«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2011-06-24 | #117, 2011-06-25 | #118, 2011-06-28


ԿԱԶԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԱՊԱԼԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ղարաբաղյան կարգավորման բանակցություններով շահագրգիռ կողմերը Կազանի հանդիպման նախօրեին ակնհայտ ազդակներ հղեցին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին` հորդորելով համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջը: Որոշակի ներգրավվածություն ցուցաբերեց նաեւ Եվրոմիությունը` կազմակերպելով Իլհամ Ալիեւի այցը Բրյուսել: Մեծ էր ընդունող երկրի` Ռուսաստանի արտգործնախարարության սպասելիքը նույնպես: Եվ միայն Թուրքիան էր, որ քար լռություն պահպանեց: Դա ոչ միայն արտառոց, այլեւ անտրամաբանական էր: Քանի որ մինչ այդ հատկապես Անկարան էր, որ առիթ բաց չէր թողնում, որպեսզի ընդգծի իր «առանձնահատուկ հետաքրքրվածությունը ԼՂ հարցում առաջընթացի նկատմամբ»: Համենայն դեպս, այդպես ասվում էր հրապարակավ:

Եվ հանկարծ, երբ թվում էր, թե ամեն ինչ արված է, որպեսզի «ճեղքում լինի», Թուրքիան որեւէ ազդակ չհղեց Ադրբեջանին եւ Հայաստանին, ինչը տրամաբանության մեջ չի տեղավորվում կարծես: Ընդ որում, Անկարան նաեւ չի մեկնաբանում Կազանի հանդիպումը: Գոնե անցած օրերին թուրքական կողմից որեւէ տեսակետ չի հնչել:

Արտառոցը, սակայն, դառնում է հասկանալի, երբ փորձում ենք Կազանի հանդիպման հավանական հաջողությունը դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների դաշտում: Անկարան մշտապես պնդել է, որ առանց ղարաբաղյան կարգավորման անհնար է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Եվ եթե Կազանում որեւէ առաջընթաց արձանագրվեր, ապա թուրքական կողմն ստիպված պիտի լիներ տեսակետ արտահայտել, թե երբ եւ ինչ ժամանակացույցով է մտադիր վավերացման ներկայացնել Ցյուրիխյան արձանագրությունները: Հակառակ դեպքում նա միջազգային հանրության առջեւ կբացահայտեր իր երկդիմությունը: Քանի որ այլ «խոչընդոտ», քան ԼՂ հարցի չկարգավորվածությունն է, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար Անկարան չի մատնանշել:

Ինչպես կարելի է գրեթե վստահաբար ասել, Ադրբեջանն անգործունակ է ինքնուրույն որեւէ աշխարհաքաղաքական նշանակության հարցում որոշում կայացնելու: Իսկ որ ԼՂ հարցում «ճեղքումը» կունենար աշխարհաքաղաքական շատ մեծ կարեւորություն, դրանում թերեւս ոչ ոք չի կասկածում: Հետեւաբար, հատկապես Թուրքիային ձեռնտու չէր, որ դա տեղի ունենա:

Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Թուրքիան առնվազն խիստ շահագրգռված չէ: Թերեւս ավելի ճիշտ կլինի ասել, որ դա թուրքական արտաքին քաղաքականության օրակարգում չկա: Գոնե` այս պահին, երբ խորհրդարանական ընտրությունները նոր են կայացել, եւ երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության մեջ շատ ավելի հրատապ հարցեր ունի:

Այդ միայն առաջին տպավորությամբ է, որ խորհրդարանական ընտրությունները համարվում են Էրդողանի համար հաղթական: Իրականում նրա կուսակցությունը խորհրդարանում ավելի քիչ տեղեր է ստացել, քան նախկինում ուներ: Եվ, ընդհակառակը, իրենց դիրքերը բարելավել են ընդդիմադիրներն ու քրդամետ պատգամավորները: Վերջիններս հենց Կազանից առաջ սպառնացին բոյկոտել խորհրդարանը, ինչը պաշտպանեց Օջալանը:

Թուրքիան նաեւ արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել Սիրիայի հետ խնդիրը: Լարված են հարաբերություններն Իսրայելի հետ: Եվրոմիությունը պահանջում է Կիպրոսի հարցում կառուցողականություն ցուցաբերել: Իսկ անցած տարիներին Էրդողանն այնքան է բարձրացրել ազգայնականության նշաձողը, որ դրանից որեւէ շեղում կարող է բերել ներքին ցնցումների: Մանավանդ որ քրդական հարցն էլ գնալով ավելի ու ավելի հրատապ է դառնում:

Ահա այս իրավիճակում Էրդողանին բոլորովին պետք չէր ԼՂ հարցում «ճեղքում», որը, կրկնենք, պետք է ունենար իր շարունակությունը հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան ներկայացնելու տեսքով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ, ինչպես սատանայից, երկյուղում են հայ-թուրքական հնարավոր երկխոսությունից, քանի որ այդ կերպ իրենց կատարյալ անպաշտպան են զգում: Այս դեպքում երկուսի շահերը համընկել են:

Բայց դա կարող է ունենալ ավելի խորքային համաձայնության իմաստ: Այն է` որ Թուրքիան միջնորդներին հստակ հասկացնում է, թե առանց իր համաձայնության Ադրբեջանը չի ընդունի որեւէ փաստաթուղթ: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան առաջիկայում ձգտելու է տեղ ունենալ, այսպես ասած, «կողմերին համաձայնության բերողների շարքում»: Եվ Կազանի հանդիպմանը հաջորդելիք դիվանագիտական ձեռնարկումների գլխավոր ինտրիգն այն է լինելու, թե թուրք-ադրբեջանական դեմարշը սոսկ իրենց` երկուսի՞, թե՞ նաեւ այլ շրջանակների նախաձեռնությունն էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4