«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2011-06-24 | #117, 2011-06-25 | #118, 2011-06-28


ԱՅԴ ՆՐԲԻՆ «ՖՐԱՆՍՈՒՀԻՆ»

Սեր եւ արցունքներ, միայնություն ու դառնություն, անցյալի երջանկության ետեւից սլացող սլաքների խելահեղ հետպտույտներ ու մի հեկեկող «ֆրանսուհի»...

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ղազանչյանի դերացանկում առանձնանում են հզոր ու ըմբոստ, կամային, վճռական, դրամատիկ հերոսուհիները, ովքեր հաստատակամ են, պայքարող, անկեղծ զգացմունքներով, նվիրվող: Դերասանուհին մենաթատրոնի ժանրում ներկայանալու բավական փորձ ունի, նա ուրույն ու անհատականացված գծերով մարմնավորել է շեքսպիրյան նշանավոր հերոսուհիների, որոնց բնորոշ է ակտիվ ու կրքոտ, բռնկուն խառնվածքը: Եվ ահա Պիաֆը:

էդիթ Պիաֆի կենսագրությունը բավական հակասական է` բազմաթիվ սերերով ու հիասթափություններով, անկումներով ու երգի միջոցով կրկին ապրելու, պայքարելու հաստատ որոշմամբ: Մարիամ Ղազանչյանի Պիաֆը կյանքի մի շրջանում է, որտեղ նա միայնակ տառապում է իր նվիրական սիրո` Մարսել Սերդանի մահվան պատճառով:

Մարիամի ֆրանսուհին նրբիրան է, վիշտը դեմքին, ասես խենթացած ու իր «գողացված» սիրո տենդագին որոնումներում` պահանջատեր: Նա սեւազգեստ է, որոնող հայացքով եւ իր սիրո պես վեհ տառապանքով: Կերպարը կարծես գործում է կանգ առած ժամանակի մեջ, ներփակված իր մռայլ ու սեւ աշխարհում, փորձելով հիշողությունների ու սպիրիտիզմի միջոցով զգալ Մարսելի ներկայությունը: Ներկայացման գրական հյուսվածքը կառուցված է երգչուհու երգացանկից ընտրված ամենադրամատիկ ու թատերային երգերի շուրջ, որի շնորհիվ Մարիամ Ղազանչյանը հնարավորություն է ստանում ներկայանալ իր երաժշտական տվյալներով, ձայնի կրքոտ ու բռնկուն դրսեւորմամբ, բարդ կատարողական խնդիրներ պահանջող երգերի մաքուր հնչեցմամբ: Ռեժիսորի (Հակոբ Ղազանչյան) այսպիսի երաժշտական ու թատերային մոտեցումը նոր խոսք է ժամանակակից թատերական ասպարեզում ու բերում է նոր գեղագիտություն:

Դերասանուհին կարողանում է կերպարի ինքնաարտահայտման միջոցներ ընտրել, խաղարկել իրեր (ինքնաթիռի վերածվող նամակ, հեռախոս, ժամացույց): Բեմական տարածության կազմակերպումը (բեմ. նկարիչ` Հ. Ղազանչյան) ասես վերժամանակյա է, սիմվոլ-իրերով ձեւավորված, ռեժիսորական մտահղացումները` որոշակի գաղափարական միտվածության տանող: Ռեժիսորը ամեն երգի համար կարծես ստեղծում է երաժշտական փոքրիկ ներկայացում ու դրա հանգուցալուծման մեջ թողնում անհույս ու տառապող միայնակ Պիաֆին: Այս երաժշտական կոմպոզիցիաների ընդհանրությունը կորսված սիրո ու դրա հետ չհաշտվող կնոջ տառապանքն է:

Ներկայացման առաջին տեսարանում դաշնամուրի առջեւ նստած է Պիաֆ-Մ. Ղազանչյանը: Նա ռիթմիկ հարվածում է ստեղներին եւ հետզհետե ահագնացնում հարվածները. սպասումը կտրուկ հանգում է պոռթկման: Դերասանուհին կերպարի ներքին զգացողությունների ու ցավի կրողն է դարձնում ջղաձգորեն շարժվող ու ասես կոտրատվող մատները: Նա վճռականորեն մոտենում է սեղանին ու փորձում ոգեհմայության ու ըմպելիքների, հեռախոսի օգնությամբ կապ հաստատել Մարսելի հետ: Նրա խոսքերը աղերսող ու պահանջող երգերն են դառնում` երբեմն հեկեկոցի ու արցունքի մեջ խեղդվող հնչյուններով: Կերպարը սկսում է բացահայտվել դանդաղ ու տխուր արտաբերվող «Մարսել» անվամբ, ով այդպես էլ մնում է հերոսուհու «բաղձանքների անորսալի առարկան»: Երբեմն նրան թվում է, թե իրեն ձայնում են անդրաշխարհից ու նա փորձում է արձագանքել` դիմելով այլաբանական ձայներ արձակող հեռուստացույցանման սարքին, պահանջում անսալ իր բողոքն ու վիշտը: Սա ներկայացման դրամատիկ, կուլմինացիոն տեսարաններից է եւ դերասանուհին Էդիթ Պիաֆին ներկայացնում է որպես անզուսպ ողբով տառապող սիրահարի, ում հանկարծ վրա է հասնում ներկայի գիտակցությունը ու նա բղավում է, հարվածում հատակին, փորձում պատռել հագուստն ու գետնատարած լինում, հեկեկում:

Անզուսպ կրքի ու սիրո գեղեցիկ հուշերի արտահայտություն է բռնցքամարտի ձեռնոցների խաղարկման տեսարանը, որոնց սկզբում մերժում է Պիաֆը, ապա վերապրում ու անձնատուր լինում դրանց գգվանքներին: Կորստի զգացողությունը սաստկանում է, միայնությունը դառնում ահաբեկող: Բեմ բերելով ձեռնոցներ` ռեժիսորը ասես Մարսելի մասին հաղորդագրություն է ուղարկում հանդիսատեսին:

Պակաս նշանակալի չէ նաեւ երաժշտության դերը ներկայացման մեջ. անընդհատ լսելի են անխնա հնչող հարվածող ռիթմեր, անհուսություն ու անելանելիություն մատնանշող մեղեդիներ, որոնք բեմում ներկայացվող իրավիճակի առավել ծանր ու մռայլ ընդգծումն են:

Ներկայացման մեջ կա որոշակի պաղ ու անդրաշխարհային աուրա, որը զգաստացնող է սիմվոլ-իրերի, աղմուկների շնորհիվ: Այն առկա է անգամ տաք ու ջերմ հիշողությունների կողքին: Երաժշտական ու բեմական իրավիճակների հստակ կազմակերպման շնորհիվ ներկայի ու անցյալի սահմանազատումն արդարացված է ու ներկայացվում է դինամիկ հաջորդականությամբ:

Ավարտական տեսարաններից մեկում տեսնում ենք Պիաֆին` երկընտրանքի առջեւ: Բեմի ետնամասում չարագուշակ կարմիր լուսավորում է, որը ստեղծում է տագնապի զգացողություն: Թվում է Պիաֆը մտորում է մահվան մասին, սակայն, ֆինալում ռեժիսորը օգտագործում է բեմի (Պատանի հանդիսատեսի թատրոն) ետնամասը` սպիտակ կտավի միջոցով ստանալով ստվերային լուծումներ ու պարանե էյֆելյան աշտարակ` դեպի ուր էլ դանդաղ ու հաստատակամորեն բարձրանում է Պիաֆը` ասես ապրելու ու երգելու հաստատ համոզմամբ:

...Ծնվում է մի նոր երգ ու թեւածում ավարտված երջանկության վերջին ակորդներով:

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԵԹԿՊԻ թատերագիտության ֆակ., 3-րդ կուրս

Նկար 1. Պիաֆ-Մարիամ Ղազանչյան

Նկար 2. Դերասանուհին եւ ռեժիսորը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4