«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2011-06-29 | #120, 2011-06-30 | #121, 2011-07-01


Ո՞ՒՐ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՓՈՂԵՐԸ

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանում կայացած հանդիպումից անցավ մեկ շաբաթ: Սակայն ո՛չ նախագահ Սարգսյանը, ո՛չ էլ նրա ադրբեջանցի գործընկերը որեւէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեկան` գոնե ամեն մեկն իր տեսակետից պարզաբանելու, թե ի՞նչ տեղի ունեցավ Կազանում, իսկ ավելի կարեւոր է` ինչո՞ւ: Երեւանն ու Բաքուն Կազանից հետո «միմյանց հետ» խոսեցին միայն արտգործնախարարների մակարդակով: Մասնավորապես` ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը Կազանի հանդիպումից անմիջապես հետո նշեց, որ բեկում չեղավ, քանի որ առաջարկված եւ փաստորեն արդեն վերջնական ստորագրման համար առաջարկված փաստաթղթին «Ադրբեջանը վերջին պահին ներկայացրեց տասնյակ նոր առաջարկություններ»: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն իր հերթին «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը նշեց. «Ցավոք, հայկական կողմը հերթական անգամ չափից դուրս մեծ զիջումներ պահանջեց: Կազանի հանդիպումը ցույց տվեց, որ հայկական կողմը խեղաթյուրում է 7 տարի ձգվող բանակցային առկա գործընթացը»: Մամեդյարովի հաջորդ միտքը շատ ավելի հետաքրքրական է. «Չնայած այս ամենին` կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները: Անգամ տպավորություն կա, որ նախագահները պատրաստակամ են բավական ինտենսիվ աշխատելու այս ուղղությամբ»: Մամեդյարովի հայտարարության այս մասը առավել հետաքրքրական է այն առումով, որ սա նման է մի երկրի դիվանագետի հայտարարության, որը չի կարող ասել, թե «ինչո՞ւ չստացվեց» Կազանում, բայց կարող է եւ պետք է երաշխավորի` ու հատկապես շահագրգիռ միջնորդներին, որ իր երկիրը պատրաստակամ է շարունակելու բանակցությունները` «միայն որոշ ժամանակ տվեք. ոչ հիմա»: Թե ինչո՞ւ է Բաքվին անհրաժեշտ ժամանակըՙ կարելի է մի շարք պատասխաններ գտնել` ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ Ադրբեջանի ներքին իրողության ոլորտներից: Սակայն մինչ այդ փորձենք հասկանալ` ի՞նչ տվեց Կազանը: Ստատուս քվոյի պահպանում եւ միեւնույն ժամանակ կողմերի պարտավորության ստանձնում` շարունակել խաղաղ բանակցությունները. սա` ընդհանուր առմամբ: Իսկ ո՞ւմ են պետք ստատուս քվոյի պահպանումն ու խաղաղ բանակցությունները շարունակելու պարտավորության ստանձնումը: Նախ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները Դովիլում հնչեցրեցին հայտարարություն, ըստ որի ներկայիս իրավիճակը, այսինքն` ստատուս քվոն, անվանեցին «անընդունելի»: Հետեւաբար` եռանախագահողներին հաստատապես ստատուս քվոյի պահպանումը պետք չէ: Սրա ապացույցները ստացանք նաեւ Կազանի հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում, որտեղ, հիշեցնենք, պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդը «հիասթափեցնող» անվանեց Կազանի հանդիպման արդյունքը: Իսկ ռուսական «Կոմերսանտ» թերթի «դիվանագիտական անանուն աղբյուրները» նշեցին, որ նախագահ Մեդվեդեւը նույնպես խոր հիասթափություն է ապրել Կազանի հանդիպման արդյունքից եւ կողմերին ասել, թե «ինքը հաջորդ նման հանդիպմանը կմասնակցի միայն այն ժամանակ, երբ կողմերը վճռականություն ունենան ստորագրելու առաջարկված փաստաթուղթը»: Ու քանի որ Կազանից հետո պաշտոնական Մոսկվան առհասարակ հայտարարությամբ հանդես չեկավ, ստիպված ենք փաստորեն բավարարվել «Կոմերսանտ»-ի «անանուն աղբյուրներով»:

Եռանախագահող մյուս երկրից` Ֆրանսիայից, Կազանից հետո նույնպես հնչեց հայտարարություն, որը չի պարունակում արտահայտություններ` «Փարիզի հիասթափության» վերաբերյալ, եւ միայն հույս է հայտնում, որ Կազանում կողմերի ստանձնած պարտավորությունը` շարունակել խաղաղ բանակցությունները, ի վերջո արդյունքի կբերեն: Այս «համատարած հիասթափության» համայնապատկերում Փարիզի նման ձեւակերպումները անսպասելի չեն: Հիշեցնենք` Կազանի հանդիպումից առաջ Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները` Բրադկեն ու Ֆասիեն, ելույթ ունեցան Եվրոպայի խորհրդում, որտեղ բավական ուշագրավ հայտարարություն արեց ֆրանսիացի Ֆասիեն. «Եթե Կազանում կողմերը չհամաձայնեն առաջարկված տարբերակին, ապա միջնորդները կներկայացնեն նոր առաջարկություններ»: Հետեւաբար` Փարիզը «հիասթափեցնող» Կազանից հետո պետք է եւ արդարացներ իր պատվիրակի հայտարարությունը եւ հույս հայտներ, որ խաղաղ բանակցությունները, անկախ ամեն ինչից, պետք է շարունակվեն:

Որ Կազանի առկա արդյունքը, այսինքնՙ ստատուս քվոյի պահպանումը պետք չէ նաեւ Հայաստանին ու մանավանդ ԼՂՀ-ին, միանշանակ է: Նախ` ոչ ոք չի ուզենա իր բնակչությանը մշտապես պահել հարկադրված պատերազմի վերսկսման վտանգի տակ, իսկ սահմանում պարբերական կրակոցներն ու սադրանքները խլում են մարդկային կյանքեր եւ խիստ լարվածություն են մտցնում: Բացի սրանից` ստատուս քվոն կամ ԼՂ հիմնահարցի չլուծված մնալը էներգակիրների տարանցիկ գոտի մեր տարածաշրջանում հայկական երկու կողմերին էլ տնտեսապես մեկուսացնում է: Այսինքն` Հայաստանը կոնկրետ, ունենալով չլուծված ԼՂ հիմնահարց, մնում է շրջափակված ու ժամանակ առ ժամանակ ունենում է մարդկային կորուստներ, հետեւաբար` Երեւանին ամենեւին էլ ձեռնտու չէ ստատուս քվոյի պահպանումը, նույնը` նաեւ Ստեփանակերտին: Այժմ եթե հաշվի ենք առնում, որ ստեղծված իրավիճակում մեկը միշտ մեղավոր է, գոնե ավելի շատ, քան մյուսները, ապա ստացվում է, որ Բաքվին, կոնկրետ Իլհամ Ալիեւին, բավական ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը: Եթե Կազանում կողմերը ստորագրեին առաջարկված փաստաթուղթը, ապա, օրինակ, Մինսկի խմբի համանախագահ Վաշինգտոնը հանգիստ կարող էր «խնդրել» իր հաղթանակը վայելող Թայիփ Էրդողանին վերջապես բացել Հայաստանի սահմանը, քանի որ «ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են փաստաթուղթ»: Այսինքն` Անկարայի «ներկայությունը» Կազանում, կոնկրետ Իլհամ Ալիեւի համար, ինչպես մեր թերթն արդեն իսկ նշել է, եղել է: Բացի սրանից, կուտակելով արտասահմանյան միլիոններ, մասնակից լինելով տարածաշրջանային մի շարք տնտեսական ծրագրերի` առնվազն դրանց նախագծերին, Բաքուն չէր ցանկանա տեսնել այնտեղ նաեւ Երեւանին, իսկ նման մակարդակի համաձայնություն ԼՂ հարցով, ինչը կարող էր լինել Կազանում, Երեւանին տալու էին նման հնարավորություններ: Հետեւաբար, մեկուսացնելով Երեւանին, Իլհամ Ալիեւը նպատակ ունի պահպանել ստատուս քվոն այնքան, մինչեւ իր տնտեսական խոշոր գործընկերները` իրենց իսկ ծրագրերն իրականացնելու համար, միակողմանի զիջումներ պարտադրեն Հայաստանին, ինչը Կազանի փաստաթուղթը ամենեւին էլ չէր պահանջում: Այսինքն` Կազանից հետո Բաքվից հնչած հայտարարությունները, թե «մենք դեռ տեսնում ենք բանակցությունները շարունակելու հնարավորություն», հենց այս համայնապատկերում են: Բացի սրանից` Իլհամ Ալիեւը Կազան մեկնեց «ոչ մի բան չտալու» բարձրաձայնած ցանկությամբ: Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նշեց. «Ադրբեջանը չի պատրաստվում տալ ինչ-որ բան նրա դիմաց, ինչը պատկանում է իրեն»: Պետք է նշել, որ Ալիեւի այս բովանդակության հայտարարությունները «խիստ արդարացված են»: Մասնավորապես սկզբում հոր, այնուհետեւ իր ղեկավարության տարիներին Ադրբեջան են մտել հսկայական փողեր, որոնք, սակայն Ադրբեջանում պատկանում են միայն իրեն` Ալիեւին: Վերջինս էլ ադրբեջանցի ժողովրդին այդ գումարների մասին «պարզաբանումներ» տալիս է, թե «բանակն ենք զինում, արդիականացնում, ամրացնում, ավելացնում ռազմական ծախսերը» եւ այլն: Այսինքն` Ալիեւը ժողովրդին գոնե բարոյապես պատրաստում է պատերազմի, որը ինքը երբեք չի սկսելու: Հետեւաբար, եթե նա Կազանում ստորագրեր ներկայացված փաստաթուղթը, որտեղ հարգվում է ինքնորոշման իրավունքը, պետք է պատասխաներ իր իսկ ժողովրդի հարցերին` «Բա էլ ի՞նչ պատերազմ», իսկ ավելի ճիշտ` «Ո՞ւր են մեր փողերը»: Ստացվում է, որ մի կողմից Ալիեւին անձամբ ձեռնտու է ստատուս քվոն պահպանել, մյուս կողմից էլ նա պետք է անպայման նշի խաղաղ բանակցությունները շարունակելու իր պատրաստակամության մասին, գոնե արտասահմանյան դրամական հոսքը նախագահական նստավայր չդադարեցնելու համար: Ահա եւ Կազանի «մեղավորը», կամ «մեղավորները»` ինչպես կուզեք: Ավելացնենք միայն, որ, անկախ ամեն ինչից, Կազանում նախագահ Մեդվեդեւը թերեւս ինչ-որ «խիստ բան» ասել է: Սրա ապացույցներն էլ բավական տեսանելի են. մասնավորապես Ռուսաստանն այն երկիրը չէ, որ պաշտոնապես անփոփոխ թողնի «Կոմերսանտ»-ի հրապարակումը (առհասարակ` մամուլի հրապարակում), եթե ինքը համաձայն չէ դրան: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Մեդվեդեւը ճիշտ հասցեատեր է ընտրել «խիստ տոնով» խոսելու համար, ապա այստեղ էլ ապացույցներ կան: Հիշեցնենք` Կազանի հանդիպման հաջորդ օրը նախագահ Սարգսյանը Մեդվեդեւի հետ հետեւում էր Կազանում անցկացված ձիասպորտի մրցաշարին, իսկ Իլհամ Ալիեւը արդեն Բաքվում էր: Բացի սրանից` Սանկտ Պետերբուրգում եւ Աստրախանում կայացած նույն ձեւաչափով հանդիպումներից հետո, որոնցից առաջինից Ալիեւը «փախուստի դիմեց», ադրբեջանական բանակը դիմեց սադրիչ գործողությունների` երկկողմ մարդկային զոհեր: Այս անգամ, չնայած, Ադրբեջանի նախագահն էլի շուտ վերադարձավ հայրենիք, նման սադրանքներ չեղան. եւ դժվար թե Ալիեւն ինքնուրույն հասկացած լիներ, որ սադրիչ գործողությունները ամենեւին էլ կառուցողական քայլ չեն: «Փոխարենը» հունիսի 26-ին Բաքվում մեծ զորահանդեսով նշվեց Ադրբեջանի զինված ուժերի օրը, ի դեպ, հենց այդ օրը ադրբեջանական զորամասերից մեկում զինվորը սպանեց ծառայակից ընկերոջը: Զորահանդեսում, որտեղ բառ անգամ չխոսվեց ադրբեջանական բանակից` իրական բանակից, Ալիեւի ելույթը մի հատկանշական տարր ուներ: Խոսելով «հզոր ադրբեջանական բանակի եւ մարտունակ զինվորների մասին», Ադրբեջանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը ընդգծեց. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի. մենք այս ուղղությամբ շարունակելու ենք դիվանագիտական ջանքերը»: Անշուշտ` լինի Կազանում, լինի նախքան Կազանը կամ դրանից հետո, Իլհամ Ալիեւին «ինչ-որ մեկը» ինչ-որ բան հասկացրել է, ասենք, պատերազմի վերսկսման ու դրա սպառնալիքների անթույլատրելիության մասին: Կամ միգուցե Իլհամ Ալիեւը, էլի պարտադրված, սկսում է պարզ խոսել իր ժողովրդի հետ, թե «ո՞ւր են իրենց փողերը»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հ. Գ.- Առաջիկայում սպասվում է Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան: Ենթադրելի է, որ այցից հետո կամ ընթացքում, համանախագահները հանդես գան աննախադեպ հայտարարությամբ. օրինակ` բանակցությունների առկա ձեւաչափը փոխելու եւ այնտեղ Ստեփանակերտին ներառելու վերաբերյալ: Ինչո՞ւՙ որովհետեւ Կազանում Բաքուն փաստորեն մերժեց առաջարկված տարբերակը: Իսկ ինչո՞ւ այսքան «հայանպաստ», որովհետեւ Բաքուն մինչ այդ մերժել էր նաեւ միջնորդների առաջարկած տարբերակը` ԼՂ-ի հետ ստեղծելու ընդհանուր պետություն, ու հենց դրանից հետո միջնորդների բոլոր առաջարկություններում մտավ ու ամրապնդվեց ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահպանման պարտադիր սկզբունքը: Այսինքնՙ բանակցությունների տրամաբանությունն է հուշում, որ ժամանակն է կարծես «ընդհանուր պետությունն» ու ինքնորոշման իրավունքը մերժողին ներկայացնել, իսկ գուցե եւ պարտադրել ուղիղ երկխոսություն ինքնորոշված Արցախի իշխանությունների հետ: Չէ՞ որ, ինչպես Կազանի հանդիպման նախորդ օրը Սարգսյան-Օբամա հեռախոսազրույցի մեջ հատուկ ընդգծեց ԱՄՆ նախագահը, «Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները պետք է ապրեն խաղաղության պայմաններում»: Ինչպես նկատում ենք` Օբաման, թեկուզ առայժմ միայն բառապաշարով, «բանակցությունների ձեւաչափը փոխել է»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4