«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2011-06-29 | #120, 2011-06-30 | #121, 2011-07-01


«ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՎԻ ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ»

«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցությունների կողմ չէ, բոլոր տեսակի հանդիպումներն ու այցելությունները կրում են խորհրդակցական բնույթ»: Կազանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները վերլուծելիս նման կարծիք հայտնեց Աժ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը :

Նրա մեկնաբանությամբ` կազանյան հանդիպումից որեւէ լուրջ ակնկալիք ունենալը իրատեսական չէր: Իսագուլյանի գնահատմամբՙ եթե զինադադարից հետո 17 տարվա ընթացքում ղարաբաղյան խնդրի համար քաղաքական լուծում չի գտնվել, դա նշանակում է, որ այն պետությունները, որոնք ակտիվ մասնակցություն ունեն կոնֆլիկտի գործում, եւ հակամարտող կողմերը չեն գտել որեւէ լուծում, որը կբավարարի երկու կողմերին էլ»:

Իսագուլյանի մեկնաբանությամբ` զիջումների գնալու տեղ Հայաստանն այլեւս չունի. զիջումների տարբերակը հայկական կողմը փորձել է, սակայն դրական արդյունքի չի հանգել: «Կյանքը ցույց է տվել, որ զիջման դեպքում Ադրբեջանի դիրքորոշումն է՛լ ավելի է կոշտացել»:

Իսագուլյանի գնահատմամբ` հայկական կողմից զիջում էր, երբ 1998թ. Արցախը դուրս եկավ բանակցային գործընթացից: Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության դե յուրե չճանաչելը զիջում է: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի` 1995թ. խորհրդարանում Լեռնային Ղարաբաղից ընտրված պատգամավորների չլինելը նույնպես զիջում էր: «Մենք զիջում արել ենք ե՛ւ մինչեւ 1995թ., ե՛ւ դրանից հետո: Այսօր նորից գնալ զիջումների եւ մտածել, որ Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, ճիշտ չէ, քանի ո վերջինս սպառազինության տենչը չի հագեցրել եւ շարունակում է ռազմատենչ հայտարարություններ կատարել»:

Այժմ Հայաստանը պետք է միջազգային հանրությանը ցույց տա, որ զիջում անելու տեղ չունի:

ՀՀ նախագահի ներկայացուցչի խոսքերով, խոսակցություններում շրջանառվող 7 շրջանները որեւէ փաստաթղթով ֆիքսված չեն, քանի որ նման զիջումը կբերի Ադրբեջանի` ստրատեգիական առումով ռազմական դիրքի լավացմանն ու ավելի ագրեսիվությանը:

Իսագուլյանի խոսքերով`առաջնահերթ պետք է որոշվի ԼՂՀ-ի կարգավիճակը. դրանից հետո կարելի է խոսել մնացած խնդիրների մասին:

Նա կանխատեսում է, որ մոտակա 2 տարվա ընթացքում հարցի լուծումը կգտնվի մեկուսի վիճակում: Նախընտրական շրջան է Հայաստանում, Ադրբեջանում եւ եռանախագահող երկրներում: «Եթե ինչ-որ բան էլ ստորագրվի, ապաՙ զինադադարի փաստաթուղթ, դրանից հետո ուրիշ փաստաթղթեր կարող են հայտնվել սեղանին»:

Իսագուլյանի գնահատմամբ` պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կպարտվի: Հայաստանը սպառազինությամբ ու մարտական հոգեբանության պատրաստվածությամբ չի զիջում Ադրբեջանին:

Փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով էլ Կազանի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին հնարավորությունն էր` լուծելու ղարաբաղյան հարցը: Նա համոզված է, որ Մինսկի խմբի ձեւաչափը պետք է փոփոխության ենթարկվի:

«ԵՄ-ը ջանքեր է գործադրում աջակցել Մինսկի խմբին` միաժամանակ չգրավելով նրա տեղը: Ամեն դեպքում ԵՄ որոշ ներկայացուցիչներ ցանկանում են փոխարինել Մինսկի խմբի որոշ ներկայացուցիչների` հատկապես Ֆրանսիայի համանախագահին: Եվրոպայում մտածում են նաեւ բանակցային գործընթացում ներգրավել ԼՂՀ-ն: Այդ առումով բանավեճեր են ընթանում, սակայն վերջնական արդյունք դեռեւս չկա»:

Կիրակոսյանի գնահատմամբ` Ադրբեջանը գիտակցում է, որ թեպետ վերջին տարիներին ավելացնում է սեփական սպառազինության ծախսերը, սակայն պատերազմում պարտություն է կրելու:

Վտանգը պատահական պատերազմի հավանականության մեջ է, ինչպես դա պատահեց 2008-ին Հարավային Օսիայումՙ սխալ հաշվարկների պատճառով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4