Իրացման գոտում գտնվող Աբովյան փողոցի 4/6, բնակարան 3-ի սեփականատեր Ալբերտ Բաբաջանյանի դժգոհությանը «ԱՎՈ ՖՀՄ» կառուցապատող ընկերությունից, մեր թերթում անդրադարձել ենք: Ըստ բնակչիՙ ընկերությունը չի պահպանել իրեն առաջնահերթության սկզբունքով նոր շենքում բնակարան հատկացնելու կարգը, պայմանագրով նշված ժամկետից ուշ հատկացնելով բնակարանը: Դրա համար կառուցապատողը պետք է յուրաքանչյուր ուշացած օրվա համար վճարեր կառուցվող բնակարանի տվյալ պահի շուկայական արժեքի 0,01 տոկոսը, ինչը նույնպես չի արել, կուտակելով 16,7 մլն դրամ տույժ, բայց հրաժարվում է նաեւ դա վճարել: Նախագծային փաստաթղթերից էական շեղումներ կան: Օրինակՙ նախագծով բաց պատշգամբը կառուցապատողը հետագայում փակել է եւ բնակարանի ապագա սեփականատիրոջ վրա հաշվարկել որպես բնակելի մակերես, մինչդեռ բաց պատշգամբը գնահատվում է որպես ոչ բնակելի մակերես եւ ավելի ցածր արժեքով:
Այս բոլոր հարցերով Ալբերտ Բաբաջանյանը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան: Դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել բնակչի պահանջը, որը, սակայն, չի բավարարել Ալբերտ Բաբաջանյանին: Նրա կարծիքով, դատավոր Ա. Մելքումյանը, վճիռը կայացնելիս, չի կիրառել մի շարք օրենքների պահանջները եւ խախտել է մի քանի այլ օրենքների հոդվածները: Մասնավորապես, Ալբերտ Բաբաջանյանը նշում է, որ դատարանը խախտել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածը, ինչպես նաեւ ՀՀ քաղօրենսգրքի 369 հոդվածի պահանջը, որը նախատեսում է տուժանքի կիրառում պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ուստի Ալբերտ Բաբաջանյանը դատարանի վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան եւ պատրաստվում է շարունակել պայքարը մինչեւ Եվրոպական դատարան:
Ա. Մ.