Մինչ Ամերիկան պատրաստվում է 2012-ին անցկացնել նախագահական եւ կոնգրեսական ընտրություններ, Ամերիկայի Հայ դատի ազգային կոմիտեն հունիսի 24-ին անցկացվելիք բարիգալստյան ընդունելությամբ սկիզբն է դնում «Հայ դատ 2.0» խորագրով մի կոնֆերանսի, որը քննարկելու է Մ. Նահանգների քաղաքական համակարգում ամերիկահայերի ձայներն ու քվեներն ավելի արդյունավետ դարձնելու ուղիները, տեղեկացնում է անմիջական հրապարակման խնդրանքով խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
Կոնֆերանսին, որպես ընտրարշավների փորձառու մասնագետներ, հանդես են գալու Օհայոյից կոնգրեսական թեկնածու Դեյվիդ Գրիգորյանը եւ մայրաքաղաք Վաշինգտոնից քաղաքական խորհրդատու Դեն Ստեփանյան-Բենետը, որոնք ներկաներին բացատրելու են, թե ինչպես կարելի է ընտրել բարեկամներին եւ պարտության մատնել հակառակորդներին:
«Մենք անչափ ոգեւորված ենք, որ այդ երկու հրաշալի ու տաղանդավոր ներկայացուցիչները մասնակցելու են մեր կոնֆերանսին եւ իրենց փորձառությամբ ու իմաստությամբ նախանշելու են այն ուղին, որով մենք հույս ունենք ձեռք բերել ավելի լավ արդյունքներ առաջիկա ընտրություններում», նշել է այս առթիվ Ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը :
Դեյվիդ Գրիգորյանը, ըստ հաղորդագորւթյան, 42 տարեկան հաջողակ ձեռնարկատեր է: Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ամերիկյան խոշոր ընկերություններում, ինչպիսիք են «Ֆիդելիթի ինվեստմընթսը» եւ «Դիլոյթ եւ Թուշը»: 2008-ին որպես անկախ թեկնածու մասնակցել է Ներկայացուցիչների պալատի ընտրարշավին եւ հավաքել ձայների մոտ 18 տոկոսը: Նրա պլատֆորմը եղել է բարեփոխումներ մտցնել ֆինանսական համակարգում: Ամուսնացած է եւ ունի երեք զավակ:
Դեն Ստեփանյան-Բենետը Վաշինգտոնում աշխատում է հայտնի քաղաքական խորհրդատվական մի հիմնարկում, որտեղ մասնագիտացել է ընտրությունների անցկացման եւ քաղաքական հաղորդակցությունների ոլորտում: Ավարտել է Օքլենդի համալսարանի գործարարական կառավարում ֆակուլտետը, աշխատել «Դետրոյթ թայգըրզ» կազմակերպությունում եւ Սաութֆիլդի (Միչիգան) «ԲԲԿ. ՍՊԸ» կառավարման ֆիրմայում:
Բացի վերոնշյալներիցՙ կոնֆերանսին բանախոսությամբ հանդես է գալու «Պոլիտիկո» ազգայինՙ քաղաքական պարբերականի խմբագիր Չարլի Մահտեսյանը: Իրենց խորհուրդներով մասնակցելու են նաեւ Հայաստանում Մ. Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործի ակտիվիստներ Սյուզան Կարամանյանը, Նիք Քումճյանը, Ջերեմի Մկքալպինը, Քեյթ Նահապետյանը եւ Հայկ Կայսերյանը:
Կոնֆերանսի օրերին տեղի են ունենալու մի շարք այլ հասարակական հնչեղության եւ ինտերակտիվ հաղորդակցությունների միջոցառումներ, որոնց թվում նաեւ ճաշկերույթ-ընդունելություն հայկական դեսպանատանը:
Հ. Ծ.