Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու նպատակով Հունաստանի ափերի մոտ կազմավորված «Ազատության նավատորմիղը» երեկ հերթական անգամ չի կարողացել ծով դուրս գալ: Այս անգամ պատճառը իսրայելցի փաստաբանների «Շուրաթ ա Դին» կազմակերպության գործողություններն են: Հրեա փաստաբանները Հունաստանի ափամերձ պաշտպանության մարմիններին ներկայացրել են փաստաթղթեր, որոնց համաձայնՙ նավատորմիղի 10 նավերից 7-ը չունեն անհրաժեշտ ապահովագրություն կամ գրանցում:
Բացի դրանից, «Շուրաթ ա Դինը» կապ է հաստատել ծովային նավերի ապահովագրությամբ զբաղվող 30 ընկերությունների հետ, նախազգուշացնելով, որ տվյալ նավատորմիղի նավերի ապահովագրումը կարող է հանգեցնել դատական հայցերի հարուցման, քանի որ այդ նավերով պատրաստվում են Գազայի հատված մեկնել «Համասի» ակտիվիստներ (կազմակերպությունն ահաբեկչական է համարվում ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում):
«Ազատության նավատորմիղի» համակարգող Ադամ Շապիրոն իր հերթին «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում պնդել է, թե բոլոր 10 նավերն ունեն անհրաժեշտ ապահովագրեր եւ նավագնացային փաստաթղթեր: Սակայն, դատելով ըստ ամենայնի, դա այդպես չէ, նշում է newsru.co.il կայքը:
Արաբական մամուլում վերջին օրերին քննարկվում է նավատորմիղի նավերից մեկի շարժիչի խափանման փաստը: Գլխավոր վարկածը իսրայելական «Մոսսադի» գործակալների կազմակերպած նենգադուլն է, թեեւ խափանմանը «Մոսսադի» մասնակցության համոզիչ վկայություններ չեն բերվում: