«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2011-06-25 | #118, 2011-06-28 | #119, 2011-06-29


«ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ» 10 ՏԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս տարի լրացավ «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության գործունեության 10 տարին Հայաստանում: Այս ավիաընկերությունը մրցակցում է աշխարհի հայտնի ավիափոխադրողների հետ` առաջարկելով եվրոպական ամենամեծ ավիացանցը, ամբողջ աշխարհում թռիչքներ կազմակերպելով 130 ուղղություններով: Միայն 46 ուղղություն սպասարկում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում: 2010 թվականին ունեցել է 11 մլն ուղեւոր, ընդ որում` ուղեւորների զգալի մասը ընկերության գլխավոր օդանավակայան` Վիեննա են թռչում, այնտեղից շարունակելով այլ ուղղությամբ: Մի խոսքով` «Ավստրիական ավիաուղիները» շուկայի առաջատար է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում` թռիչքներ իրականացնելով նաեւ Միջին Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա: Միակ ընկերությունն է, որ Բաղդադ թռիչքներ է իրականացնում, ամենօրյա թռիչքներ ունի Տորոնտո, Նյու Յորք եւ Վաշինգտոն: Գանք վերջապես Հայաստան` նշելով, որ 2001-ից «Ավստրիական ավիաուղիները» չվացուցակային թռիչքներ է իրականացնում Երեւանից Վիեննա: Ներկայումս Երեւանից շաբաթական 6 թռիչք է իրականացվում Վիեննա եւ այլուր: Ունի 81 ինքնաթիռ, այդ թվումՙ Այ- 320 եւ Բոինգ 737-երը` նոր ներքին հարդարմամբ եւ դիզայնով: Մի խոսքով` «Ավստրիական ավիաուղիները» համարվում է ամենամրցակցող ընկերություններից մեկը, եւ չնայած տարածաշրջանային բավական մեծ մրցակցային միջավայրին, շատ հարմարավետ է զգում իրեն Հայաստանում:

Հայաստանյան 10-ամյա գործունեության առթիվ երեկ լրագրողներին հանդիպեցին ընկերության` հիմնական շուկաների գծով տնօրեն Պատրիկ Մաք Դերմոդտը եւ ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուկաս Նեգեդլին , ովքեր համառոտ ներկայացրին ընկերության 10-ամյա գործունեության արժանահիշատակ պահերն ու առաջարկները հաճախորդին: Հանդիպմանը ներկա Հայաստանում Ավստրիայի դեսպան Մայքլ Փոսթլը խոսեց հայ-ավստրիական կապերի, մասնավորաբար` նաեւ հայ-ավստրիական օդային համագործակցության մասին: Ընկերության ղեկավարներն ասում էին, թե Վիեննա ժամանող հայ ուղեւորը Վիեննայում կգտնի օդային հաղորդակցության ամենամեծ ցանցը` իր ուղեւորությունը շարունակելու 100 ուղղության հնարավորությամբ, այդ թվում Ասիա եւ ամերիկյան մայրցամաք: Երեւան-Վիեննա չվերթերը ամեն օր են (բացառությամբ` հինգշաբթի օրվա), Երեւանի ժամանակով վաղ լուսաբացին (05:25), Վիեննա-Երեւանը նույնպես ամեն օր (բացի չորեքշաբթի օրվանից) 22:20-ին, Վիեննայի ժամանակով: Ընկերության Երեւան-Վիեննա եւ հակառակ չվերթի տոմսերի գնային առաջարկըՙ միջին է, կա նաեւ առաջարկ այսպես կոչված կարմիր տոմսի տարբերակ, որը շատ էժան տոմս որոնողների համար է (199 եվրո):

Անցած տարի 35 հազար հայ ուղեւոր է օգտվել Երեւան-Վիեննա կամ հակառակ չվերթերից: Մի խոսքով` ընկերության առաջարկները գրավիչ են հայ ուղեւորի համար: Ընկերության ներկայացուցիչներն ասում էին, թե Վիեննայի օդանավակայանը ամենաարագ տարանցիկ օդանավակայանն է` ամենակարճ կապակցման ժամանակով` 25 րոպե, ուղեւորների եւ ուղեբեռի հեշտ եւ արագ, առանց քաշքշուկի տեղափոխմամբ մի թռիչքից մյուսը:

Խոսելով Ավստրիայի հրապույրների մասին, որոնք լայնորեն գովազդվում են Երեւան-Վիեննա թռիչքների ժամանակ ուղեւորներին մատուցվող ամենատարբեր բնույթի տեղեկատվության միջոցով, ընկերության ներկայացուցիչները պատմում էին կայսերական կառույցների, Մոցարտի ներկայության, վիեննական սրճարանների, հիանալի բնապատկերների, Ալպյան լճերի հիասքանչ հարմարավետության մասին. «Ե՛վ ամռանը, ե՛ւ ձմռանը ալպյան բնություն վայելելը երբեք այսքան հեշտ չի եղել», ասում էին նրանք` նկատի ունենալով Վիեննա մեկնելու հարմարավետ, ամենօրյա եւ համեմատաբար մատչելի գնով ընկերության առաջարկը նաեւ հայ ուղեւորին, որը նաեւ հնարավորություն է Վիեննայից հետո երկրի ներսում գործող ավիաթռիչքներով մեկնելու Ինսբրուկ, Զալցբուրգ, Գրաց եւ այլ հայտնի հանգստավայրեր:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4