Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ընդունելով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերին, վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ ծավալված համագործակցությունն առավել կընդլայնվի:
ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալն, ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, գոհունակ է եղել դինամիկ զարգացող հայ-ամերիկյան փոխհարաբերություններից` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանին` ռազմակրթության, պաշտպանական բարեփոխումների ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օժանդակությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, այդ ձեւաչափում իրականացվող աշխատանքներին: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են միջազգային հանրության կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը: Այս ենթատեքստում ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը խաղաղապահ գործողություններումՙողջունելով Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի եռապատկումը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները, Կազանում կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքները: Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Կազանում կայացած հանդիպմանը առաջընթաց չարձանագրվեց, քանի որ, չնայած միջնորդ երկրների ղեկավարների, միջազգային հանրության կոչերին եւ ակնկալիքներին, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակըՙ առաջ քաշելով մեկ տասնյակ փոփոխություններ:
Մ. Խ.