«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2011-06-28 | #119, 2011-06-29 | #120, 2011-06-30


ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆՙ «ԱՐՄՄՈՆՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Ավանդույթի համաձայնՙ մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի 2-րդ մասը անցկացվում է հանրապետության որեւէ մարզում: Անցած տարի կայացավ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Գարնանը մեկնարկած «Արմմոնոն» հուլիսի 18-22-ը կհյուրընկալվի ԼՂՀ-ի տարբեր քաղաքներում: Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ Արցախում անցկացվող փառատոնը նվիրվում է Արցախի անկախության հռչակման 20-ամյակին: ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությանը միացել է ԼՂՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Փառատոնի հինգ օրերի ընթացքում կներկայացվի 18 մոնոներկայացում, որոնցից առաջացած եկամուտը ամբողջությամբ կտրամադրվի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. պետական թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքներին: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. պետ. թատրոնումՙ Ռոբերտ Հակոբյանի «Ձեզ եմ դիմում, տիկնայք ու պարոնայք» եւ Սամվել Բաղինյանի «Մատյան ողբերգության» մոնոներկայացումներով: Փառատոնային ներկայացումները կցուցադրվեն Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում, Քարինտակի, Հաթերքի, Նորագյուղի, Ազոխի մշակույթի տանը, Քարվաճառի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում, Ճարտարի մշակույթի պալատում: Փառատոնի հանդիսավոր փակումը հուլիսի 21-ին կրկին կլինի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. պետ. թատրոնումՙ «Վերադառնում եմ, մոռացեք» Զարուհի Խաչատրյանի մոնոներկայացումով: Իսկ հուլիսի 22-ինՙ Բերձորի թիվ 1 հանրակրթական դպրոցի հանդիսությունների դահլիճումՙ համերգային ծրագրով կազդարարվի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի փակումը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4