«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2011-06-24 | #117, 2011-06-25 | #118, 2011-06-28


ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԼՈՒՐՋ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵՔ

Տարբեր երկրների տնտեսական զարգացումը, բարեկեցությունը եւ կյանքի պայմանները բնութագրելու համար հաճախ դիմում են համեմատությունների: Դրա համար կարող են գործարծվել տարբեր ցուցանիշներ, սակայն մեկ շնչին ընկնող ՀՆԱ մեծությունը ամենատարածված ցուցանիշն է ընդհանրական համեմատությունների համար:

Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տեսակետ հայտնեց, որ Հայաստանը գլորվում է անդունդը. եթե 2008 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն աշխարհում 114-րդ տեղում էր, ապա այժմ` 144-րդ: Ըստ Բագրատյանի. «Մնաց 30 երկիր, որ լրիվ վերջին տեղը հասնենք: Եթե երկու տարի այսպես շարունակվի, ապա Աֆղանստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով մեզ կանցնի»: Երեւույթն ինքնին հասարակական մտահոգության առարկա կարող է լինել, ուստի փորձենք համոզվել` որքանով է ստույգ նշված գնահատականը:

Տարբեր երկրների մակրոտնտեսական վիճակագրության եւ մասնավորապես ՀՆԱ-ի ցուցանիշների հավաքագրման եւ հրապարակման առումով ամենահեղինակավոր եւ վստահելի աղբյուր համարվում են Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկը (ՀԲ): Տվյալների աղբյուր կարող են ծառայել նաեւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), ՄԱԿ-ը եւ այլ կազմակերպությունները:

Եվ ուսումնասիրելով վերը նշված աղբյուրները` չկարողացանք պարզել, թե պարոն Բագրատյանը ինչ վիճակագրություն է օգտագործում իր քաղաքական հայտարարությունները մշակելիս: Թեեւ ՀՆԱ-ի ցուցանիշը մեկն է, սակայն կախված տվյալ աղբյուրի կողմից օգտագործվող երկրների քանակից, որեւէ կոնկրետ երկրի դիրքը կարող է փոխվել: Դրա համար մենք օգտագործում ենք ԱՄՀ եւ ՀԲ տվյալների բազաները, որոնք, համապատասխանաբար, ընդգրկում են թվով 185 եւ 190 տարբեր երկրներ: Ինչպես երեւում է բերվող գրաֆիկից, Հայաստանը 2008-ին եղել է ոչ թե 114-րդ, այլ, ըստ ԱՄՀ-ի տվյալների, 102-րդ, իսկ ըստ ՀԲ-ի` 109-րդ տեղում: Ճգնաժամի արդյունքում, իսկապես, Հայաստանի դիրքը համեմատության մեջ վատացել է` հասնելով 114-րդ տեղը: Սակայն, ըստ որեւէ լուրջ, հայտնի աղբյուրի, Հայաստանը չի գտնվել եւ չի գտնվում 144-րդ հորիզոնականում: Նույնիսկ, ըստ 2011-ի համար տրվող գնահատականների, կանխատեսվում է, որ Հայաստանը կհայտնվի վատագույնը 115-րդ տեղում:

Այդպիսով, պարոն Բագրատյանը կրկին չափազանցնում է, օգտագործում է անհայտ տվյալներ իր եզրակացությունների եւ պնդումների համար եւ, այս ամենն անելով, շատ վստահ կեցվածքով փորձում մարդկանց ապակողմնորոշել եւ ցույց տալ, թե որքան գորշ է մեր կյանքը:

Ի դեպ, պետք է նկատել, որ 190 երկրների ցանկում Հայաստանի դիրքի հետընթացը դեռեւս չի նշանակում, որ մեր կյանքն էլ ավելի անտանելի է դարձել, կամ երբ ավելի լավ դիրքում էինք` ապա մեր կյանքը լավ էր: Իսկ մենք կարծում էինք, թե մտածելու ունակ մարդն իրականում ավելի լուրջ անելիք պետք է որ ունենար:

Մ. ՍԵՄԵՐՋՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4