Հունիսի 22-ին Ստրասբուրգում Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Մեւլութ Չավուշօղլուն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նույն օրվա համարում նշելով այդ մասին, «Բեյազգազեթե» թուրքական կայքէջը հանդիպումը չի մանրամասնել: Սակայն նշում է. «Նախքան Հայաստանի նախագահ Սարգսյանի ելույթը, Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովին դիմեց Չավուշօղլուն: Նա ասաց, որ 2008-ի ընտրություններից հետո բավականին ծանր պայմաններում նախագահի պաշտոնը ստանձնած Սարգսյանը երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կարեւոր քայլեր է կատարել: Սարգսյանի քայլերը մեծապես նպաստեցին քաղաքական մթնոլորտի նորմալացմանը Հայաստանում: Չավուշօղլին միաժամանակ ընդգծեց, որ երկրի քաղաքական ուժերի հետ սկզբնավորված երկխոսությունը ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի վերակառուցման առումով կարեւոր առիթ է: Նա հույս հայտնեց, որ նույն ջանքերը կգործադրվեն, որպեսզի համանման կառուցողական մոտեցումն ու երկխոսությունը դրսեւորվի նաեւ տարածաշրջանի մակարդակով, որն ըստ նրա մեծապես կնպաստի տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանային կայունությանն ու համագործակցության ամրապնդմանը»:
Հ. Չ.