PKK-ի առաջնորդը քրդերի հեղափոխական պայքարով է սպառնում Թուրքիային
Այսօր տեղի կունենա հունիսի 12-ի ընտրություններով ձեւավորված Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի բացման հանդիսավոր նիստը, որտեղ մանդատ ստացած նորընտիր պատգամավորները երդում կտան, որպեսզի ստանձնեն իրենց պարտականությունները: Այսինքնՙ անկախ մանդատից, երդումը պատգամավոր դառնալու առաջին նախապայմանն է:
Ինչպես երեւում էՙ Մեջլիսի երդման արարողությանը նվիրված նիստը գումարվելու է ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցած «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորների բացակայությամբ, քանի որ նրանք դեռեւս հունիսի 23-ին նիստերը բոյկոտելու որոշում են ընդունել:
Բոյկոտի պատճառը Բարձրագույն ընտրական խորհրդի որոշումն է, համաձայն դրաՙ քրդական այս կուսակցության 36 պատգամավորներից 8-ը ընտրություններում հաղթելով հանդերձ, թեեւ մանդատ ստանում է, սակայն նաեւ զրկվում պատգամավորական անձեռնմխելիության իրավունքից:
Միաժամանակ անվավեր է ճանաչվում 8 պատգամավորների ընտրությունն այն պատճառաբանությամբ, թե նրանցից Հաթիփ Բիջլենը, որը Դիարբեքիրում շուրջ 80 հազար ձայն էր ստացել, PKK-ի հետ համագործակցելու համար դատարանի որոշմամբ ազատազրկվել է 1 տարի 8 ամիս ժամկետով, իսկ մյուսներըՙ որքան էլ դեռեւս ամբաստանյալ համարվեն, այնուամենայնիվ, նույն գործով են կալանվել, իսկ սահմանադրության 83-րդ եւ քր. օր.-ի 100-րդ հոդվածները արգելում են պատգամավորական անձեռնմխելիության իրավունքի տրամադրումն այն գործիչներին, որոնք հակապետական գործունեության համար ազատազրկվում կամ կալանվում են:
Թերեւս կարելի էր հասկանալ Բարձրագույն ընտրական խորհրդի պատճառաբանությունը, եթե միեւնույն խորհուրդը չհաստատեր այդ 8 պատգամավորի թեկնածությունը, որովհետեւ հաստատման պահին Հաթիփ Բիջլենն արդեն ազատազրկված էր, իսկ մյուս 7-ըՙ կալանված: Եթե սահմանադրությունն ու քրեական օրենսգիրքն արգելում է նման քաղաքացիներին ստանալ պատգամավորական անձեռնմխելիություն, ապա նրանց թեկնածությունն ինչպես է հաստատվում ընտրություններից առաջ: Նշանակում է, որ ընտրություններին կարելի է մասնակցել, բայց հաղթելու դեպքում պատգամավոր դառնալՙ ոչ:
«Խաղաղություն եւ ժողովրդավարության» 28 պատգամավորներ Մեջլիսի նիստերը բոյկոտելու որոշմամբ համերաշխություն են հայտնում պատգամավորի իրավունքները ոտնահարված ընկերներին: Նրանք միաժամանակ պահանջում են իրավունքների վեականգնումըՙ հայտարարելով. «Մեջլիսի նիստերի բոյկոտը կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի մեր ընկերների իրավունքների վերականգնման համար»:
Հատկանշական է, որ այս պատգամավորների բոյկոտին հավանություն է տվել նաեւ PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը: Նա, ինչպես երեկ նշել է «Դունյա բուլթենի» կայքէջը, հայտարարել է. «Եթե մինչեւ հուլիսի 15-ը որեւէ արդյունքի չհանգեն իշխանության ներկայացուցիչների հետ իր հանդիպումները, ապա շրջանառության մեջ կդրվի քուրդ ժողովրդի հեղափոխական պատերազմը: Թուրքիայի առջեւ երկու ճանապարհ կաՙ կամ հարցին ժողովրդավարության եղանակով սահմանադրական լուծում կտա, կամ էլՙ կբախվի ժողովրդի հեղափոխական պատերազմին»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ