«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2011-06-22 | #115, 2011-06-23 | #116, 2011-06-24


ԱՇՈՒՂԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՇՔԵՐԹ

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կրկին հայաշունչ, ոգեղեն տրամադրություն էր: Համերգ-երեկոյին` նվիրված ՀՀ եւ Արցախի անկախության 20-ամյա հոբելյանին, հնչեցին անցյալի ու նորօրյա հայ աշուղների ազգային, հայրենասիրական հատընտիր երգեր: Բեմում «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլն էր` ազգային ոգու տոնահանդեսի առանցքում: Շքեղ, տպավորիչ հանդերձանք, բացառապես ազգային նվագարաններ: Անսամբլի գեղարվեստական ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան, նվագախմբի ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արտեմ Խաչատուր:

Ոգեշունչ, ռազմահայրենասիրական հեղինակային երգերով ներկաներին խանդավառեցին աշուղ Ռազմարը, Արցախյան ազատամարտի միակ կին աշուղ մասնակից Ալմաստը` իր «Հերոս Ղարաբաղ» վարակիչ երգով, եւ ամենատարեց աշուղ Ժորա Գեւորգյանը, որն առաջին անգամ հնչեցրեց Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված իր երգը. հերոսական մի ստեղծագործություն այն մասին, թե ինչպե՛ս այդ գոյամարտում մեր հերոս ժողովուրդը դիմակայեց 10 հազարանոց թուրքական կանոնավոր բանակին` կանխելով Սարդարապատի մատույցներում թուրքական զորքերի միավորումը:

Առաջին անգամ անսամբլի կատարմամբ հնչեց նաեւ Մուրադ Մշեցու «Արծիվ, սլացիր» երգը, որն, ըստ Թովմաս Պողոսյանի, յուրահատուկ է եւ կարեւոր նրանով, որ, աշուղը, լինելով ազատ եւ իր ժողովրդի խոսնակը, երգով ասում է այն, ինչ մտածում է. մի բան, որն ասելու իրավունք չունի ժողովրդի առաջնորդը, պետական պաշտոնյան կամ դիվանագետը: Աշուղն ասում է.

«Արծի՛վ, սլացի՛ր Տաճկահայաստան

Գնա՛, դու հասի՛ր Էրզրում ու Վան,

Գնա՛ դու, ասա՛, որ կգա՛նք զորքով,

Ո՛ւխտ ենք մենք արել խաչով ու սրով»:

Լեփ-լեցուն դահլիճում ողջ երեկոյի ընթացքում ծփում էր ռազմահայրենասիրական երգերի ոգեղեն տրամադրությունը: Հնչեցին աշուղ Միջազի «Քեռի», Հայրիկ Ղազարյանի «Գարեգին Նժդեհ», աշուղ Օհանջանի «Խոսեցեք, Արտաշատ, Դվին», աշուղ Գեւորգի «Դրո», Ջիվանու «Ավարայրի դաշտ», Աշուղ Ֆահրատի «Սեւքարեցի Սաքո» եւ հաղթական այլ երգեր: Անսամբլը առաջին անգամ կատարեց Աշոտ Վարդանյանի «Լիզբոնի քաջերին» նվիրված հիասքանչ երգը:

Համերգային հայաշունչ այդ ծաղկաբույլում Թովմաս Պողոսյանը հատկապես կարեւորեց առանձնահատուկ անդրադարձը աշուղ Ֆահրատի արվեստին, աշուղ, որի անունը մեր ժողովրդին գրեթե անծանոթ է: «Նա մի երեւելի հայ է եւ մեծ աշուղ, որի երգերով, հատկապես սովետական 70 տարիներին, ապրեց հայոց սփյուռքը: Սակայն, չգիտես ինչու, ճակատագրի հեգնանքով, նրա անունը չպահպանվեց եւ չհռչակվեց», ասաց անսամբլի ղեկավարը` հավելելով, որ աշուղ Ֆահրատը ծնվել է Շիրակի դաշտում, ապրել ու ստեղծագործել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, եւ, չնայած կույր էր, հաճախ է կամավորական ջոկատների հետ մեկնել Արեւմտյան Հայաստան` իր ոգեշունչ երգերով գոտեպնդելու, քաջալերելու մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի մարտիկներին:

Հոգեպարար կատարումներով հանդես եկան Թովմաս Պողոսյանը, անսամբլի նվագածու-մեներգիչ-աշուղներ Մխիթար Քեթցյանն ու Րաֆֆի Հակոբյանը, անսամբլի նախկին մեներգչուհի Մարգարիտ Շահինյանը, մենակատարներ Սիրանույշ Գալստյանը, Թեհմինե Գրիգորյանը, Անանիա Հովսեփյանը, Սարգիս Խաչատրյանը, Արթուր Մնացականյանը, Հովհաննես Մանուչարյանը, Մկրտիչ Աֆրիկյանը, Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան Զավեն Ասլանյանը (դասատու` Արթուր Մնացականյան): Համերգին մասնակցում էր նաեւ Ջիվանու անվան աշուղական դպրոցի «Հավասի» երիտասարդական համույթը:

Ազգային ոգու համախումբ երեկոն կայացավ «Վիվասել-ՄՏՍ»-ի (տնօրեն` Ռալֆ Յիրիկյան) եւ Թովմաս Պողոսյանի մոսկվաբնակ բարեկամ Վարդան Հայրապետյանի հովանավորությամբ (վերջինս հաճելիորեն զարմացրեց հանդիսատեսին` օդանավակայանից անակնկալ հայտնվելով դահլիճում):

Համերգը ոչ միայն ոգեկոչում էր ՀՀ եւ ԼՂՀ անկախության 20-ամյա հոբելյանին, այլեւ յուրատեսակ խոնարհ խնկարկում անկախության համար պայքարում մեր նահատակների սուրբ հիշատակին:

ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4