անկարգությունները Արեւմուտքի պատվերով խրախուսելու մեջ:

Այս ամենը աննախադեպ սրել էր Դամասկոս-Անկարա հարաբերությունների լարվածությունը, որը երեկ, ինչպես նշում է «Դունյաբյուլտենի» կայքէջը, փոխադրվել է սահմանագիծ, երբ սիրիական զինվորները Հաթայի Յայլադաղ գավառին սահմանակից Գյուվենչջի գյուղում իջեցրել են տներից մեկի վրա ծածանվող թուրքական դրոշը, այնուհետեւ նրանք ձեռնամուխ են եղել Խառաթջո գյուղի խուզարկմանը: Սահմանագծում սիրիական զորքերի կուտակումները թուրքական ստորաբաժանումներին ստիպել են անվտանգության արտակարգ միջոցառումներ կիրառել Թուրքիա-Սիրիա սահմանի երկայնքով:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4