«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2011-06-29 | #120, 2011-06-30 | #121, 2011-07-01


ԱՊՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ՍՊԱՆՎԵԼՈՒ ԴԵՊՔԸ

Գլխավոր դատախազության կայքէջը տեղեկացնում է. ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդն Ադրբեջանի դատախազությանն առաջարկել է քննարկել ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանիՙ 2010 թվականի հոկտեմբերին Բաքվում սպանվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության իրավական փոխօգնության հարցումը եւ արդյունքների մասին հայտնել համակարգող խորհրդին եւ ՀՀ գլխավոր դատախազությանը:

Տեղեկատվության մեջ հիշեցվում է, որ որ 2010թ. նոյեմբերի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել 2010թ. հոկտեմբերին Բաքու քաղաքում սպանված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Մամիկոնի Սարիբեկյանի դիակը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ճամբարակի քննչական բաժնում 2010թ. նոյեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 5-րդ եւ 13-րդ կետերով (առանձին դաժանությամբ եւ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով կատարված սպանություն): Սույն քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը:

Քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ ամբողջությունն ապահովելու համար, առաջնորդվելով 22.01.1993թ. կնքված «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայովՙ ՀՀ գլխավոր դատախազը 2010թ. դեկտեմբերի 14-ի գրությամբ դիմել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Զակիր Գարալովին` վերը նշված քրեական գործի քննությանն աջակցելու ակնկալիքով: Ադրբեջանի դատախազությունը չի արձագանքել ՀՀ գլխավոր դատախազության գրավոր հարցմանը: Նկատի ունենալով, որ հարցման պատասխանը էական նշանակություն ունի քրեական գործով նախաքննության լրիվությունը ապահովելու համար ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի ապրիլի 5-ին նամակով դիմել էր նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայինՙ խնդրելով աջակցել գրության պատասխան ստանալուն: Համակարգող խորհուրդն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի գրությանը եւ առաջարկել Ադրբեջանի դատախազությանը քննարկել կոնկրետ քրեական գործով իրավական փոխօգնության վերաբերյալ Հայաստանի գլխավոր դատախազության հարցումը եւ արդյունքների մասին տեղեկացնել ինչպես համակարգող խորհրդին, այնպես էլ Հայաստանի գլխավոր դատախազությանըՙ հնարավորինս սեղմ ժամկետներում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4