Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին ազատոճային ըմբիշները: Հայաստանից մրցագորգ դուրս եկած 6 ըմբիշներից երեքը դարձան մրցանակակիրներ: Առավել հաջող էր մինչեւ 84 կգ քաշային կարգի ըմբիշ Վահե Թամրազյանի ելույթը, որը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Հայ ըմբիշը հաջորդաբար պայքարից դուրս մղեց լեհ Զբիգնեւ Բարանովսկուն, բուլղարացի Նեդելչո Նեդելչեւին, ֆինն Հեյնո Տարանիին, բելառուս Ալեքսանդր Խուստինին ու մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Վահեի մրցակիցը վրացի Դաթո Մարսագիշվիլին էր: Հայ ըմբիշին այս անգամ չհաջողվեց գորգից հաղթանակած հեռանալ ու արժանացավ արծաթե մեդալի:
Հայաստանի հավաքականին երկու բրոնզե մեդալ պարգեւեցին Մաթեւոս Սարոյանը (55 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (66 կգ): Մաթեւոսն առաջին գոտեմարտում պարտվեց վրացի ըմբիշ Վլադիմիր Խինչեգաշվիլուն, որը հաջողությամբ հաղթահարելով բոլոր արգելքներն, ի վերջո նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Դա հնարավորություն ընձեռեց Սարոյանին մասնակցելու բրոնզե մեդալի համար մրցավեճին: Հայ ըմբիշն այդ պայքարում հաղթանակած դուրս եկավՙ հաջորդաբար պարտության մատնելով ռումինացի Դավիթ Դոբրեին, ուկրաինացի Վիտալի Գուրսկուն ու թուրք Մեհմետ Սովլերին:
Գրիգոր Գրիգորյանն էլ մրցաշարում պարտվեց Եվրոպայի ապագա չեմպիոնին: Ի տարբերություն Մաթեւոս Սարոյանի, Գրիգորը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչՙ հաղթելով ֆրանսիացի Մաքսիմ Ֆիքյուետին եւ գերմանացի Լենհարդ Վիկլերին: Քառորդ եզրափակիչում Գրիգորի մրցակիցը ռուսաստանցի Բայմիրզա Խադիսովն էր, որն ի վերջո դարձավ Եվրոպայի չեմպիոն: Իսկ Գրիգորյանն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե պարգեւի համար: Հաղթելով վրացի Դավիթ Թլաշաձեին եւ հունգարացի Ժոմբոր Գուլյասին, հայ ըմբիշը դարձավ բրոնզե մրցանակակիր:
Բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք էր ստացել նաեւ Նարեկ Սիրունյանը (60 կգ): Նա էլ հաղթելով Ֆրանսիան ներկայացնող Էնիս Օսմանիին եւ բուլղարացի Բոյչո Բոյչեւին, քառորդ եզրափակիչում պարտվեց Եվրոպայի ապագա չեմպիոն, թուրք Օմեր Ուզանին: 3-րդ տեղի համար պայքարում Նարեկը նախ հաղթեց ֆինն Ռոնի Ռանալային, ապա պարտվեց լեհ Ռաֆալ Ստատկեւիչին ու զրկվեց բրոնզե մեդալից:
Մինչեւ 74 կգ քաշային Գեւորգ Համբարձումյանը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչՙ հաջորդաբար հաղթելով ադրբեջանցի Իբրահիմ Յուսուբովին եւ Գերմանիան ներկայացնող Ահմեդ Դուդարովին: Հաջորդ փուլում Գեւորգը պարտվեց ռուսաստանցի Շամիլ Կատինովասովին ու զրկվեց մեդալների համար պայքարից: Իսկ Արտակ Հովհաննիսյանը (50 կգ) պարտություն կրեց առաջին գոտեմարտումՙ զիջելով վրացի Լաշա Տալախաձեին: