«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2011-06-22 | #115, 2011-06-23 | #116, 2011-06-24


ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետը, առողջապահության նախարարն ու այլ պաշտոնական անձինք երեկ այցելեցին «Շտապբուժօգնություն» ընկերության «Կենտրոն» ենթակայան եւ 1-03 գործակարգավարական կենտրոն: Անցյալ տարվա նոյեմբերից մինչեւ այս տարվա հունիսը ենթակայանն ու 1-03 դիսպետչերական կենտրոնը վերանորոգվել են, ինչի համար Երեւանի բյուջեից կատարվել է շուրջ 160 միլիոն դրամի ներդրում: Իսկ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տրամադրած միջոցներով, որը կազմել է 13 միլիոն դրամ, կենտրոնը հագեցվել է նոր կահույքով, օդորակիչներով եւ անձնակազմի համար պատվիրել են նոր արտահագուստ: Իսկ դիսպետչերական ողջ համակարգն արդեն հագեցված է նոր համակարգիչներով, որոնց միջոցով հնարավոր է վերահսկել շտապօգնության մեքենաների շարժը:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շրջեց հիվանդանոցում, ծանոթացավ կատարված փոփոխություններին:

Հանրապետությունում շտապօգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը եւ այն իրականացնելու ժամանակացույցն ընդունվել են կառավարության որոշմամբ: Բացի դիսպետչերական կենտրոնի ու հիվանդանոցի արդիականացումիցՙ Չինաստանից մեր երկիր են ներկրվել շտապօգնության 88 մեքենա, որից 20-ը ռեանիմոբիլներ են, իսկ 68-ը` գծային մեքենաներ: 2 տեսակի մեքենաներն էլ հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով: Մեքենաներն ու դրանց բժշկական սարքավորումները ներկրվել են համաձայն Չինաստանի ու Հայաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված համաձայնության: Շուրջ 5,5 միլիոն դոլար արժողությամբ 88 մեքենան Չինաստանի կառավարությունը նվիրաբերել է Հայաստանին: 88 մեքենայից 35-ը հատկացվել են Երեւանին, իսկ մյուսները` մարզերին:

Բացի դրանից` անցյալ տարի ձեռք է բերվել եւս 4 ռեանիմոբիլ, որոնք տրամադրվել են մարզերի հիմնովին նորոգված հիվանդանոցներին: Ներկրված նոր մեքենաները փոխարինել են արդեն մաշվածներին: Շտապ օգնության մեքենաների ընդհանուր պահանջարկը որոշելուց հետո նախատեսվում է հետագայում դրանք դարձյալ համալրել նորերով:

«Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ վերջին տարիներին շտապօգնությանն ավելի մեծ ուշադրություն է դարձվում. «Արդիականացման ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկն էլ այն է, որ մեր բոլոր բժիշկները, բուժքույրերն ու վարորդները վերապատրաստվել են»:

Տարվա ընթացքում մարզերի ու մայրաքաղաքի շտապօգնության ծառայության 298 բժիշկ, 464 բուժքույր եւ 306 վարորդ վերապատրաստվել են Առողջապահության ազգային ինստիտուտում: Իսկ վերապատրաստման երկշաբաթյա դասընթացները կազմակերպվել են պետպատվերի շրջանակներում:

Թագուհի Ստեփանյանի խոսքով` երկար տարիներ շտապօգնության ոլորտը որոշ չափով անտեսված է եղել, մինչդեռ շտապօգնությունը առողջապահության կարեւոր օղակներից է: Տիկին Ստեփանյանը լրագրողներին նաեւ տեղեկացրեց, որ շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրին մասնակցել են Երեւանի քաղաքապետարանն ու առողջապահության նախարարությունը (ԱՆ): Համաձայն ԱՆ-ի տվյալների` այս տարի պետական բյուջեով զգալիորեն ավելացել է շտապօգնության ծառայության ֆինանսավորումը:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ շտապօգնության մեքենաների պարկը 20 տարուց ավելի է, ինչ չէր թարմացվել. «Շտապ բուժօգնություն կազմակերպելու հարցում մենք լուրջ խնդիրներ ունեինք: Բայց այսօր կարող ենք վստահորեն ասել, որ արդեն ունենք մեքենաների, սարքավորումների ու դեղորայքի անհրաժեշտ քանակություն, նաեւ ունենք հմուտ անձնակազմ, ուստի մեր ազգաբնակչության համար այսուհետեւ կարող ենք ապահովել բարձրակարգ բուժսպասարկում»: Նախարարի փոխանցմամբ` USAID-ի կազմակերպության հետ Հայաստանն ունի շարունակական ծրագրեր, որոնց շնորհիվ մեր բուժաշխատողները շարունակաբար ստանալու են նոր գիտելիքներ, ինչը հնարավորություն կտա շտապօգնության ոլորտում կիրառելու ժամանակակից գիտությունն ու առօրյա պրակտիկան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4