Դավիթ Նալբանդյանը հաջողությամբ հաղթահարեց նաեւ Ուիմբլդոնի մրցաշարի 2-րդ փուլի արգելքը: Նա 4 խաղափուլում առավելության հասավ ավստրիացի Անդրեաս Խայդեր-Մաուրերի նկատմամբ (6-3, 3-6, 6-4, 6-4): Հաջորդ փուլում արգենտինահայ թենիսիստին չափազանց լուրջ փորձություն է սպասում: Նա հանդիպելու է շվեյցարացի Ռոջեր Ֆեդեռերի հետ: Վերջինս 2-րդ փուլում պայքարից դուրս էր մղել ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին (6-2, 6-3, 6-2):
2-րդ փուլի արգելքն էլ հաջողությամբ հաղթահարեց մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկըՙ իսպանացի Ռաֆայել Նադալը, որը պարտության մատնեց ամերիկացի Ռայան Սվիտինգին (6-3, 6-2, 6-4): Նովակ Ջոկովիչը, որը հաջողության դեպքում միայն եզրափակիչում կարող է հանդիպել Նադալի հետ, հաղթեց Քեւին Անդերսոնին (6-3, 6-4, 6-2):
Ուժեղագույն թենիսիստներից պայքարը շարունակում են նաեւ Խուան Մարտին Դել Պոտրոն, Էնդի Մարեյը, Իվան Լյուբիչիչը, Ռիշար Գասկեն, Ֆեռնանդո Գոնսալեսը, Մարկոս Բագդատիսն ու Ռոբին Սոդեռլինգը:
Կանանց մրցապայքարում անհաջողության մատնվեց չինացի Լի Նան, որը մեծ անակնկալ էր մատուցել «Ռոլան Գարոսում»ՙ նվաճելով գլխավոր մրցանակը: Նա պարտվեց Գերմանիան ներկայացնող Սաբինա Լիսիցկուն (6-3, 4-6, 6-8): Մարիա Կիրիլենկոն պարտության մատնեց Տամարին Տանասուգարնին (7-5, 7-5): Պայքարը շարունակողների թվում են Վերա Զվոնարյովան, Վինուս Ուիլյամսը, Դանիելա Հանտուխովան, Վիկտորիա Ազարենկոն ու Նադեժդա Պետրովան: