Յունիբանկը շարունակում է ամրապնդել իր դիրքերը բանկային քարտերի շուկայում` արձանագրելով քարտային բիզնեսի զարգացման նշանակալի աճ: 01.06.11թ.-ի դրությամբ Բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 69 100` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 57.4 %-ով: Յունիբանկի կողմից թողարկված Visa միջազգային քարտերի քանակը կազմել է 53 163, իսկ ArCa քարտերի քանակը` 15 943: Քարտերի քանակի ավելացումը հիմնականում պայմանավորված է նոր վարկային ծրագրերի իրականացմամբ, որոնց հիմնական նպատակը հաճախորդների սպառողական տարբեր կարիքների բավարարումն է: Յունիբանկում հնարավոր է վարկային քարտ ձեւակերպել բժշկական, տուրիստական, ապահովագրական ծախսերը հոգալու կամ կենցաղային եւ էլեկտրական տեխնիկա ձեռքբերելու, ինչպես նաեւ առօրյա կյանքում անհրաժեշտ այլ տեսակի ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար: Բանկը վարկային քարտ է առաջարկում նաեւ ընդհանուր սպառողական նպատակների համար` U-Buy: Այս քարտով հաճախորդը կարող է գնումներ կատարել խանութներում, վճարել ծառայությունների դիմաց կամ կանխիկ գումար ստանալ: Վարկի գումարը կազմում է մինչեւ 1 մլն դրամ, ժամկետը` 24 ամիս: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 22 տոկոս, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Վարկի ձեւակերպման պարզ գործընթացը եւ վարկառուի հանդեպ նվազագույն պահաջները բարձրացնում են Յունիբանկի քարտերի հասանելիությունը հասարակության լայն շերտերի համար: Վարկային քարտը ձեւակերպելու համար անհրաժեշտ է դիմել Յունիբանկի 37 մասնաճյուղերից մեկը եւ ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթը` անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից:
Քարտապանների հարմարավետ սպասարկման նպատակով Բանկն ընդլայնում է նաեւ բանկոմատների ցանցը: Ներկա դրությամբ Բանկի բանկոմատների քանակը կազմում է 70, որոնք տեղադրված են մայրաքաղաքի տարբեր շրջաններում եւ մարզերում: Մինչեւ տարեվերջ Յունիբանկը նախատեսում է շահագործման հանձնել 50 նոր բանկոմատ: