Երեկ «Ավանգարդ ֆոլկ» երաժշտական ակումբում համերգային ծրագրով հանդես եկան մոսկովյան «Дети Пикассо» ռոք խմբի կիթառահար Կարեն Հարությունյանն ու «Վիտամին ակումբի» շոումեն Գարիկ Պապոյանը: Համերգին հնչել են ստեղծագործություններ «Дети Пикассо»-ի երգացանկից, նաեւ հնչել են ճանաչված ռոք ստեղծագործությունների մշակումները:
Գարիկ Պապոյանի փոխանցմամբ` աշնանը նախատեսվում է Հայաստան հրավիրել նաեւ «Дети Пикассо»-ի մեներգչուհուն` Գայանե Հարությունյանին, որը Կարեն Հարությունյանի հետ հիմա հանդես է գալիս հունգարական Masfel խմբում:
«Дети Пикассо» խումբը հիմնադրել են մոսկվայաբնակ Կարեն ու Գայանե Հարությունյանները 1997 թվականին: Իր գործունեության ընթացքում խումբը թողարկել է 7 ալբոմ, 2 սինգլ ու 12 տեսահոլովակ, հանդես է եկել համերգներով Եվրոպայում ու Ռուսաստանում: Հիմա խումբը ժամանակավորապես կասեցրել է իր գործունեությունը, սակայն Կարեն ու Գայանե Հարությունյանները շարունակում են իրենց կարիերան Masfel ռոք խմբում:
Ի. Պ.