Վերջնագիծը հատեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին կեսը: 14-րդ տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ: Դաշտի տերերից հաջողության հասավ միայն «Արարատը»:
Տուրը հաջող էր առաջատարների համար, որոնք հերթական հաղթանակները տոնելով, ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը: Առաջնության միանձնյա առաջատար Կապանի «Գանձասարը» հյուրընկալվել էր «Բանանցին»: Հյուրերի կազմում բացակայում էր Արթուր Քոչարյանը: Չնայած դրան, «Գանձասարը» խելացիորեն օգտագործելով ստեղծված հնարավորությունները, կարողացավ չափազանց կարեւոր հաղթանակ տոնել: 17-րդ րոպեին Ալեն Համբարձումյանը մենմենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, բացեց հաշիվը: Այդ միակ գոլն էլ վճռեց հանդիպման ելքը:
Տուրի կենտրոնական խաղը «Միկայի» եւ «Փյունիկի» մրցավեճն էր: Փյունիկցիների կազմում բացի «Մետալուրգ» մեկնած Գեւորգ Ղազարյանից ու Մարկոսից, բացակայում էր վնասվածք ստացած Էդգար Մանուչարյանը: «Միկայի» կազմում չէր խաղում թիմի ավագ Հրայր Մկոյանը, որը որակազրկված էր: Թվում էր, թե «Միկային» չի հաջողվի դրական արդյունքի հասնել չեմպիոնի նկատմամբ, որին հաղթել էր առաջին շրջանում: Երկու թիմերն էլ ունեցան դարպասները գրավելու հիանալի պահեր, սակայն միայն մեկ անգամ գնդակը հայտնվեց դարպասում: Հաջողությունն ուղեկցեց «Փյունիկին»: 24-րդ րոպեին հսկողությունից դուրս մնացած «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խփեց հանդիպման միակ գոլը:
«Ուլիսն» էլ այս տուրում հաղթեց: «Իմպուլսի» հետ հանդիպումը կայացավ Աբովյանի մարզադաշտում: Այստեղ էլ հանդիպման ելքը վճռեց միակ գոլը, որը 31-րդ րոպեին դիլիջանցիների դարպասն անցկացրեց Արտյոմ Ադամյանը: Ավելի գոլառատ ստացվեց միայն «Արարատ»-«Շիրակ» հանդիպումը: Արարատցիները, որոնք վերջին շրջանում զգալիորեն կարգավորել են խաղը, 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին: Դա «Արարատի» 2-րդ հաղթանակն էր առաջնությունում: Արդեն 14-րդ րոպեին արարատցի Խորեն Վերանյանը հստակ իրացրեց 11 մ հարվածը: Շատ հաջող ստացվեց արարատցի Արա Հովհաննիսյանի մուտքը խաղադաշտ: Ընդմիջումից անմիջապես հետո մտնելով խաղադաշտ, նա գրավեց Լոգվինովի պաշտպանած դարպասը: Շիրակցիներին միայն խաղավերջում հաջողվեց «թրջել» հաշիվը: Աչքի ընկավ գյումրեցի Կարեն Գ. Խաչատրյանը:
Այսպիսով, «Գանձասարը» դարձավ առաջին կեսի հաղթող: Իր պատմության մեջ թիմը լավագույն արդյունքն է ցույց տվել: Արդեն ուրվագծվել են այն 3 առաջատարները, որոնց միջեւ էլ կընթանա պայքարը մրցանակային տեղերի համար: Առաջատար եռյակը զգալիորեն առաջ է անցել մրցակիցներից: Բավական է նշել, որ «Ուլիսի» եւ «Միկայի» միջեւ միավորների տարբերությունը հասել է 9-ի: Այժմ առաջնությունում գրեթե մեկամսյա դադար է հայտարարված, որի ընթացքում եվրոգավաթների մասնակից մեր 4 թիմերն իրենց հանդիպումները կանցկացնեն:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Գանձասար | 14 | 8 | 5 | 1 | 18-6 | 29 |
2. Փյունիկ | 14 | 8 | 3 | 3 | 22-14 | 27 |
3. Ուլիս | 14 | 8 | 3 | 3 | 19-11 | 27 |
4. Միկա | 14 | 5 | 3 | 6 | 15-14 | 18 |
5. Իմպուլս | 14 | 5 | 3 | 6 | 16-16 | 18 |
6. Շիրակ | 14 | 3 | 4 | 7 | 12-17 | 13 |
7. Բանանց | 14 | 2 | 6 | 6 | 15-21 | 12 |
8. Արարատ | 14 | 2 | 3 | 9 | 10-28 | 9 |
Ռմբարկուները
Մարկոս Պիզելի | «Փյունիկ» | 6 |
Էդգար Մանուչարյան | «Փյունիկ» | 6 |
Բրունո Կորեա | «Բանանց» | 5 |
Արտյոմ Ադամյան | «Ուլիս» | 5 |